Մատչելիության հղումներ

Հուլիսի 20-ի մամուլ


Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ «Չորրորդ իշխանությունը գրում է․ - «Թանկացման այս ամբողջ պատմության մեջ ամենաահավորն այն ցինիզմն է, որով իշխանությունները ծաղրում են բնակչությանը՝ հնարավոր բոլոր առիթներով հեգնելով, թե միևնույն է՝ Հայաստանում սոցիալական բունտը բացառված է, մարդիկ կաղմկեն-կաղմկեն ու գլուխները կախ կհամակերպվեն»: Հոդվածագրի գնահատմամբ, այս դեպքում «հակամարտող կողմերի»՝ իշխանությունների և ժողովրդի համար հարցն ունի և՛ քաղաքական, և՛ ֆինանսական բաղադրիչներ․ - «Իշխանությունների համար տրանսպորտի թանկացման քաղաքական բաղադրիչը հետևյալն է. գծատերերը, ինչպես հայտնի է, հիմնականում օլիգարխներ են կամ բարձրաստիճան պաշտոնյաներ, բայց համակարգում կան նաև այլ օղակներ՝ «գիծ» նայողներ, «նալոգ հավաքողներ», «մոյկա աշխատացնողներ» և այլն: Երևի տեսած կլինեք. որպես կանոն՝ սրանք այն հաստավիզ ջահելներն են, որոնց հիմնական զբաղմունքը երթուղիների «կանեցներում» բլոտ խաղալն ու խեղճուկրակ վարորդներին «աշխատցնելն» է: Ընդ որում՝ հենց այդ նույն ջահելներն են տեղերում կազմակերպում ընտրակեղծիքները, մարդկանց տանում տեղամասեր և այլն, ու հիմա այդ «կուտոկները» փոխհատուցում են պահանջում: Սրանց միջոցով «ընտրված» իշխանություններն էլ, բնականաբար, չեն կարող մերժել: Ժողովրդի համար նույնպես այս հարցն ունի և՛ սոցիալական և՛ քաղաքական բաղադրիչ: Սոցիալական տեսանկյունից տրանսպորտի 50 տոկոս թանկացումը նույնն է, ինչ հացի թանկացումը 100 տոկոսով (ուղղակի կրկնակի), որովհետև միջին վիճակագրական (4 հոգանոց) ընտանիքը հացի վրա ծախսում է օրական մոտ 350 դրամ, իսկ տրանսպորտի վրա ծախսելու է առնվազն 600 դրամ: Ընդ որում՝ քաղաքային տրանսպորտն իր կարևորությամբ չի զիջում հացին, որովհետև որքան էլ խոսենք բոյկոտի մասին, միևնույն է՝ մարդիկ ստիպված են լինելու օգտվել տրանսպորտից: Ավելին՝ տասնյակ հազարավոր ընտանիքներ կարողանում են «նիսյայով» հաց վերցնել ու ամսվա վերջում վճարել, բայց տրանսպորտից «նիսյայով» օգտվել չի ստացվի: Այսինքն՝ սոցիալական տեսանկյունից սա շատ ավելի լուրջ հարված է»:

«Ազգ» օրաթերթը ևս անդրադարձել է ուղեվարձի թանկացմանը․ - «Տրանսպորտի գնի բարձրացման հետ կապված այս օրերի իրարանցումը մեզանում անհասկանալի է այն պարզ պատճառով, որ տրանսպորտի գինն իրականում չի բարձրացել, միշտ է բարձր եղել: Դատենք միասին և տրամաբանորեն. եթե 150 դրամ սակագինը համարվում է թանկ և կարող է առաջացնել հասարակական ընդվզում, ապա 100 դրամ սակագինը ևս պետք է համարվեր թանկ և պետք է առաջացներ հասարական ընդվզում, ինչը չառաջացրեց: Ուրեմն 150 դրամ սակագինն էլ չի առաջացնի: Հետևաբար խնդիրը ոչ այնքան տրանսպորտի` առանց այն էլ ոչ հեշտ տրվող սակագնի բարձրացումն է, որքան տեխնիկական է` մի քանի մասի բաժանված: Օրինակ, եթե մեկը միրգ-բանջարեղենի շուկայում ելակ է վաճառում, դիցուք կիլոգրամը` 300 դրամ, եթե ցանկանում է ավելացնել իր ապրանքի գինը, օրինակ` հասցնելով կիլոգրամը 350 դրամի, պետք է կամ ելակի որակը բարձրացնի, կամ էլ ներմուծի ինչ-որ ծառայություններ, որոնք մինչ այդ չկային: Այսինքն՝ ելակը թանկանում է, բայց փաթեթավորվում է գեղեցիկ տոպրակի մեջ, որը մտնում է ելակի գնի մեջ: Մինչդեռ տրանսպորտի գինը բարձրանում է, բայց տրանսպորտը չի փոխվում. էլի նույն «Գազել»-ներն են լինելու, էլի նույն չվացուցակներով, էլի նույն ծանրաբեռնված կանգառները, որոնք նույն ծանրաբեռնվածությամբ տեղափոխվելու են երթուղայիններ: Բայց այսօրվանից դրա համար վճարելու են ոչ թե 100, այլ 150 դրամ: Ի դեպ, Կենտրոնական բանկը կարող է և 150-դրամանոց մտցնել շրջանառության մեջ, քանի որ երթուղայինի վարորդ-ուղևոր դրամաշրջանառությունն այդպես ավելի պրակտիկ ու արագ կդառնա...»:

«Հայոց Աշխարհ»-ն անմասն չի մնացել ուղեվարձի թանկացման թեման շոշափելուց: Թերթում կարդում ենք․ - «Հաշվի առնելով էներգակիրների թանկացման հետևանքով տնտեսության տարբեր ոլորտներում ձևավորված գնաճային ճնշումները, ուղեվարձի թանկացման խնդիրը կարելի էր գոնե մինչև տարեվերջ հետաձգել։ Ինչպես հայտնի է, հաջորդ տարվանից նախատեսվում է թոշակների և աշխատավարձերի որոշակի բարձրացում, ինչը թույլ կտար որոշակիորեն մեղմել թանկացումների հետևանքը։ Կարելի էր բավարարվել միայն գազի թանկացման գումարի փոխհատուցմամբ, ինչը երթուղային տաքսիների համար օրական ընդամենը 1000 դրամի հավելյալ ծախս էր պահանջում»։

«Առավոտ» օրաթերթում կարդում ենք․ - «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրը մեջ խոսում է Հայաստանի վրա հարձակվելու մասին: Ընդ որում, հօգուտ այդ թեզի բերում է զանազան փաստարկներ. օրինակ՝ «Սևանը մերն է, Երևանը մերն է, Զանգեզուրը մերն է» և նման այլ անհեթեթություններ: Եթե հայաստանյան որևէ լրատվամիջոց մեջբերում է հարևան երկրի ղեկավարի այս խոսքերը, արդյոք դա ազգային դավաճանությո՞ւն է նշանակում: Ինձ թվում է՝ ոչ, որովհետև մեր ընթերցողներն ու հեռուստադիտողները պետք է իմանան, թե ինչպիսի ցնդաբանություններով է այդ մարդը լցնում սեփական ժողովրդի ուղեղը: Հերթական ցնդաբանությունն էլ այն է, որ Հայաստանում խուճապ կա Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու կապակցությամբ: Այդպես է Ալիևը փորձում մեկնաբանել այն «մուննաթները», որոնք Հայաստանում երբեմն հնչում են ռուսների հասցեին: Մի կողմ թողնենք, որ մենք չպիտի «փնթփնթանք» ոչ մի ազգի և ոչ մի պետության հասցեին. իրենք իրենց շահերն ունեն, մենք՝ մերը: Բայց ռուսների հասցեին կշտամբանքները «խուճապ» անվանելը, ինձ թվում է, նշանակում է ցանկալին դնել իրականի տեղ: Յուրաքանչյուր միջնակարգ կրթություն ունեցող մարդ գիտի, որ ԱՄՆ-ը շատ ավելի ժամանակակից զենք ուներ, քան Վիետնամը, իսկ Խորհրդային Միությունն իր զինատեսակներով գերազանցում էր Աֆղանստանին, բայց այդ երկու երկրներում գերտերություններն առանձնապես հաջողությունների չեն հասել: Ինչո՞ւ: Որովհետև պատերազմներում հաղթում են ոչ թե զենքով, այլ կռվելու մոտիվացիայով: Հարևան երկրի ժողովուրդը մեզ վրա հարձակվելու մոտիվացիա չունի, և եթե այդ երկրի ղեկավարությունը, այնուամենայնիվ, գնա նման խելահեղ քայլի՝ մեղքը նրա վիզը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG