Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ի նախագահ․ «Բրազիլիան գուցեև ճիշտ ընտրություն չէր»


ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլաթեր
ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլաթեր

Զեփ Բլաթերը այդ մասին ասել է Ավստրիայում գումարված սպորտի հարցերով միջազգային համաժողովում։

Ֆուտբոլի համաշխարհային կառույցի` ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլաթերն առաջին անգամ հրապարակավ կասկածի տակ է առել 2014 թվականի աշխարհի առաջնությունը Բրազիլիայում անցկացնելու նպատակահարմարությունը։

Ավստրիայում Գոինգ ավանում գերմանական ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերի նախաձեռնությամբ կազմակերպվել է սպորտի հարցերին նվիրված երկօրյա միջազգային համաժողով, որի մասնակիցների թվում է ՖԻՖԱ-ի ղեկավարը։

DPA գերմանական լրատվական գործակալության փոխանցմամբ, Բլաթերն ասել է, որ Բրազիլիան գուցեև ճիշտ ընտրություն չէր, հաշվի առնելով Կոնֆեդերացիաների գավաթի օրերին այդ երկրում տեղի ունեցած սոցիալական զանգվածային բողոքները և ցուցարարների բախումները ոստիկանների հետ։

«Եթե դա կրկնվի 2014-ին, մենք ստիպված կլինենք ինքներս մեզ հարցնել՝ արդյոք սխա՞լ չէր առաջնությունը Բրազիլիային վստահելու վճիռը»,- ասել է ՖԻՖԱ-ի ղեկավարը։

Կոնֆեդերացիայի գավաթի օրերին հարյուր հազարավոր բրազիլացիներ լցվել էին փողոցներ՝ պահանջելով բարելավել հանրային ծառայությունների որակը և բողոք հայտնելով սոցիալական բազում չլուծված խնդիրների պայմաններում 2014-ի աշխարհի առաջնության անցկացմանը կառավարության կողմից միլիարդավոր դոլարների հասնող հսկայական միջոցներ հատկացնելու դեմ։

Զեփ Բլաթերն ասել է, որ այդ թեման սեպտեմբերին անպայման քննարկելու է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ։

Բլաթերի խոսքերով, ՖԻՖԱ-ն քաղաքական հարցերով չի զբաղվում և ընդամենը փաստում է, որ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության բոլոր օրերին Բրազիլիայում ընդվզումներ էին։ Նա ասել է, որ Բրազիլիայի կառավարությունը տեղյակ է ՖԻՖԱ-ի մտահոգությունների մասին։

«Իմ համոզմամբ, այդ ցույցերը ահազանգ են երկրի կառավարության և խորհրդարանի համար։ Դրանք հիշեցնում են, որ անհրաժեշտ է կարգավորել առկա խնդիրները և կանխել նոր ընդվզումները։ Թեպետև ցույցերը, եթե դրանք խաղաղ են, դեմոկրատիայի անբաժան մաս են և կարող են տեղի ունենալ, մենք ասել ենք կառավարությանը ու նախևառաջ նախագահին, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել և կանխել բողոքների կրկնությունը, նրանք ունեն դեռ մեկ տարի»,- ասել է Զեփ Բլաթերը։

Համաշխարհային ֆուտբոլի կառավարման կառույցի ղեկավարն ասել է, որ ոչ թե ՖԻՖԱ-ն, այլ Բրազիլիայի կառավարությունը և քաղաքական շրջանակները պետք է դասեր քաղեն Կոնֆեդերացիաների գավաթի օրերին տեղի ունեցածից։

«ՖԻՖԱ-ն չի կարող պատասխանատվություն կրել այս կամ այն երկրի սոցիալական անհավասարության համար»,- ասել է Զեփ Բլաթերը։

Ավստրիայում նա նաև իր ապագայի մասին է խոսել՝ ասելով, որ 2014 թվականի ՖԻՖԱ-ի համագումարում նախագահի պաշտոնում ևս մեկ անգամ առաջադրվելու որոշումը կախված կլինի Բրազիլիայում աշխարհի առաջնության անցկացման հաջողությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG