Մատչելիության հղումներ

Բախշյան․ «Ալեքսանյանի եղբորորդուն թաղապետ նշանակելու հող է նախապատրաստվում»


Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյան, արխիվ
Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյան, արխիվ
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը բարձրաձայնում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամենշաբաթյա խորհրդակցություններին արդեն երկրորդ երկուշաբթին է այլ վարչական շրջանների ղեկավարների կողքին Մալաթիա-Սեբաստիա համայնքը ներկայացնում է 24-ամյա Արտակ Ալեքսանյանը: Նա վարչական այս շրջանից ընտրված պատգամավոր, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ, գործարար Սամվել Ալեքսանյանի եղբորորդին է:

Բախշյանը Մարգարյանից գրություն է ստացել, որում Երևանի քաղաքապետը տեղեկացրել է, թե Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը այլ անձ է` վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Սամվել Հարթենյանը:

«Հիմա ուզում եմ հասկանալ, թե այս խորամանկությունը՝ պարզունակ խորամանկությունը ի՞նչ է նշանակում: Ենթատեքստը գիտեմ, որ Սամվել Ալեքսանյանի եղբոր տղան, որի տարիքը դեռևս 25 չէ, շատ ուզում է Սամվել Ալեքսանյանը, որ նշանակվի վարչական շրջանի ղեկավար, բայց գիտեն, որ տարիքի նկատմամբ օրենքի պահանջ կա, և, փաստորեն, մինչև 25-ը լրանա՝ որոշել էին Սամվել Հարթենյանին ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, բայց նույնիսկ դա զանց են առել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց մայրաքաղաքի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, հիշեցնենք, թափուր մնաց, երբ թաղապետ Դավիթ Օհանյանը նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ:

Ըստ Հայաստանի ընտրողների ռեգիստրի տվյալների, Սամվել Ալեքսանյանի եղբորորդու` Արտակի 25-ամյակը լրանում է այս տարվա սեպտեմբերի 28-ին: Անահիտ Բախշյանը համոզված է, որ քաղաքապետի խորհրդակցություններին Ալեքսանյանին ուղարկելով՝ հող է նախապատրաստվում, որ 25 տարեկանը լրանալուն պես նա նշանակվի թաղապետ:

«Պարզունակ կեղծիքը, որ ուզում են ինչ-որ բան թաքցնել, չի հաջողում: 25 տարեկան պատանին վարչական շրջանի ղեկավար պարզապես չի կարող լինել, որովհետև ոչ մի հմտություն չունի, առաջին հերթին, մարդկանց հետ շփվելու՝ իրենից տարիքով շատ ավելի մեծ, և կարծում եմ, որ Սամվել Ալեքսանյանը հեչ լավություն չի անում իր եղբոր տղային», - շեշտեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավարը:

Երեւանի քաղաքապետարանում, մինչդեռ, հակադարձում են․ Արտակ Ալեքսանյանը փոխթաղապետն է եւ օրենսդրական որևէ արգելք չկա, որ թաղապետի փոխարեն նա մասնակցի Տարոն Մարգարյանի հրավիրած խորհրդակցություններին: Քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Արթուր Գևորգյանի փոխանցմամբ՝ Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Հարթենյանը տեղյակ է պահել Երևանի քաղաքապետին, որ իր փոխարեն 24-ամյա տեղակալն է մասնակցելու նիստերին:

«Ես չգիտեմ տիկին Բախշյանին ինչն է անհանգստացնում, բայց ամեն դեպքում օրենքով սահմանված կարգով որևէ խախտում այս դեպքում գոյություն չունի», - պնդեց Գևորգյանը:

Քաղաքապետարանում վստահեցնում են, որ թեև Արտակ Ալեքսանյանը երիտասարդ է, բայց նոր մարդ չէ թաղապետարանում, նախկին թաղապետն էլ է Ալեքսանյանին լիազորել իր փոխարեն մասնակցել քաղաքապետարանի նիստերին:

Անահիտ Բախշյանի կանխատեսումները, թե Ալեքսանյանն ապագա թաղապետն է, Արթուր Գևորգյանի գնահատմամբ՝ միայն ենթադրություններ են, եւ քաղաքային իշխանությունները դրանք չեն մեկնաբանում:

Հարցին, թե ինչու Տարոն Մարգարյանը չի շտապում համայնքի նոր ղեկավար նշանակել, Արթուր Գևորգյանը պատասխանեց, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը ժամկետներ չի սահմանում, եւ շարունակեց․ - «Ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը եւս քաղաքապետի գործառույթների շրջանակում է, եւ այդ նշանակումը կատարվել է՝ ժամանակավոր պաշտոնակատար կա, պաշտոնը թափուր չէ: Ամեն ինչ օրենքի շրջանակում է: Թե ինչու ժամանակավորի փոխարեն հիմնական չի նշանակում, դա, կներեք, արդեն քաղաքապետի որոշելիքն է»:

Նշենք, որ Արտակ Ալեքսանյանը հրաժարվում է շփվել լրագրողների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG