Մատչելիության հղումներ

Կառավարությունը ծրագրում է խթանել ծնելիությունը 18-20 տարեկան կանանց շրջանում


Հայաստանի կառավարությունը ցանկանում է խթանել ծնելիությունը 18-20 տարեկան աղջիկների շրջանում։ Սա որպես գերակա խնդիր ներառվել է կառավարության 2013 թվականի ծրագրում։

Մինչև 20 տարեկանների շրջանում ծնելիությունը խթանելու, ինչպես նաև մատչելի բնակարանների ձեռքբերումը բարելավելու և մարզաբնակ երիտասարդներին բիզնես վարկեր տրամադրելու միջոցով կառավարությունը նպատակ ունի առողջացնել Հայաստանում ժողովրդական պատկերը, այդ թվում՝ կանխել արտագաղթը։

Ուշագրավ են հատկապես այն մեթոդները, որոնցով կառավարությունը նպատակ ունի խթանել ծնելիությունը 18-20 տարեկան կանանց շրջանում։ Մասնավորապես, սպորտի և երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ եթե 18-20 տարեկան աղջիկները ամուսնանան և մայրանան, ապա կառավարությունը դրա դիմաց պատրաստ է սուբսիդավորել երիտասարդ մայրերի ուսման վարձը։ Փոխնախարարը վստահ է, որ աղջիկները հետաքրքրված կլինեն այս ծրագրով, սակայն ասաց՝ կոնկրետ տվյալներ չունի, թե այդ տարիքային խմբի աղջիկներից քանիսը կցանկանա այդ տարիքում մայրանալ։

«Բայց այն, որ մեր գերակա խնդրի սահմանումը հիմնված է միջազգային փորձի լրջագույն ուսումնասիրության, մյուս կողմից էլ մեզանում կատարված լայնածավալ ուսումնասիրողական նյութի արդյունքների հիման վրա կարող ենք վստահ լինել»,- ասաց Քարամյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է նախարարությունը ցանկանում խթանել ծնելիությունը հենց 18-20 տարեկան աղջիկների շրջանում, Քարամյանը, կրկին հղում անելով տարբեր ուսումնասիրություններին, ընդգծեց, որ եթե մինչև 20 տարեկանը կինը մեկ երեխա է ունենում, ապա 24 տարեկանում հաջորդում է երկրորդ երեխայի ծնունդը։

Պարզ է, որ ծնելիության խթանումը միակողմանի գործընթաց չէ, այսինքն անհրաժեշտ են տղաներ, ովքեր պատրաստ են ամուսնանալ և երեխաներ ունենալ։ Մինչդեռ պոտենցիալ հայրերից շատերը այսօր աշխատանք չունեն, բնակարանային խնդիրներ ունեն, որոնց պատճառով էլ ձգձգում են ամուսնությունը։ Հարցին, թե արդյոք այս հանգամանքը չի վնասի՞ ծնելիությունը խթանելու իրենց ծրագրին, փոխնախարարը պատասխանեց. -«Ամուսնության ցանկության պարագայում դրանք լուծվող խնդիրներ են»։

Չնայած սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարարի խիստ լավատեսությանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ կառավարության հերթական այս ծրագիրը դատապարտված է «մեռելածին լինել»։

«Տղաների զգալի մասը արդեն իսկ լուրջ տագնապ ունի ընտանիքի նյութական միջոցները ապահովելու հարցերում և մաքսիմում ձգձգում են ամուսնությունը։ Չեմ կարծում, որ 18 տարեկան աղջիկները խիստ պիտի գայթակղվեն այս ծրագրով և չարտագաղթեն, և երկրորդ՝ չեմ կարծում, որ 18 տարեկան աղջիկները այդքան արագ պիտի գտնեն համապատասխան պարտնյոր։ Ճիշտ այնպես, ինչպես երկրորդ, երրորդ երեխաների համար ինչ-որ նվազագույն գումարների նախատեսումը չխթանեց ոչ ծնելիությունը, ոչ էլ մեղմացրեց արտագաղթը, այս ծրագիրը նույնպես դատապարտված է մեռելածին լինել»,- ասաց Խառատյանը։

Ազգագրագետի համոզմամբ՝ եթե կառավարությունն արտագաղթը կանխելու համար ուզում է ռեալ քայլեր ձեռնարկել, ապա միակ բանը, որ պետք է անի, ապա արդարադատության և իրավապահ համակարգը կարգի բերելն է։ Այդ մարմինները չպետք է քաղաքական կախվածություն ունենան իշխանությունից և պետք է օրենքին ծառայեն, ասաց նա։

Կառավարության այս ծրագրի հնարավոր մասնակիցները բավական զվարճանում էին, երբ լսում էին դրա մասին։ Երիտասարդ աղջիկները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում տրամաբանական հարցադրումներ էին անում, թե ուսման վարձի սուբսիդավորմամբ հնարավո՞ր է երեխա պահել, և շեշտում, որ ընտանիք պահելու համար երիտասարդը ոչ թե ուսման վարձի կարիք է զգում, այլ լավ վարձատրվող աշխատանքի։
XS
SM
MD
LG