Մատչելիության հղումներ

«Ոսկե ծիրանի» հյուրերից ոմանք դեռ Հայաստանում են


Ավարտվեց «Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնը, որին մասնակից հյուրերից ոմանք դեռ հրաժեշտ չեն տվել Հայաստանին։ Օրինակ, կանադահայ անվանի կինոդերասանուհի Արսինե Խանջյանը Հայաստանում կմնա մինչև հուլիսի 18-ը՝ ի տարբերություն ամուսնու՝ Ատոմ Էգոյանի, ով չէր կարող մնալ մինչև փառատոնի ավարտը և ավելի վաղ մեկնեց Երևանից։

Հուլիսի 7-ին մեկնարկած և հուլիսի 13-ին ավարտված փառատոնում Միջազգային խաղարկային մրցույթում գլխավոր մրցանակը ստացավ սերբ ռեժիսոր Սրջան Գոլուբովիչի «Պարունակներ» ֆիլմը։ Միջազգային վավերագրական մրցույթում գլխավոր մրցանակին արժանացավ բուլղարացի ռեժիսոր Սվյատոսլավ Ստոյանովի «Սև ծովի վերջին ծովահենները» ֆիլմը, իսկ Հայկական համայնապատկերի լավագույն ֆիլմը, ըստ ժյուրիի, Հայաստան-Ռուսաստան-Դանիա համատեղ արտադրության «Այդ ես չեմ» ֆիլմն էր, որի ռեժիսոր Մարիա Սահակյանն է։

Փառատոնի մասնակցի հյուրերը՝ հատկապես նրանք, ովքեր պարբերաբար մասնակցում են այս փառատոնին, իսկապես չեն ուզում հեռանալ Հայաստանից, ինչպես օրինակ, հոլանդացի անվանի կինոռեժիսոր, «Ոսկե ծիրանի» մեծ բարեկամ Յոս Ստելինգը։ Նա ասում էր, որ ամեն անգամ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում իջնելիս արդեն իսկ տուն վերադառնալու զգացողություն է ունենում։

«Ոսկե ծիրանը» մի շարք կարևոր ձեռքբերումներ ունի։ Դրանց մասին շատ է խոսվել, բայց ամենակարևորը, փառատոնի կազմակերպիչների համոզմամբ՝ այն է, որ այս տասը տարիներին հենց փառատոնի ստեղծած հնարավորությունների շնորհիվ ավելի ու ավելի շատ երիտասարդներ սկսեցին զբաղվել կինոարվեստով, սկսեցին ֆիլմեր նկարել և գումարներ հայթայթել դրանք նկարահանելու համար։

Իհարկե, հայ կինոարտադրության մասին առայժմ դժվար է խոսել, բայց հույս կա, որ այն ի վերջո կվերականգնվի միգուցե համատեղ արտադրանքների շնորհիվ։ Հույս կա, որ մի օր կվերականգնվեն նաև երբեմնի կինոթատրոնները, որոնցից այժմ երկուսն են գործում Երևանում, մեկն էլ՝ Գյումրիում։

Կինոփառատոնի կազմակերպիչները հույս ունեին, որ փառատոնի շնորհիվ նոր կինոթատրոններ կբացվեին այս տարի. հիմա հույս կա, որ դրանք կբացվեն հաջորդ տարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG