Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյանը շրջանցել է նստացույցի թեման


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր հրավիրած ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ շրջանցել է արդեն չորրորդ օրը քաղաքապետարանի առջև շարունակվող նստացույցի թեման:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց խորհրդակցությանը մասնակցած ավագանու «Բարև, Երևան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, իր տպավորությամբ Տարոն Մարգարյանը մտադիր չէ որևէ փոխզիջման գնալ և կատարել ակտիվիստների պահանջները։

«Բացարձակ չխոսվեց այն մասին, թե ինչ տեղի ունեցավ Երևանում անցյալ շաբաթվա ընթացքում, սա ի՞նչ էր նշանակում, ինչո՞ւ այսպես եղավ, ովքե՞ր էին պատասխանատուները... որևէ մտահոգություն ես չզգացի, չտեսա, ամեն մարդ իր տեղում էր, համենադեպս, բարձր տրամադրություն էր, որ «ինչ ուզում եք արեք, մենք մեր տեղում ենք՝ պինդ ու ապահով, անկախ նրանից, երևանցի, դու ապահով ես, թե՝ չէ, ես ապահով եմ իմ տեղում»»,- ասաց Բախշյանը։

Փոխարենը Երևանի քաղաքապետն այսօր հանձնարարական է տվել քայլեր ձեռնարկել շահագրգիռ բոլոր կողմերից ներկայացուցիչների ներգրավվելու նոր ձևավորվելիք հանձնաժողովում, որը պետք է քննարկի ուղեվարձը վերանայելու իր որոշումը:

Քաղաքապետարանի առջև բողոքի ակցիան շարունակող ակտիվիստները մինչդեռ, մտադիր չեն մասնակցել այս հանձնաժողովի աշխատանքներին: Ինչպես ընդգծում էր «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության անդամ Վահագն Մինասյանը, բարեփոխումների մասին խոսելուց առաջ Տարոն Մարգարյանը նախ պետք է պաշտոնանկ անի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ընկերության ղեկավար Միսակ Համբարձումյանին։

«Չենք պատրաստվում կլոր սեղանի շուրջ և բանակցել քրեաօլիգարխիկ տարրերի, անբարեկիրթ, ապօրինի որոշումներ կայացրած և իրականացնելու փորձ կատարած անձանց հետ։ Երբ կկատարվեն մեր պահանջները, այն ժամանակ կանդրադառնանք մյուս հարցերին»,- ասաց Մինասյանը։

Քաղաքային իշխանությունները առայժմ որևէ կերպ չեն արձագանքել ակտիվիստների պահանջներին: Սակայն, արդեն երրորդ գիշերն է քաղաքապետարանի աշխատակիցները միացնում են ոռոգման համակարգը՝ խոտածածկը ջրելու նպատակով, անջատում են հարակից լուսավորությունը, ինչպես նաև պարբերաբար տարածքով անցնում են ջրցան մեքենաներ, որոնք մեծ շիթերով ջուր են բաց թողնում նստացույցի մասնակիցների ուղղությամբ:

Այսօր կեսօրից էլ ոռոգման համակարգը դարձյալ միացվեց և րոպեներ անց ոչ միայն խոտածածկը, այլև հարակից մայթն ամբողջության ջրի մեջ էր: Ակտիվիստները քաղաքապետարանի այս գործելաոճը «ամոթալի և ծիծաղելի» են գնահատում։

Այսօր տարածած հայտարարությամբ ակտիվիստներն նշում են, թե ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը ընկնում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վրա: Ուստի, եթե նստացույցի մասնակիցները անհապաղ չապահովվեն կանգնելու համար անհրաժեշտ մայթով, ստիպված են լինելու կանգնել հենց քաղաքապետարանի առջևի փողոցում՝ խոչընդոտելով երթևեկությունը։ Երիտասարդները Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի մեծադիր նկարները դրել են խոտածածկին և մայթեզրին «Չենք հանդուրժելու անպատժելիությունը» գրությամբ: Օրվա ընթացքում ցուցարարներին աջակցություն հայտնելու են գալիս երևանցիներ, սուրճ, սնունդ բերում: Տասնյակ ոստիկաններն իրենց հերթին հսկում են տարածքը. իրավապահները շուրջօրյա պատ են կազմել՝ շրջափակելով շենքի մուտքը: Նույնիսկ քաղաքապետարանի աշխատակիցները շենքին մտնելու համար ստիպված են իրենց վկայականները ցույց տալ ոստիկաններին:

Անահիտ Բախշյանը միանում է հրաժարականների պահանջին, պնդում է՝ նաև Տարոն Մարգարյանի անունը պետք է ավելանա, ավագանու ընդդիմադիր անդամը կասկած էլ չուներ, որ քաղաքապետը հենց այսպես էր կառուցելու խոստացած «ավելի լավ Երևանը»։

«Ո՞ր մեկին պաշտոնանկ անի, պիտի բոլորը իրար հետ գնան, ոչ միայն Նավասարդյանը, այլև բոլոր այն մարդիկ, ովքեր իրենք գծատերեր են և այդ հանձնաժողովներում որոշում են կայացրել, նրանք բոլորը պիտի հրաժարական տան։ Մարդը կարո՞ղ է քվեարկի մի որոշման դեմ, որի մեջ ինքը շահագրգռված է, չի կարո՛ղ, իսկ այստեղ բոլորը մեկը մեկից յուղոտ երթուղիներ ունեն և քվեարկում են թանկացման համար»,- ասաց Բախշյանը։
XS
SM
MD
LG