Մատչելիության հղումներ

Դինքը կդառնա Pink Floyd-ի հիմնադիրներից Ուոթերսի համերգի հերոսը


2007-ին թուրք ազգայնականների կողմից սպանված Հրանտ Դինքը կդառնա աշխարհահռչակ Pink Floyd խմբի հիմնադիրներից մեկի` Ռոջեր Ուոթերսի` օգոստոսի 4-ին Ստամբուլում կայանալիք համերգի գլխավոր հերոսներից մեկը: Այս մասին տեղեկացնում է թուրքական մամուլը:

Աշխարհի ամենահայտնի ռոք երաժիշտներից մեկն իր եվրոպական շրջագայության ընթացքում ներկայացնում է Pink Floyd-ի տասնմեկերորդ, թերևս ամենահայտնի ալբոմում` 1979-ին թողարկված The Wall-ում տեղ գտած երգերը:

Hurriyet-ի փոխանցմամբ Ստամբուլի տեխնիկական համալսարանի մարզադաշտում կայանալիք համերգի բեմական դեկորացիան իրենց մի մեծ` 120 մետրանոց պատ է ներկայացնելու, որի վրա էլ հենց փակցված կլինեն Հրանտ Դինքի, ինչպես նաև 1993 թվականին Թուրքիայում սպանված մեկ այլ լրագրողի` Ուղուր Մումջույի լուսանկարները:

Ուոթերսի համերգի երրորդ հերոսը կլինի Թուրքական Հանրապետության` ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին վարչապետ Ադնան Մենդերեսը, ով 1960 թվականին մահապատժի ենթարկվեց հեղաշրջում իրականացրած զինվորականների կողմից:

Ի դեպ, չի բացառվում, որ Ուոթերսի ստամբուլյան համերգը սահուն կերպով վերածվի հունիսից Թուրքիայում սկիզբ առած հակակառավարական բողոքի ակցիաների շարունակությանը: «Գեզի» զբոսայգու բողոքի ակցիաների մեկնարկից մի քանի օր անց երաժիշտը հանդես էր եկել եկավ բաց նամակով` ուղղված թուրքական երիտասարդությանը:

«Ես ձեր կողքին եմ, մենք բոլորս ձեր կողքին ենք: Դու շատ իրավացի եք, երբ դիմադրում եք ավտորիտարիզմին և բռնաճնշումներին: Որքան ես եմ հասկանում համացանցում հայտնված տեղեկություններից, դուք դիմադրում եք մոլեռանդ կրոնապաշտներին: Թուրքիան ձեր երկիրն է և մենք աջակցում են ազատության համար մղվող ձեր պայքարին: Միաժամանակ, դուք պետք է գիտակցեք, թե որքան կարևոր է ձեր պայքարը ողջ աշխարհի համար», - նշել է Ուոթերսը՝ հավելելով․ - «Ձեր մեծ երկիրը գտնվում է արևելքի և արևմուտքի խաչմերուկում: Կոստանդնուպոլիսը համաշխարհային քաղաքակրթության լեգենդներից մեկն է»:

Ի դեպ, աշխարհահռչակ երաժշտի հայտարարության այս վերջին հատվածն առաջացել էր թուրքական հանրության մի զգալի մասի նյարդային արձագանքը: Բողոքի ակցիաներին մասնակցող թուրք ազգայնականներից մեկը Ուոթերսի անձնական էջում նույնիսկ գրել էր․ - «Իհարկե, շատ շնորհակալ ենք ձեր աջակցության համար: Պարզապես ցանկանում եմ տեղեկացնել, որ այս քաղաքն արդեն մի քանի հարյուրամյակ է, ինչ դադարել է Կոստանդնուպոլիս կոչվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG