Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում Եվրամիության հանձնակատարը


Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ելույթ է ունենում կոնֆերանսի ժամանակ, հունիս, 2013թ․
Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ելույթ է ունենում կոնֆերանսի ժամանակ, հունիս, 2013թ․

Շտեֆան Ֆյուլեի այցի հիմնական նպատակը վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ երկրի գրանցած հաջողությունների գնահատումն է:

Այսօր երկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանում Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Բրյուսելում Ֆյուլեի գրասենյակի մամուլի պատասխանատու Անկա Պադուռառուն «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ հանձնակատարը կարևորում է իր այցը Երևան հատկապես Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ:

Ըստ եվրահանձնակատարի գրասենյակի մամլո պատասխանատուի` այցի հիմնական նպատակը նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովից առաջ Հայաստանի դրության և գրանցած հաջողությունների գնահատումն է: Կարևոր է տեսնել` ինչպես են ընթանում գործերը մինչ գագաթնաժողովը, նշեցին Բրյուսելում Ֆյուլեի գրասենյակից:

Հիշեցնենք` վերջերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում գնահատելով Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի առաջընթացն ու անելիքները Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ, Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարն ասել էր․ - «Հայաստանի համար, հուսով ենք, այդ գագաթնաժողովի կոնկրետ արդյունքը կլինի Ասոցիացման համաձայնագրի, այդ թվում Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ պայմանագրի նախաստորագրումը: Սա շատ դժվարին գործընթաց է, որը ենթադրում է, որ Հայաստանի օրենսդրությունը պետք է ներդաշնակեցվի եվրոպական օրենսդրության հիմնական մասի հետ: Այնպես որ, սա լուրջ գործ է»:

Հայաստանում Շտեֆան Ֆյուլեն հանդիպելու է նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտաքին գործերի, կրթության և գիտության, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարների, ինչպես նաև թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ: Հանձնակատարի ծրագրում նախատեսված է հանդիպում նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հայաստանից Ֆյուլեն կմեկնի Վրաստան` մասնակցելու Բաթումիում կայանալիք Արևելյան հարևանության քաղաքականությանը նվիրված կոնֆերանսի:

Նմանատիպ այցով Ֆյուլեն Բաքու էր մեկնել մայիսին` հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում Ֆյուլեն Եվրամիության հետ երկկողմ հարաբերությունների թեմայով դասախոսություն կկարդա ուսանողների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG