Մատչելիության հղումներ

Վիեննայում հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները


Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներից մեկը, արխիվ

Հանդիպման ժամանակ շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ:

Ուրբաթ երեկոյան Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի առանձնազրույցը, նաև համատեղ հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Իեն Քելլիի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ։

Մինսկի խմբի համանախագահները շաբաթ օրը Վիեննայում հրապարակած հայտարարությամբ ամփոփել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ իրենց վերջին հանդիպումների արդյունքները:

Միջնորդները նշում են, որ հունիս և հուլիս ամիսներին իրենց անցկացրած մի շարք հանդիպումների նպատակն էր նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գաղափարների մշակմանը:

Հիշեցնելով, որ հունիսի 6-ին Լոնդոնում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, հունիսի 28-ին Փարիզում՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, միջնորդները փոխանցում են․ - «Համանախագահները և նախարարները շարունակեցին քննարկումները խաղաղ գործընթացի էության վերաբերյալ՝ կենտրոնանալով կողմերի միջև լարվածությունը նվազեցնելու և այս տարի ավելի ուշ ամենաբարձր մակարդակներով հանդիպման համար պայմաններ ստեղծելու միջոցների վրա»:

«Համանախագահների հետ Վիեննայում հուլիսի 12-ին կայացած համատեղ հանդիպման ժամանակ երկու արտգործնախարարները վերահաստատեցին իրենց նվիրվածությունը այս նպատակներին և քննարկեցին առաջիկա ամիսներին հետագա բանակցությունների պլաններ», - ասված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում:

Համանախագահները փոխանցում են, որ այսօր Վիեննայում հաղորդում են ներկայացրել Մինսկի խմբի դեսպաններին:

Միջնորդները հավաստիացնում են, որ «կողմերի հետ սերտորեն կհամակարգեն հետագա քայլերի մշակումը»:

Վիեննայի հանդիպումների վերաբերյալ մեկնաբանություն է հրապարակել Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաեւը ասել է, թե համանախագահների հետ նախարարների համատեղ հանդիպման ժամանակ Էլմար Մամեդյարովը հնչեցրել է իր երկրի «սկզբունքային դիրքորոշումը», այն է՝ «որպեսզի խաղաղ գործընթացը շարժվի մեռյալ կետից, հայկական զինված ուժերը, առաջին հերթին, պետք է լքեն Ադրբեջանի օկուպացված տարածքները»:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբդուլաևը հավելել է, որ հանդիպմանը Մամեդյարովը ընդգծել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում «ստատուս քվոյի պահպանման անընդունելիությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG