Մատչելիության հղումներ

Հուլիսի 9-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը գրում է․ - «Հուլիսի 7-ից զգալի թանկացավ գազը: Սակայն այդ նույն թանկացած գազը որպես վառելիք օգտագործող երթուղային տաքսիների ուղեվարձը չփոխվեց: Սա իհարկե ուրախալի է, բայց միևնույն ժամանակ՝ տխուր հետևությունների առիթ է տալիս: Խնդիրն այն է, որ երթուղայինների ուղեվարձի մեջ գազի ծախսը զգալի մաս է կազմում, և գազի թանկացումը բնականաբար պետք է հանգեցներ ուղեվարձի թանկացմանը: Ու եթե դա տեղի չի ունեցել, ուրեմն կա՛մ մինչև այժմ մենք երթևեկել ենք ակնհայտորեն ուռճացված ուղեվարձով, կա՛մ ուղեվարձը թանկանում է տնտեսվարողների վրա ճնշումների շնորհիվ: Տնտեսվարողները, իհարկե, արդեն բարձրաձայնում են ճնշումների մասին եւ պահանջում, որ իշխանությունների դոտացիա տրամադրեն երթուղայիններին»:

Նույն թեմայի շուրջ «Չորրորդ իշխանություն»-ը գրում է․ - «Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ եթե չլիներ գծատերերի ավանդական հայկական «գյորմամիշությունը», գազի նոր սակագների պայմաններում էլ տրանսպորտը կարող էր արժենալ 100 դրամ: Բայց Հայաստանում գծատերերը, որպես կանոն, պատահական մարդիկ չեն․ օլիգարխներ են, պատգամավորներ, նախարարներ և այլն: Ճիշտ այնպես, ինչպես գազալցակայանների սեփականատերերը: Իսկ նրանք չեն ուզում զրկվել իրենց գերշահույթներից: Դրա համար էլ Կառավարությունից պահանջում են կա՛մ նվազեցնել հարկերը, կա՛մ թույլ տալ տրանսպորտի ուղեվարձը դարձնել, ասենք, 150 դրամ: Եվ սպառնում են գործադուլով, ընդ որում՝ վարորդների՛ գործադուլով: Այն դեպքում, երբ վարորդներին ուղեվարձի բարձրացումը հեչ ձեռնտու չէ: Վարորդներին ձեռնտու է, որ գծատերերը նվազեցնեն «օրվա նալոգը», բայց նրանց կարծիքը որևէ մեկը հաշվի չի առնում»:

«Ժամանակ» օրաթերթը, անդրադառնալով գազի սակագնի բարձրացմանը և դրա արդյունքում տարբեր ապրանքների և ծառայությունների թանկացման խնդրին, գրում է․ - «Հայաստանում թանկացումները երբեք էլ տրամաբանական չեն եղել, կամ դրանցում երբեք էլ առողջ, տնտեսական տրամաբանությունը մեծ դեր չի ունեցել, այլ գերակշռել է վայրի կապիտալիզմի տրամաբանությունը, երբ ներկրող մոնոպոլիստները և օլիգոպոլիստները ըստ իրենց ախորժակի, ըստ իրենց անձնական գրպանի հաշվարկների խաղում են գների հետ: Քանի որ պետությունն էլ նրանց համար վերածվել է գրպանային պետության, օլիգարխ մոնոպոլիստների և օլիգոպոլիստների ձեռքը բռնող, ախորժակը կարգավորող չկա: Եվ արդյունքում ստացվում է, որ պետությունն ու հասարակությունը վճարում են մի քանի ընտանիքի գերշահույթների համար, որոնք յուրացրել են իշխանությունն ու տնտեսական ռեսուրսները»:

ԱԺ նախկին նախագահ, պատգամավոր Սամվել Նիկոյանը (ՀՀԿ) «Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայտնի «օֆշորային սկանդալին»: Պատասխանելով լրագրողի այն հարցին՝ տարօրինակ չէ՞, որ թերթերն ու կայքերը օրնիբուն գրում են այդ մասին, բայց Հանրապետականը համառորեն շրջանցում է այդ թեման, Նիկոյանը պատասխանել է․ - «Կարծում եմ, անհրաժեշտություն չկա անդրադառնալ այդ հարցին, որովհետև ես դա տեսնում եմ ոչ թե իրավական, այլ քաղաքական դաշտում։ Ակնհայտ է, որ այդ ամենը կազմակերպված կամպանիա է վարչապետի անձի դեմ։ Ընդհանուր առմամբ, ինձ թվում է, առաջիկա 4 տարիներին ներքաղաքական գործընթացների առանցքը լինելու է վարչապետի պաշտոնի համար պայքարը. բոլորը արդեն համակերպվել են այն մտքին, որ նախագահը ընտրվել է երկրորդ ժամկետով և պաշտոնավարելու է մինչև 2018 թվականը։ Այս պարագայում միակ ազդեցիկ պաշտոնը, որի շուրջ կարելի է սակարկել, որի միջոցով կարելի է ուղղորդել կամ փոխել երկրում քաղաքական զարգացումների հունը, վարչապետի պաշտոնն է։ «Օֆշորի» պատմությունը դիտում եմ այդ համատեքստում»։

Իշխանության ներսում վարչապետի պաշտոնի համար մղվող պայքարին է անդրադառնում նաև «Ժամանակ» օրաթերթը․ - «Վարչապետի պաշտոնն իր բոլոր թուլություններով հանդերձ կարծես թե դարձել է իշխանությանը հասնելու միակ ճանապարհը: Այդ պաշտոնին տարիներ շարունակ ձգտել է Հովիկ Աբրահամյանը: Վերջին տարիներին դրան հասնելու համար նա օգտագործել է իր խնամի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Սակայն Հովիկ Աբրահամյանից ավելի հզորներն են այսօր պայքարում այդ պաշտոնի համար՝ նույն Ռոբերտ Քոչարյանը: Նրա՝ իշխանության վերադառնալու ամենակարճ և արդյունավետ տարբերակը վարչապետ դառնալն է: Այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ վարչապետի պաշտոնին ձգտող բոլոր ուժերն ու անհատները համախմբված թուլացնում են Տիգրան Սարգսյանին: Եվ կարծես թե օֆշորային ու այլ սկանդալներով այնպիսի իրավիճակ են ստեղծում նրա շուրջ, այնպես վարկաբեկում, որ Սերժ Սարգսյանը նրան պաշտոնանկ անելու այլընտրանք չունենա: Եթե Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անի, բավականին դժվար կլինի Ռոբերտ Քոչարյանին դիմակայելը և նրան այդ պաշտոնին չնշանակելը: Իսկ եթե տեղի տա ու նշանակի, լավ գիտի, որ ինքը լավագույն դեպքում կհայտնվի Անգլիայի թագուհու կարգավիճակում, իսկ վատագույն դեպքում կարճ ժամանակ հետո հրաժարական կտա: Փաստորեն այժմ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ իր բոլոր թուլություններով, իր անվան հետ կապված սկանդալներով հանդերձ Տիգրան Սարգսյանը դարձել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման գրավականը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG