Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ-ն հերքում է ԱՆԱՄԱ-ի տնօրենի հայտարարությունը


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի Ազգային ականազերծման կենտրոնի (ԱՆԱՄԱ) տնօրեն Նազիմ Իսմաիլովը այն հայտարարությունը, թե երկու տարի է, ինչ դոնոր երկրները հրաժարվել են ֆինանսավորել Հայաստանի պաշտպանության նախարարությունում Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնին:

Իսմաիլովը ասել էր, թե «Հայաստանի տարածքում ականային վտանգ չկա, նրանք ավելի շատ ականապատում են, քան ականազերծում»:

«Իսմաիլովի «հեղինակավոր» կարծիքը, առավել ևս` գնահատականները ոչ այլ ինչ են, քան խղճուկ փորձ` հումանիտար ականազերծման բնագավառի միջազգային կազմակերպությունների մոտ ԱՆԱՄԱ-ի խարխլված վարկանիշը վերականգնելու և իրենց կենտրոնի նշանակությունը անհիմն գովաբանելու համար: Ականային վտանգը Հայաստանում փաստված և հաստատված է ՄԱԿ-ի կողմից, իսկ հումանիտար ականազերծման ոլորտում ՀՀ ՊՆ-ն համագործակցում է բնագավառի ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունների և դոնորների հետ», - հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ Հայաստանում 2011 թվականի փետրվարին հիմնադրված և գործող «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ը սերտորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների, դոնորների և օտարերկրյա տարբեր պետական կառույցների հետ, աշխատում է թափանցիկ և նպատակաուղղված՝ վերացնելու Հայաստանում առկա ականային վտանգը:

«Իսկ Նազիմ Իսմաիլովին հորդորում ենք ծիծաղելի և մանկամիտ հայտարարություններ այլևս չհնչեցնել` կապված ռուսական բանակի, Իրանի ու Թուրքիայի սահմանների ականապատման հետ: Այլապես կրկնվում է այն ձեռագիրը, երբ լուրջ-լուրջ խոսում են Թբիլիսի-Բաքու-Ջեյհան գազամուղի ականազերծման մասին: Իրականում, եթե չականապատեք, ականազերծման խնդիր չի առաջանա», - ասված է ՊՆ-ի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG