Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքապետարանը դեռեւս մարում է Ղուկասյանից ժառանգած պարտքերը


Գյումրիի նախկին քաղաքապետի թողած մեկ միլիարդից դրամից ավելի պարտքի մի մասը քաղաքապետարանը մարել է, մյուս մասը Ֆինանսների նախարարության անցկացրած ստուգումների արդյունքում որպես պարտք չի ճանաչվել:

Պարտք չի ճանաչվել, մասնավորապես, Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման օրոք փոսային նորոգումներ իրականացրած «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ի՝ 424 մլն դրամ պարտքը: Ընկերությունը, սակայն, դատական գործ է հարուցել ընդդեմ քաղաքապետարանի և պահանջում է իր գումարները: Գործը դեռ քննության փուլում է:

Իսկ ահա «Աջակից ընկերներ» ընկերությունը, որի գազալցակայաններում լիցքավորվել են քաղաքապետարանի ավտոմեքենաները, շահել է դատը․ քաղաքապետարանի պարտքը կազմում է մոտ 4 մլն դրամ:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը խիստ դժգոհ է․ - «Գումար եմ փոխանցելու ստիպված, որը լումա-լումա ես հավաքում եմ: Շատ վիրավորական է․․․ Համայնքի շահը պետք է վեր դասենք անձի շահից»:

Այդուհանդերձ, քաղաքապետարանը, որը այդ պարտքի մարման ժամանակացույց էր կազմել, չի պատրաստվում բողոքարկել դատարանի որոշումը․ - «Որպեսզի ես տույժ ու տուգանքների մեջ չընկնեմ․․․ ավելի լավ է վճարեմ, որպեսզի կարողանամ ձերբազատվել հետագա խնդիրներից»:

Քաղաքապետարանը, իր հերթին, դատի է տվել Տարոն Գասպարյանին, ում նախկին քաղաքապետի օրոք 99 տարով վարձակալության են հանձնվել Գյումրիի կենտրոնում գործող 15 ավտոկայանատեղիները։ Քաղաքապետարանը դիմել է դատարան՝ պայմանագիրը չեղյալ համարելու հայցով:

«Մենք լուծարեցինք պայմանագիրը, բայց կադաստրը չհաստատեց, դրանից հետո դատարան դիմեցինք: Հիմա գործը դատարանում է, տեսնենք ինչ լուծում կունենա», - մանրամասնեց Բալասանյանը:

Խնդիրներ կան նաեւ Անշարժ գույքի և կադաստրի Գյումրիի ստորաբաժանման հետ:

«Գույքահարկ հավաքելու համար կադաստրը բազա չի տրամադրում», - դժգոհեց Սամվել Բալասանյանը: - «Մեզ բազան է պետք, եթե չունենք բազա, ո՞նց հարկեր հավաքենք: Տեսնում ես, ասենք, որ «Կանգառ» խանութը ձևակերպված է որպես բնակարան: Կամ կադաստրի շենքում, որտեղ մարդը նստած է, դա բնակարան է․․․ Այսինքն այն գույքահարկը, որը պետք է մեզ տրվեր, այդ գույքահարկը քիչ է գալիս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG