Մատչելիության հղումներ

Հրաչյա Հարությունյանի փաստաբանը խոսում է «համակարգային անտարբերության» մասին


Ցույց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ ի պաշտպանություն Հրաչյա Հարությունյանի, 16-ը հուլիսի, 2013թ․
Ցույց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ ի պաշտպանություն Հրաչյա Հարությունյանի, 16-ը հուլիսի, 2013թ․

Ռուբեն Մարգարյանը Երևանում Կարեն Անդրեասյանի հետ հանդիպմանը համոզմունք է հայտնել, որ կանացի հագուստի միջադեպը կապ չունի ազգային պատկանելության հետ:

Փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ով իրականացնում է Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարից հետո Ռուսաստանի քրեական օրենսգրքի 264 հոդվածի 4-րդ մասով մեղադրվող և այժմ «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանում գտնվող Հրաչյա Հարությունյանի պաշտպանությունը, երկուշաբթի օրը Երևանում հանդիպել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ:

Հարցերը, որոնք ուղղակիորեն վերաբերում էին քրեական գործի մանրամասներին, օմբուդսմենի աշխատակազմը իր հաղորդագրությունում «հասկանալի պատճառներով» չի ներկայացնում, սակայն հրապարակում է կասկածյալի պահման և նրան դատարանի դահլիճ կանացի հագուստով բերման հանգամանքների վերաբերյալ փաստաբան Ռուբեն Մարգարյանի փոխանցածը:

«Օրերս՝ հուլիսի 23-ին, ես հանձն եմ առել այս գործը, իսկ արդեն հուլիսի 24-ին ես և իմ գործընկերները քննիչից ստացել ենք մեկուսարանում մեղադրյալին այցելելու թույլտվություն, և հուլիսի 25-ին ես անձամբ հանդիպել եմ Հրաչյա Հարությունյանին «Մատրոսսկայա տիշինա»-ում: Պահման պայմանները լիովին բավարար են, նա դուրս է գալիս շոկից, բայց դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բուժօգնություն», - Հայաստանի օմբուդսմենին հայտնել է Հարությունյանի փաստաբանը՝ շարունակելով․ - «Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոսը թույլտվություն է խնդրել, որպեսզի եկեղեցու ներկայացուցիչները մուտք գործեն Հարությունյանի մոտ: Նման վիճակում հոգևոր աջակցությունը խիստ անհրաժեշտ է մարդուն, և մենք քայլեր ենք ձեռնարկում այդ հանդիպումը կազմակերպելու համար»:

«Ինչ վերաբերում է կասկածյալին դատարանի դահլիճ կանացի հագուստով բերման ենթարկելու հանգամանքին, որը բոլորի մոտ վրդովմունք առաջացրեց, ապա ես վստահ եմ, որ պատկան մարմինները կտան իրենց գնահատականը այդ փաստին, և մարդու իրավունքների նման խախտումը անհետևանք չի մնա: Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատունը արդեն իսկ համապատասխան դիմում է ուղարկել, իսկ ես իմ կողմից կարող եմ ասել, որ և՛ որպես Հրաչյա Հարությունյանի փաստաբան-պաշտպան, և՛ որպես Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությանը կից գործող Հասարակական խորհրդի անդամ, մտադիր չեմ անուշադրության մատնել այս հարցը և վերաբերվել դրան որպես քիչ կարևորություն ունեցող հանգամանքի, ավելին, պատրաստվում եմ այն հասցնել տրամաբանական ավարտի», - հայտարարել է Ռուբեն Մարգարյանը:

Փաստաբանը ակնհայտ է համարում, որ այս միջադեպը որևէ կապ չունի մեղադրյալի ազգային պատկանելության հետ՝ «սա պարզապես ակնառու օրինակ է մարդու հանդեպ «համակարգային անտարբերության», ով քրեական դատավարության գործընթացում հայտնվել է կասկածյալ-մեղադրյալ կարգավիճակում»: «Այստեղ դժվար է մատնանշել մեկ չինովնիկի, ով թույլ է տվել իրավախախտում մի մարդու հանդեպ, ով տրավմայի և դեղորայքի արդյունքում այդպես էլ չէր հասկանում, թե ուր են իրեն տանում», - ասել է Մարգարյանը և մանրամասնել․ - «Քննիչը, իբր, պարտավոր չէր հետևել նրան, թե ինչ հագուստով մեղադրյալին կտանեն դատարան. նրա խնդիրն էր դատարան ներկայացնել կալանքի տակ վերցնելու մասին միջնորդություն, իսկ մացածը, իբր, դուրս էր նրա պատասխանատվությունից: Ուղեկցողները ևս իբր կապ չունեին. այդ պահին ձերբակալվածի համար պատասխանատու էր ոչ թե Պատժի կրման դաշնային ծառայությունը, այլ ներքին գործերի նախարարությունը, իսկ ինչ վերաբերում է ոստիկաններին, նրանք պարզապես հսկում էին ձերբակալվածին հիվանդանոցում: Բժիշկները, ովքեր կտրել էին հիվանդի հագուստը օգնություն ցուցաբերելու համար, իբր պարտավոր չէին նրա համար այլ հագուստ փնտրել, առավել ևս, որ հիվանդին հիվանդանոցից որևէ տեղ տանելը նրանց նախաձեռնությունը չէր»:

«Իսկ դատավո՞րը... Ահա դատավորը, ի դեպ, հենց այն անձն է, ով պարտավոր է դատարանի դահլիճում հետևել կարգուկանոնին, նա դատարանում գլխավորն է, և տարօրինակ է, որ նրա մոտ հարց չի առաջացել, թե ինչու մեղադրյալը, լինելով տղամարդ, կանացի հագուստով է», - ընդգծել է փաստաբանը՝ հավելելով․ - «Գուցեև դատավորը մտածել է այդ հարցի շուրջ, սակայն ուշ է եղել, քանի որ դատարանի դահլիճ արդեն մուտք էին գործել լրատվամիջոցները, և կանացի հագուստով լուսանկարը, որը հետագայում դարձավ համընդհանուր քննարկաման առարկա, արդեն արվել էր»:

«Ոչ ոք իբր մեղավոր չէ, բայց ստացվում է, որ բոլորը պարզապես անտարբեր էին: Այդ պատճառով էլ դա կարելի է անվանել «համակարգային անտարբերություն», որը չի կարելի հաղթահարել միայն ուղեկցող ոստիկանին նկատողություն տալով: Կրկնվեմ՝ բոլոր դեպքերում այս հարցը մենք տրամաբանական ավարտին կհասցնենք», - ընդգծել է Ռուբեն Մարգարյանը:
XS
SM
MD
LG