Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահ․ «Մինսկի խումբը կարող է է՛լ ավելի ակտիվ աշխատել»


Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան (ձ) և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան (ձ) և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Երևանում հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հետ:

Հանդիպումից հետո հրավիրած համատեղ ասուլիսում Նալբանդյանը հայտարարեց, որ զրույցը շատ հագեցած է եղել, քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային, միջազգային, ինչպես նաև ԵԱՀԿ-ում Ուկրաինայի առաջնահերթություններին վերաբերող հարցեր:

«Հայաստանը սատարում է այն բոլոր առաջնահերթությունները, որոնք ունի Ուկրաինան ԵԱՀԿ-ում», - նշեց նա:

Նալբանդյանը տեղեկացրեց, որ ուկրաինացի իր պաշտոնակցի հետ խոսել են նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին:

«ԵԱՀԿ-ում գործունեության շրջանակում Ուկրաինայի համար առաջնահերթություններից մեկն է «սառեցված» հակամարտությունների հարցը», - այս կապակցությամբ նշեց Լեոնիդ Կոժարան՝ հավելելով, որ Ուկրաինան այսօր «շրջապատված է այդպիսի հակամարտություններով», ուստի Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցություններում «բավականին մեծ ուշադրություն է հատկացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի քննարկմանը»:

«Ուկրաինայի նախագահությունը գտնում է, որ բանակցությունները պետք է ընթանան բավականին ակտիվ մակարդակով: Տեղյակ ենք, որ մշտապես տարբեր ձևաչափերով հանդիպումներ են լինում․ հանդիպում են պետությունների ղեկավարները, արտգործնախարարները: Դրա համար էլ մենք, որպես նախագահող երկիր, հետաքրքրված ենք, որ շփումները լինեն հաճախ ու մշտական», - ասաց Կոժարան՝ շարունակելով․ - «Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է է՛լ ավելի ակտիվ աշխատել, և այդ աշխատանքից պետք է կոնկրետ արդյունքներ լինեն, որովհետև ոչ մի միջազգային հակամարտություն դեռևս չի լուծվել տարբեր խորհրդաժողովներից ու նիստերից հետո»:

«Կարծում ենք, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության անդամները պետք է հաճախ հանդիպեն, և Ուկրաինան կարող է աջակցել՝ տրամադրելով իր տարածքը կլոր սեղանների, խորհրդաժողովների համար», - ընդգծեց ԵԱՀԿ-ի գործող նախագահը:

Խոսելով Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերույթուններից` Կոժարան նկատեց, որ մեծ հեռանկարներ կան երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Այսօր ավելի ուշ Լեոնիդ Կոժարային ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ Լեոնիդ Կոժարայի գլխավորած պատվիրակությանը այցը կնպաստի տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերին, ինչպես նաև Հայաստանի և ԵԱՀԿ ինստիտուտների միջև հետագա համագործակցության խորացմանը:

«Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք լիակատար աջակցություն են հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման գործում Մինսկի խմբի առաքելությանը՝ ուղղված հակամարտության լարվածության թուլացման հնարավոր միջոցառումների իրականացմանը: Քննարկվել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև սպառազինությունների վերաբերյալ ԵԱՀԿ շրջանակներում գործող միջազգային համաձայնագրերի իրագործման խնդիրներին», ֊ փոխանցում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG