Մատչելիության հղումներ

Ադրբեջանին ռուսաստանյան զինտեխնիկայի վաճառքի ղարաբաղյան արձագանքները


Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը ընդհանուր առմամբ մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից մի շարք զինատեսակների ձեռքբերումը, սակայն նաև համոզված է, որ Ռուսաստան -Ադրբեջան բիզնես գործարքը որեւէ ձեւով չի արտացոլում Ռուսաստանի աշխարհաքաղաքական մոտեցումները:

«Ադրբեջանը՝ զինված թե անզեն, նույն ագրեսիվ պետությունն է, եւ այս վերջին համալրումը ադրբեջանական զինված ուժերում էապես չի փոխում Ադրբեջանի պահելաձեւը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը՝ շարունակելով․ - «Հիմնական խնդիրը պիտի ուղղված լինի, որ Ադրբեջանը չդիմի անկանխատեսելի քայլերի: Ինչ-որ ձևով, կարծում եմ, որ այդ զենքի վաճառքը, թեպետ տարօրինակ կարող է թվալ, ավելի զուսպ կդարձնի Արդբեջանը: Որովհետու եթե մեկ պետություն՝ ասենք, Ռուսաստանը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, այդքան քանակությամբ զենք է մատակարարում Ադրբեջանին, ուրեմն նաև պիտի երաշխավորի, որ այդ զենքը չի կիրառվելու պատերազմական գործողությունների ժամանակ»:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախարարն էլ վստահեցնում է, որ իրականացվում են համապատասխան միջոցառնումներ՝ կանխելու ինչպես Ադրբեջանի կողմից սպառազինության ձեռքբերման, այնպես էլ հավասարակշռությունը պահպանելու ուղղությամբ:

Մովսես Հակոբյանը օրերս Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում ասել էր, թե անհավասարակշռությունը դեռևս բավարար չէ, որ Ադրբեջանը պատերազմ սկսի․ - «Իրավիճակը վերահսկելի է: Վստահեցնում եմ ձեզ, որ ցանկացած գնումներ, սպառազինություն չեն կարող խաթարել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի կողմից մեծ քանակությամբ զինտեխնիկայի վաճառքն Ադրբեջանին և ընդհանրապես քաղաքական խաղերը Ռուսաստան - Հայաստան - Ադրբեջան շրջանակերում ղարաբաղցի նախկին զինվորական, ԼՂ ինքնապաշպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանին այնքան էլ չեն հետաքրքրում և ոչ էլ մտահոգում են․ կարևորը, ըստ նրա, այն է, որ «վերջապես հայ ազգը հասկանա, թե ում է եղբայր համարում»:

«Երկու դիվիզիոն «Սմերչ»-ը ատոմային ռումբի է հավասար: Դա զանգվածային ոչնչացման զենք է: Անալոգ էլ չունի՝ միայն Ռուսաստանն է արտադրում: Խնդիրն այն չէ՝ ռուսներն ինչ են անում: Դա ինձ չի վերաբերվում, չի հուզում․ Ադրբեջանին վաճառում են-չեն վաճառում: Վաճառում են՝ այսինքն քո եղբայրը չեն: Սա է խնդիրը: Ինձ պետք է, որ հայերը հասկանան, որ իրենք մեր եղբայրները չեն, ու հույսը դնեն միայն իրենց վրա: Ինչպես Նժդեհն է արել»:

Ադրբեջանի վերջին գնումները մտահոգության տեղիք են տալիս նաև շարքային ստեփանակերտցիներին, ովքեր միգուցեև հանգամանորեն տեղյակ չեն հարեւան պետության ձեռքբերումներից, բայցև չեն մոռացել ոչ հեռու անցյալում իրենց առօրյայի մաս դարձած «Գրադ», «Ալազան» զինատեսակների մասին:
XS
SM
MD
LG