Մատչելիության հղումներ

Հուլիսի 19-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով այն խնդրին, որ դատախազությունը չի հրապարակում Կիպրոսի ընկերությունների գրանցման պետռեգիստրից վարչապետի անունից արված հարցման արդյունքները, գրում է․ - «Սա նշանակում է, որ Կիպրոսից եկած պատասխանը դարծավ «նախաքննական գաղտնիք»: Իսկ փորձը ցույց է տալիս, որ «նախաքննական գաղտնիք» սովորաբար դառնում են այն փաստերը, որոնց հրապարակումը ձեռնտու չէ իշխանություններին: Ակնհայտ է, որ Կիպրոսից եկած փաստաթղթի հրապարակումը քրեական գործի ընթացքի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող, բայց այն, որ փաստաթուղթը չեն պատրաստվում հրապարակել, արդեն որոշակի հետևություններ անելու հիմք է տալիս»:

«Ժամանակ» օրաթերթը, հիշեցնելով Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հայտարարությունը, թե թանկացումներն «ի օգուտ ժողովրդի» են լինելու, հեգնում է, թե «ժողովուրդը չգնահատեց ազգօգուտ այդ նախաձեռնությունը, և ուղեվարձի 50 տոկոս թանկացման դեմ բողոքեց: «Իսկ ովքե՞ր են շահում տրանսպորտի 50 տոկոս թանկացումից: Փաստ է, որ ռուսական գազը հայ սպառողի համար սուբսիդավորման արդյունքում թանկացել է մոտ 20 տոկոսով: Հարցի պատասխանը ստանալու համար բավարար է նայել, թե ովքեր են շահագործում երթուղային գծերը Երևանում: Գործունեության այս տեսակը քվոտավորված բիզնես է հիշեցնում. մրցույթներում հաղթում են նույն ընկերությունները` մեծամասամբ առանց մրցակցի, և կայուն ու ահռելի եկամուտ ապահովում մեծամասամբ պաշտոնյաների ու պատգամավորների համար», - գրում է թերթը:

Թեման շարունակում է «Ժողովուրդ» օրաթերթը: Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի բացատրությունը, թե ուղեվարձի բարձրացման պատճառը ոչ թե գազի սակագնի բարձրացումն է, այլ այն, որ բանկերը հրաժարվում են վարկեր տալ երթուղիները շահագործող ընկերություններին՝ թերթը գրում է․ - «Այսպիսով՝ ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ շարքային երևանցին իր առանց այդ էլ կիսադատարկ գրպանից ամեն օր պետք է կիսով չափ ավելի թանկ ուղեվարձ վճարի այն պատճառով, որ քաղաքային իշխանությունները երթուղիների մրցույթում հաղթող են ճանաչել այնպիսի տնտեսվարող սուբյեկտների, որոնք չեն կարողանում ճշգրիտ կազմակերպել իրենց բիզնեսը կամ էլ պարզապես գումար չունեն: Մինչդեռ նորմալ տրամաբանությամբ, քաղաքային իշխանությունները պարզապես պետք է այդ ընկերություններին ասեին՝ եթե չեք կարողանում աշխատեցնել ձեզ տրված երթուղիները, հրաժարվե՛ք: Վստահաբար՝ նոր և արդար մրցույթներ անցկացնելու դեպքում քիչ չէին լինի այնպիսի ընկերությունները, որոնք կհամաձայնեին նախկինից փոքր-ինչ պակաս շահույթ ստանալով՝ աշխատեցնել երթուղիները: Նման բան, սակայն, տեղի չունեցավ և այն պարզ պատճառով, որ այդ երթուղիների գերակշիռ մասի սեփականատերերի աշխատավայրը հենց Երևանի քաղաքապետարանն է: Էլ չասած՝ ԱԺ գծատեր պատգամավորների և նախարարների մասին»:

«Չորրորդ իշխանություն»-ը, հիշեցնելով, որ նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ազատամարտիկների հետ և, նրանց պահանջները լսելով, ասել, որ բյուջեում փող չկա, հետևյալ հարցադրումն է անում․ - «Խնդիրն այն է, թե ինչո՞ւ փող չկա: Ասենք՝ բարձրաստիճան պաշտոնյաների ու օլիգարխների մի քանի հարյուր հազար դոլարանոց ավտոմեքենաներից, Երևանի մերձակա հարյուրավոր լեփ-լեցուն ռեստորաններից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե երկրում փող չկա՞: Տարվա որ սեզոնին էլ Դուբայի, Փարիզի կամ Բադեն-Բադենի ամենաշքեղ հյուրանոցները մտնես՝ առնվազն 10-12 բարձրաստիճան պաշտոնյա ու օլիգարխ ֆոյեներում նստած են (ընտանյոք հանդերձ), բա որտեղի՞ց այս փողը: Այսինքն՝ խնդիրն այն չէ, որ փող չկա, խնդիրն այն է, որ փողը նորմալ չի բաշխվում հասարակության մեջ: Այս իշխանությունները հնարավոր բոլոր ձևերով եղածը վերցնում են ու «հասարակ ժողովրդին» թողնում ճիշտ այնքան, որ սովից չմեռնեն: Մեխանիզմներն էլ վաղուց բոլորին հայտնի են․ կոռուպցիա, կաշառակերություն, ատկատներ, ընդերքի թալան, հարկային տեռոր, մենաշնորհներ և այլն»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG