Մատչելիության հղումներ

Հուլիսի 26-ի մամուլ


Մամուլը, ինչպես և սպասվում էր, լայնորեն անդրադարձել է ուղեվարձի բարձրացման մասին որոշումը կասեցնելուն:

«Ժամանակ» օրաթերթը գրում է․ - «Եթե համեմատելու լինենք այս հաղթանակը այն խնդիրների հետ, որոնք կանգնած են Հայաստանի քաղաքացիների առաջ որպես հասարակություն, և նաև որպես պետության կրող քաղաքացիներ, ապա հաղթանակը ոչ միայն փոքր, այլ միգուցե նույնիսկ չնչին կթվա: Սակայն իրականում հաղթանակի մեծ ու փոքրը տվյալ դեպքում պետք է դիտարկել այլ չափիչներով և չափորոշիչներով, և այս տեսանկյունից սա քաղաքացու հաղթանակն էր նախևառաջ ինքն իր նկատմամբ, իր մեջ նստած ստերեոտիպերի, նաև քարոզչական ստերեոտիպերի նկատմամբ, որոնք տարբեր ձևերով հուսահատություն էին գուժում: Իրականում քաղաքացին ցույց տվեց, որ եթե հիասթափված է քաղաքական ուժերից, դա ամենևին չի նշանակում հիասթափություն ինքն իրենից, իր կամքից և իր վճռականությունից»:

«Հրապարակ» թերթի խմբագրականում կարդում ենք․ - «Ահա նա՝ հաղթանակի էյֆորիան, որ արբեցնում է, սեփական ուժի ու գերազանցության զգացում պարգևում, ականջին շշնջում՝ ամեն նպատակ հասանելի է, որքան էլ որ սկզբում այն անհաղթահարելի Էվերեստ թվա: Ահա այն պարտությունը, որից պաշտոնյայի սիրտը կծկվում է, սարսափի, տագնապի, աթոռն ու իշխանությունը կորցնելու անորոշ վախ ծնում, ստիպում մտածել անուրախ ապագայի մասին: Երեկ Երևանում այսպիսի մթնոլորտ էր՝ հաղթանակի ու պարտության զգացումներով համեմված: «50 դրամանոց» հաղթանակը, որ Մաշտոցի պուրակից հետո քաղաքացիական հասարակության երկրորդ հաղթանակն էր, նոր հորիզոններ է բացում մեր երկրում: Այն վկայում է նոր, երիտասարդ, պայքարի ընդունակ սերնդի գոյության մասին: Սերունդ, որն ի վիճակի է համախմբվել, դուրս գալ փողոց, պայքարել իր և այլոց իրավունքների համար: Սերունդ, որը վախի, զգուշության, ստրկամտության որակներից զուրկ է, ստեղծագործող միտք ունի և մարդկային դեմք»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է․ - «Իշխանությունը դիմացավ ընդամենը մի քանի օր և տեղի տվեց: Պարտվեց: Եվ ո՞վ է այդ երկրի տերը: Եթե փորձենք նկարագրել այդ կերպարը, ապա պատկերը կլինի մոտավորապես այսպիսին՝ երիտասարդ, կենսուրախ, աղմկոտ, լուսավոր, հանդուգն, դրական էներգիայով լի, ինքնագլուխ, մի քիչ անդաստիարակ, բավականին կրթված, բարդույթների տակ չկքած: Ամեն երկիր չէ, որ նման տեր ունի: Ու այս առումով մեր երկրի ապագայի համար կարելի է մի քիչ ավելի հանգիստ լինել»:

«Հայոց Աշխարհ» թերթը դիտարկում է․ - «Երիտասարդության ջանքերով սկիզբ առած պայքարն ունի մի հիմնական առանձնահատկություն. առաջին գծի վրա ոչ թե քաղաքական կուսակցություններն են, այլ երիտասարդական խմբերն ու կազմակերպությունները, որոնց քայլերի շարժառիթների շուրջ մամուլում արվող ենթադրությունները որևէ կերպ չեն փոխում հարցի էությունը։ Հայաստանում քաղաքականությունն աստիճանաբար դառնում է ոչ թե կարգավիճակի կամ ստատուսի իրացման միջոց, այլ հասարակական ակտիվության ու նախաձեռնողականության արտահայտություն։ Այս իրողությունը լուրջ մարտահրավեր է մինչև օրս Հայաստանում գործող բոլոր կուսակցությունների համար, որոնց «պետականացման» աստիճանը կամ մեկուսացումը հասել է այն վտանգավոր սահմանագծին, երբ քաղաքականությունը դուրս է գալիս կուսակցական պատյաններից ու հորդում է դեպի հրապարակներ»։

Անդրադառնալով Տարոն Մարգարյանի որոշմանը՝ «Օրակարգ» թերթը գրում է․ - «Տարոն Մարգարյանը միաժամանակ զգուշացնում է, որ թանկացումներն անխուսափելի են մոտակա ամիսներին: Սրանով նա փորձում է փրկել իր դեմքը, քանի որ եթե խոստովաներ, որ սխալ որոշում է կայացրել, պարտավոր էր հիմնավոր բացատրություն ներկայացնել, ինչը բավական դժվար էր լինելու, եթե չասենք՝ անհնար: Այդ դեպքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետագա պաշտոնավարման խնդիրը դրվում էր հարցականի տակ: Եթե Տարոն Մարգարյանը հանրային շահին հակասող որոշում է կայացրել, ապա սա ենթադրում է, որ նա առնվազն չի տիրապետում իրավիճակին և վատ մենեջեր է: Այս պարագայում առաջանալու էր նրա հրաժարականի պահանջը, ուստի այդ հեռանկարից խուսափելու համար գործող քաղաքապետն ընտրեց միջանկյալ տարբերակը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG