Մատչելիության հղումներ

Դատավորը «լիարժեք արբիտրի խնդիրը ճիշտ չի լուծում»


Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան գործով նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանն այսօր որոշեց հաջորդ նիստին որպես լրացուցիչ վկա հարցաքննել պաշտպանության նախարարության հոսպիտալի նեյրովիրաբուժական բաժանմունքի պետ Արման Հակոբյանին:

Դատավորը, նախանշելով հարցաքննության շրջանակը, չվկայակոչեց բժշկին դատարան հրավիրելու միջնորդության ներկայացրած տուժող կողմին հետաքրքրող հարցերը, մասնավորապես, Վահե Ավետյանի գլխուղեղի մահվան կապակցությամբ: Դատավորն ասաց, թե բժիշկը, հնարավոր է, մյուս տուժողներից լսած լինի դեպքի մասին որոշ մանրամասներ։

Վահե Ավետյանը Արման Հակոբյանի ղեկավարած բաժին էր ընդունվել անցյալ տարի՝ հունիսի 17-ին, «Հարսնաքարի» ավտոկայանատեղիում տեղի ունեցած ծեծից հետո: Փաստաբան Տիգրան Եգորյանը հունիսի 25-ին դատավոր Հարությունյանին էր ներկայացրել փաստաբանական հարցման արձանագրություն, ըստ որի՝ բժշկական գիտությունների թեկնածու Արման Հակոբյանը բացատրել է, որ Վահե Ավետյանի իրավիճակը բնութագրող կլինիկական ախտանիշները վկայում են գլխուղեղի մահվան մասին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, անդրադառնալով այս պարագայում դատավարի նախանշած հարցերի այլ շրջանակին, ասաց, թե լիարժեք արբիտրի խնդիրը ճիշտ չի լուծվում։

«Դատարանի այս գործելաոճը որոշակիորեն սահմանափակում է կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը։ Հնարավոր է դատարանը, հենց բոլոր այն հարցերը, որոնք մեր ունենք դատաբժշկական եզրակացության վերաբերյալ, հանի՝ պատճառաբանելով, որ դրանք մեղադրանքի ծավալից դուրս են»,- ասաց Եգորյանը։

Ավելի վաղ տուժող կողմի փաստաբան Վահե Գրիգորյանը դատարան էր ներկայացրել Վիեննայի համալսարանի պրոֆեսորների եզրակացությունը, ըստ որի Վահե Ավետյանի ուղեղը մահացել է վնասվածք ստանալու պահին:

Տուժող կողմը նշում է, որ նման եզրակացության դեպքում Վահե Ավետյանի մահվան համար անհրաժեշտ էր առաջադրել սպանության մեղադրանք: Մինչդեռ վեց ամբաստանյալներին առաջադրվել է ավելի մեղմ մեղադրանք՝ Վահե Ավետյանին և մյուս տուժողներին ծեծելու, Ավետյանի առողջությանը դիտավորությամբ կյանքի համար վտանգավոր ծանր վնաս պատճառելու և անզգուշությամբ նրա մահն առաջացնելու համար:

Հինգ ամիս առաջ դատարանին ցուցմունք տված դատաբժիշկ, վկա Գևորգ Գաֆարյանը որոշ հարցերի չէր պատասխանել՝ նշելով, որ ստույգ պատասխաններ կարող են տալ Վահե Ավետյանի բժշկական հետազոտություններից և այլ փաստաթղթերից տեղյակ բժիշկները: Եվ հենց այս հանգամանքը նկատի ունենալով է տուժող կողմը դատարանին առաջարկում հարցաքննել բժիշկ Արման Հակոբյանին՝ նախապես ներկայացնելով փաստաբանական հարցման արձանագրությունը։

«Այս փաստաբանական հարցման միջոցով մենք կարծես լրացուցիչ հիմք էինք ներկայացրել դատարանին, որը ցույց էր տալիս, որ դատաբժշկի եզրակացությունը թերի է և կասկած է հարուցում, և այս հիմքով անհրաժեշտ է կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն։ Ավելի մեծ հնարավորություն կունենանք հաստատելու իրավական այն փաստը, որը մեծ նշանակություն ունի մեղադրանքի ծավալի առումով։ Դա գլխուղեղի մահն է», - ասաց Եգորյանը։

Վկա Արման Հակոբյանի հարցաքննությունը նախատեսված է հուլիսի 16-ին:
XS
SM
MD
LG