Մատչելիության հղումներ

Շինհրապարակում այժմ դատարանում վիճարկվող նախագիծ է փակցված


Անցյալ շաբաթ Կոմիտաս 5ա հասցեում քանդման աշխատանքներ էին կատարվում, սակայն որևէ նախագիծ, թե ինչ է կառուցվում, այդտեղ փակցված չէր:

Հարակից շենքի բնակիչները փոխանցեցին, որ այդտեղ նոր շենքի շինարարություն է սկսվում: Նրանց խոսքով, արդեն 3 տարի է պայքարում են՝ նախ իրենց շենքին մոտեցված ենթակայանի համար, որպեսզի այն հնարավորինս հեռու լիներ, քանի որ վնասակար է առողջությանը, հետո՝ ենթակայանը շրջապատող ծառերի համար, որոնք արդեն հատվել են:

«Փաստորեն իրենք շինարարությունը սկսում էին, բայց ո՛չ շինթույլտվություն ունեն, ո՛չ ճարտարապետահատակագծային նախագիծ ունեն, ո՛չ շենքի, ո՛չ ենթակայանի նախագիծ ունեին», - ասաց բնակիչներից մեկը:

Այն, որ ենթակայանը բնակելի շենքից 10-20 մետր հեռավորության վրա պետք է լինի, բնակիչների խոսքով, նոր կառուցվող շենքի սեփականատերերին չի անհանգստացնում, բնակիչներին ասում են՝ ձեր գործը չէ:

«Մենք դիմեցինք Բնապահպանության նախարարություն և մյուս օղակները, եկան իրենց տուգանեցին ծառահատումների համար: Հետո նոր ծառեր հատեցին, նորից դիմեցինք իրենց, ասացին, որ մեկ անգամ արդեն տուգանել են: Դիմեցինք դատարան, որը որոշեց, որ ծառահատում իրականացնել չէր կարելի: Շինարարություն իրականացնողը սակայն, անտեսելով դատարանի որոշումը, հատեց տարածքի բոլոր ծառերը: Մենք բոլոր նկարները ունենք, թե որ անկյունում ինչ ծառ կար, հիմա ոչ մի ծառ այդտեղ չկա», - ասաց բնակիչներից Գոհարը:

Ծառերը հատվել են եւ ենթակայանը շենքերին ավելի մոտ է տեղափոխվել՝ նոր բազմաբնակարան շենքի կառուցման համար տեղ ազատելու նպատակով, սակայն հարակից շենքերի բնակիչների փոխանցմամբ առայժմ այն հաստատված նախագիծ չունի: Նրանք «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ սկզբում նախատեսվում էր 14 հարկանի շենք կառուցել:

Այժմ շինարարությունը դադարեցվել է, փոխարենը տեղադրվել է մի նախագիծ, որը, բնակիչների փոխանցմամբ, 2010 թվականի նախագիծն է, որն իրենք այժմ վիճարկում են դատարանում, ուստի այդ նախագծով կառուցապատողը առայժմ չի կարող շինարարություն իրականացնել:

«Փաստորեն էդ մարդը արհամարհում է և՛ մեզ, և՛ քաղաքապետարանին և պիտի շարունակի իր գործն անել, բայց ինքը նախագիծ չունի: Մեր գլխավոր ճարտարապետը, մեր քաղաքապետարանը ո՞ւր են: Հիմա մենք ահազանգում ենք, ասում ենք, որ անօրինական բան է կատարվում, գալիս են նույնությամբ, գնում են նույնությամբ», - ասացին բնակիչները:

Երևանի քաղաքապետարան ուղարկած մեր հարցմանը, թե երբ է տրամադրվել շինարարություն իրականացնող «Լիբեր» ընկերությանը թույլտվություն եւ արդյոք տուգանքներ նախատեսվում են առանց նախագծի շինարարություն սկսելու համար, քաղաքապետարանից արձագանքեցին, թե համապատասխան մասնագետը տեղում չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG