Մատչելիության հղումներ

Քոնդոլիզա Ռայսը` Վրաստանի վարչապետի խորհրդական


Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը պատրաստ է աջակցել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կառավարությանը, որպեսզի վերջինս առավել լավ կողմնորոշվի վաշինգտոնյան ներքաղաքական կուլիսներում, այդ մասին ռուսական «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է Վրաստանի խորհդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Թեդո Ջափարիզձեն, ընդգծելով, որ Ռայսի հետ հանդիպումը տեղի է ունեցել վրացական պատվիրակության՝ Միացյալ Նահանգներ կատարած վերջին այցի ժամանակ:

«Մենք հանդիպեցինք Կալիֆորնիայում՝ Սթենֆորդի համալսարանում, որտեղ Քոնդոլիզա Ռայսը քաղաքագիտության պրոֆեսոր է: Դա շատ լավ, ջերմ հանդիպում էր, որի ընթացքում նա անձամբ առաջարկեց օգտագործել իր փորձն ու գիտելիքները»,- ասել է Ջափարիձեն, ում խոսքով, չորս տարի շարունակ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարած Ռայսը արդեն իսկ մի շարք խորհուրդներ է տվել վրացական պատվիրակությանը՝ տարածաշրջանի անվտանգության և Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ:

Թե կոնկրետ ինչ ձևաչափ կունենա և ինչպես կիրականացվի Վրաստանի կառավարության և Քոնդոլիզա Ռայսի համագործակցությունը՝ կորոշվի այս շաբաթվա ընթացքում, փորձագետները, սակայն, արդեն իսկ փաստում են, որ նախկին պետքարտուղարի հետ ձեռք բերված համաձայնությունը շատ կարևոր հաղթաթուղթ կարող է դառնալ Իվանիշվիլիի «Վրացական երազանքի» համար՝ ոչ միայն Արևմուտքի հետ հարաբերությունները սերտացնելու, այլև երկրի ներսում առավել մեծ աջակցություն ստանալու առումով: Բանն այն է, որ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ընդդիմադիր թևը՝ Սաակաշվիլիի ճամբարը, հետևողականորեն լուրեր է տարածում, թե Իվանշվիլիի վարչապետությամբ Վրաստանը կորցնում է ռազմավարական հարաբերությունները Արևմուտքի, նախ և առաջ՝ Միացյալ Նահանգների հետ: Մինչդեռ այս համաձայնությամբ Իվանիշվիլին ամրապնդում է դիրքերն ու հստակ ընդգծում, որ ինքը Սաակաշվիլիից ոչ պակաս բարեկամներ ու աջակիցներ ունի դրսում:

«ԴԺվար է գտնել մեկին, ով կարող է Ռայսից ավելի հմուտ ու օգտակար խորհուրդներ տալ Իվանշվիլիին՝ ամերիկյան ներքաղաքական կյանքում կողմնորոշվելու համար»,- ռուսական «Իզվեստիա»-ին ասել է Վրաստանի «Անկախ փորձագետների ակումբի» նախագահ Սոսո Ցիսկարիշվիլին՝ ընդգծելով, որ Ռայսը բավական սերտ կապեր ունի թե՛ դեմոկրատական, թե՛ հանրապետական ճամբարի հետ, բացի այդ՝ շատ լավ ծանոթ է Վրաստանի ներքին անցուդարձին, և բաց է ինչպես վրացական, այնպես էլ միջազգային մամուլի համար:

Հիշեցնենք՝ արդեն մի քանի ամիս է Վրաստանի կառավարությանը նաև խորհրդատվական աջակցություն է տրամադրում Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով նախկին հանձնակատար Թոմաս Համմարբերգը, ով վարչապետ Իվանիշվիլիի հրավերով օգնում է նոր կառավարությանը՝ եվրոպական չափանիշներին համապատասխան բարեփոխումներ անցկացնել և առավել ճշգրիտ կողմնորշվել «եվրոպական խոհանոցում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG