Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը Հրաչյա Հարությունյանի գործով Մոսկվա կմեկնի


Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն առաջիկա կիրակի մեկնելով Մոսկվա՝ նպատակ ունի հանդիպել կալանքի տակ պահվող Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի, նրա փաստաբանների ու ռուս պաշտոնյաների հետ։ Պաշտպանը Մոսկվա է մեկնում սեփական նախաձեռնությամբ։

Մարդու իրավունքների պաշտպանը, փաստորեն, որոշեց Մոսկվա մեկնել այն բանից հետո, երբ Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը, հանդիպեց Անդրեասյանի հետ և խնդրեց աջակցել հոր հարցում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ազատազրկվածների հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցն ասում է, որ պաշտպանի այցի նպատակն է պարզել Հարությունյանի նկատմամբ տեղի ունեցած խախտումներն ու ընդհանուր իրավիճակը։ Այդ հանդիպումից հետո միայն պաշտպանը կհրապարակի իր եզրահանգումները։

Խոսքը վերաբերում է Ռուսաստանի Պոդոլսկ քաղաքից ոչ հեռու գտնվող Օզնոբիխինո գյուղի մոտ հուլիսի 13-ին տեղի ունեցած վթարին։ Ըստ հարուցված քրեական գործի՝ «Կամազի» վարորդը Հրաչյա Հարությունյանը, խիճով լցված հսկայական բեռնատար «Կամազը» չի արգելակել եւ բախվել է «Լիազ» մակնիշի ուղեւորատար ավտոբուսին։ Զոհվել է 18 մարդ։ Վթարի հետեւանքով Հայաստանի քաղաքացու մեղադրանք է ներկայացվել՝ «երթեւեկության կանոնները խախտելու մեջ, ինչը հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան»։

Հարությունյանը հուլիսի 15-ին նվաստացուցիչ տեսքով, մասնավորապես՝ կանացի գույնզգույն խալաթով էր բերման ենթարկվել դատարան:

Պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ այցի շրջանականերում նախատեսվում են նաև հանդիպումներ խնդրի հետ առնչություն ունեցող մի շարք պաշտոնյանների, հայ համայնքի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձանց հետ:

Թե որ գերատեսչության որ պաշտոնյայի հետ կհանդիպի Անդրեասյանը, պաշտպանի գրասենյակում չեն մանրամասնում չնշելով, թե արդյոք նա կհանդիպի Ռուաստանի մարդու իրավուքների հարցերով լիազորին, ում օրեր առաջ Անդրեասյանը նամակ էր հղել։

Ազատազրկվածների հարցերով մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է, որ Հարությունյանի դիմումն արդեն ուղարկվել է Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին։ Դա Լուկինի խնդրանքն էր Անդրեասյանին, որպեսզի Ռուաստանի պաշտոնյան կարողանա ընթացք տալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դիմում-նամակին։

Ռուսաստանի դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին ուղղված նամակում Անդրեասյանը մասնավորապես խնդրել էր ուսումնասիրել Հարությունյանի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի ու նրան նման տեսքով դատարան բերման ենթարկելու պատճառները։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Լուկինին խնդրել էր նաեւ օգնել Հայաստանի քաղաքացուն։ Լուկինի պատասխան նամակը չէր ուշացել։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին գոհանցում է Լուկինի արձագանքը, ասում է Թումանյանցը. - «Այո, իհարկե: Քանի որ դա գործընթացային փուլ էր, այսինքն ֆորմալ խնդիր էր այնտեղ, որը Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ էր նախատեսված եւ, բնականաբար, դրական ենք գնահատում որպես գործընթացային լուծում այս պահի դրությամբ: Իսկ արդեն ըստ էության քայլերի վերաբերյալ, ըստ էության, քայլերի վերաբերյալ պաշտպանը առանձին ըստ էության արդեն կհայտնի իր դիրքորոշումը»:

Հայաստանյան լրատվամիջոցներն այսօր լուր տարածեցին, թե Հարությունյանն այժմ գտնվում է ոչ թե բանտում, այլ հոգեբուժարանում։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ասում են, թե Հարությունյանի փաստաբանն իրենց հայտնել է նման լուր։ Բայց դա ոչ թե հոգեբուժարան է, այլ հոգեբուժական բաժանմունք. - «Իսկ դա հնարավոր է, որովհետեւ ինքը ստրես է տարել»:

ՀՀ արդարադատության նախարարությունն այսօր իր տարածած հայտարարությունում նշում է, որ Հարությունյանի տեղափոխումը Հայաստան հնարավոր չէ։ Նրա փոխանցումը Հայաստան կարող է իրականացվել դատապարտյալների փոխանցման մասին միջազգային կոնվենցիաներով հետագա պատիժը Հայաստանում կրելու նպատակով միայն այն ժամանակ, երբ դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ կայացվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG