Մատչելիության հղումներ

Հալեպի Համալսարանը զրկել է էրդողանին պատվավոր կոչումներից


Հալեպի պետական համալսարանի Խորհդրի անդամները որոշել են զրկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին միջազգային հարաբերությունների ասպարեզում դոկտորի պատվավոր աստիճանից:

«Սանա» լրատվական գործակալության հաղորդմամբ, սա աննախադեպ որոշում է համալսարանի պատմության մեջ: «Մենք գնացինք դրան՝ հաշվի առնելով ակադեմիական եւ ուսանողական շրջանակների հետևողական պահանջները», - հայտարարել է Հալեպի համալսարանի ռեկտորը:

Պատվավոր կոչումը Էրդողանին շնորհվել էր 2009 թվականին՝ թուրք-սիրիական հարաբերությունների բարգավաճման օրերին, մինչդեռ երկրում սկսված հակակառավարական ցույցերից հետո երկկողմ հարաբերությունները վատթարացան: Էրդողանի կառավարությունը հրապարակավ պաշտպանեց սիրիացի ընդդիմադիրներին՝ նախագահ Ասադին մեղադրելով ցեղասպանության ու բռնապետության համար: Այժմ, զրկելով Էրդողանին պատվավոր կոչումից, Հալեպի համալսարանը հայտարարում է, թե այդ քայլով իր համերաշխությունն է հայտնում թուրք ընդդիմադիրներին, որոնք պահանջում են Էրդողանի հրաժարականն ու քննադատում նրա «թշնամական քաղաքականությունը»:

«Մեր համալսարանի պատվավոր կոչումներին արժանի են միայն այն ուժերը, որոնք հանդես են գալիս երկու հարեւան երկրների միջև բարեկամության և եղբայրության օգտին», - հայտարարել է ռեկտորը:

Ավելին, «Սանա» գործակալության հաղորդմամբ, համալսարանի խորհդրի անդամները որոշել են պրոֆեսորների ու փորձագետների մասնակցությամբ իրավական հանձնաժողով ստեղծել՝ Էրդողանի դեմ հայցեր ներկայացնելու համար:

«Սիրիայի հասարակությունը մեղադրում է Էրդողանին Սիրիայի տնտեսությունը կործանելու, արդյունաբերական ձեռնարկությունները թալանելու, երկիրը բնական ու մշակութային հարստությունից զրկելու համար», - հաղորդում է սիրիական գործակալությունը:

Հիշեցնենք․ անցած տարի տեղական լրատվամիջոցները հաղորդեցին, թե տնտեսական մայրաքաղաքից՝ Հալեպից, հատկապես ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող թաղամասերից, ապամոնտաժվում և Թուրքիա են տեղափոխվում պետական ֆաբրիկաների և գործարաների սարքավորումները: Պաշտոնական Դամասկոսը պնդում է, թե Էրդողանի կառավարության աջակցությունը վայելող ընդդիմադիրներըն այս ճանապարհով երկրին հարյուր միլիոնավոր դոլարների վնաս են պատճառել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG