Մատչելիության հղումներ

Նոր ՀԴՄ-ներ տեղադրելու պահանջը դժգոհություն է առաջացրել


Հուլիսի 1-ից 500 միլիոն դրամ և ավելի իրացում ունեցող կազմակերպությունների համար կիրառության մեջ է մտել հսկիչ դրամարկղային նոր մեքենաներ: Խոշոր հարկատու կազմակերպություններից մեկի ներկայացուցիչն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրենց համար դեռ պարզ չէ՝ այդ նոր մեքենաները որքան իրենց նպատակին կծառայեն, սակայն հստակ է, որ մեծ գումարներ են ծախսել մեքենաներ ձեռք բերելու համար:

Հունիսի 27-ի նիստում կառավարությունը մեկ ՀԴՄ-ի գինը հաստատեց 369 600 դրամ, նախկին 180 հազարի փոխարեն: Գործարարը նշում է, որ ունեն երկու հարյուրից ավելի մասնաճյուղ, և ստիպված են եղել շրջանառությունց մեծ գումար դուրս բերել, որպեսզի յուրաքանչուր մասնաճյուղի ՀԴՄ-ի համար վճարեն օրենքով սահմանված գումարը: Նշում է, որ թիվը մեծ էր, որը սակայն այս տարվա բյուջեով նախատեսված չէր, արդյունքում կտրուկ փոխվել է կազմակերպության դրամական շրջանառությունը:

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր եղավ հուլիսի մեկից մեքենաները կիրառել, զրուցակիցս պատասխանեց, որ օրենքը կար, իսկ մեքենաների ձեռք բերման ընթացակարգը իրենց համար դեռ անորոշ էր: Նշում է, որ պարբերաբար զանգում էին հարկային, նրանց թեժ գծին և միայն հունիսի 28-ին հարկայինից տալիս են հաշվեհամար, որպեսզի մինչև օրվա վերջ փոխանցեն ողջ գումարը, իսկ հայտը խնդրում են ներկայացնել Էլեկտրոնային տարբերակով: Զրուցակիցս հավելում է, որ 28-ը ուրբաթ էր, դիմացը շաբաթ, կիրակի, իսկ երկուշաբթի ամսի մեկն էր և օրենքն ուժի մեջ էր մտնում: Ստացվում է, եթե այդ պահին ընկերությունը ազատ գումար չունենար, ուրեմն փաստի առաջ էր կանգնելու. առաջին անգամ հարկայինը կտուգաներ 150 հազար, երկրորդ անգամ՝ 300 հազար դրամ:

Իսկ թե որն է նոր մեքենաների առավելությունը զրուցակիցս թվարկել չկարողացավ, նշեց, որ ամսի 4-ին նախատեսված է դասընթաց, գուցե այդտեղ իրենց համար դրական բացահայտումներ լինեն, սակայն մինչև այս պահը բացասականից բացի, դեռ իրենց համար դրական կողմ չեն արձանագրել:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման կարևոր ու առաջնային շարժառիթը այն էր, որ այնտեղ հնարավոր չէ ծրագրային միջամտություն իրականացնել և այդ կերպ նվազեցնել իրացման շրջանառության ծավալները:

Միրումյանը վստահեցնում է սա ոչ թե դժվարացնելու, այլև հեշտացնելու է բիզնեսի կյանքը։

«Օրինակ, այսօր բիզնեսը խնդիր ունի առաքումների հետ կապված, երբ տնտեսվարող սուբյեկտներն առաքում են կատարում և տեղում է պարզվում՝ անհրաժեշտություն կա՞ այդ ապրանքը վաճառելու, թե՝ ոչ: Այսինքն դրանք շրջածախ կետերն են, որտեղ որոշումները տեղում են կայացվում և որոշակի անհարմարաություններ կան դրա հետ կապված հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու առումով, իսկ այս ՀԴՄ-ն, որն ունի Windows օպերացիոն համակարգ, հնարավորություն է տալու կապ ունենալով մեր հարկային հաշիվների դուրս գրման համակարգի հետ, հենց միանգամից տեղում, եթե կա արդեն պատվերի համաձայնություն ապրանքը գնելու վերաբերյալ տեղում գնորդի անունով դուրս է գրում համապատասխան հաշվարկային փաստաթուղթ և արտացոլում իր իրացման շրջանառությունները», - ասաց պաշտոնյան:

Իսկ ՀԴՄ-ի գնի բարձրացումը, ինչը հարուցել է գործարարների բողոքը, Միրումյանը կապեց մեքենաների նոր գործառույթների ավելացման հետ. - «Ըստ էության ՀԴՄ-ն կատարում է նաև պոստ տերմինալի գործառույթ, որն այսօր առանձին իրականացնում են տարբեր տնտեսվարող սուբյեկտներ, սարքը նաև վերազինվել է նոր օպերացիոն համակարգով, որը բիզնեսին պատճառելու է իմ կողմից նշված այդ հարմարավետությունը»։

Հարցին, թե արդյոք խոշոր հարկատուների համար կա՞ սահմանված վերջնաժամկետ, որից հետո ընկերությունները կտուգանվեն նոր ՀԴՄ-ներ չունենալու համար, ՊԵԿ նախագահի տեղակալ պատասխանեց. - «Արդեն իսկ կազմակերպությունները պարտավոր են դիմել, և օրենքը որևէ ժամկետ չի նախատեսել, այսինքն եթե տնտեսվարող սուբյեկտները չհետևեն մեր հորդորներին և չներդնեն հսկիչ դրամարկղային նոր մեքենաներ, բնականաբար, տուգանքները կիրառվելու են»։

Իսկ իրացման շրջանառության ավելի ավելի փոքր ծավալ ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար հսկիչ դրամարկղային ներդրման վերջնաժամկետ է սահմանվել 2015 թվականի հունվարի 1-ը:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ սա որևէ կերպ չի վնասի փոքր և միջին ձեռնարկություններին, քանի որ կառավարությունը մշակել է սուբսիդավորման կարգ և պետությունն այդ ծախսերը վերցնելու է իր վրա:

«Սա վնաս է ստվերում աշխատողին, սա վնաս է իր շրջանառությունը ցույց չտվողին, տանիքի տակ աշխատողին, որը ձգտում է իր ծավալները ցույց չտալ, իսկ օգուտ է բոլորին, որովհետև ինքը շատ ժամանակակից գիտական մշակված ինֆորմատիվ համակարգ է կառավարելու և արդյունք ստանալու։ Վնաս է չակերտավոր լավ պայմաններում գործող գործարարներին՝ կապ չունի փոքր, թե՝ խոշոր: Խոշոր բիզնեսը պետք է վճարի, սա այն գինն է մաքրվելու, բաց ճակատով հանդես գալու, այո, թանկ գին է, իսկ կաշառք տալը թանկ չէ», - նշեց Ղազարյանը:

Անդրադառնալով նոր սերնդի ՀԴՄ-ների ֆունկցիոնալ կողմին՝ Ղազարյանը նշեց, որ այս կերպ հեշտանում է աշխատանքը հարկային դաշտի հետ:

Ղազարյանը հավելում է, որ օրեր առաջ վարչապետի հետ հերթական աշխատանքային հանդիպման ժամանակ իրենք առաջարկել են ՀԴՄ տեղադրել նաև առաքիչ մեքենաներում։

«Եթե մենք հետևողական տանենք վարչարարության այդ գիծը, ապա շատ արագ կհանի այն խնդիրը, որը հինգ տարի է չենք կարողանում լուծել: Փոքր առևտրականները չեն վերցնում հաշվի ապրանքագիր, թե մեծերը չեն տալիս: Եթե առաքող համակարգերի վրա կա, ապա նա անմիջապես կապված ՊԵԿ-ի ֆորմատիվ կենտրոնի հետ հնարավորություն է տալիս լրացնել և թղթի պրոբլեմն օրակարգից դուրս է գալիս», - ասաց Ղազարյանը:
XS
SM
MD
LG