Մատչելիության հղումներ

Հունիսի 29-ի մամուլ


Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան առաջին տարելիցի առիթով Lragir.am-ը գրում է. - «Ինչպես կասեր Հայաստանի երկրորդ նախագահը՝ գործը իսկապես ուչաստկովիի մակարդակի գործ է, որը սակայն արդեն մեկ տարի է չի հասել իր ավարտին, ընթանում է դատական գործընթաց, որտեղ ամբաստանյալների ոչ թե արդարացի պատժի հավանականությունն է ավելանում, այլ նրանց ցինիզմը հասարակության եւ անգամ տուժողի իրավահաջորդների հանդեպ: Ժամանակի ընթացքում իրեն ավելի ու ավելի վստահ սկսեց զգալ նաեւ Ռուբեն Հայրապետյանը, իսկ երկրի առաջին դեմքերը՝ Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, նրա հետ սկսեցին ֆուտբոլ նայելու գնալ», - նկատում է էլեկտրոնային պարբերականը` եզրակացնելով. - «Անպատժելիության մթնոլորտը ստեղծում է հանցանքի ծնման նպաստավոր պայմաններ, իսկ ծնունդը արդեն դառնում է ժամանակի հարց»:

«Չորրորդ ինքիշխանություն»-ը գրում է. - «Հայաստանի ներքաղաքական կյանքը միայն առաջին հայացքից է համարյա մեռած, իրականում վիճակը երբեւէ այսքան լարված չի եղել, ընդ որում խնդիրը միայն սոցիալական լարվածությունը չէ: Կենաց մահու ճակատամարտեր են ընթանում միանգամից մի քանի ճակատներում: Մի կողմից տնտեսական կլաններն են իրար դեմ ելել եւ սկսել կոմպրոմատների հրապարակումը, մյուս կողմից` Սերժ Սարգսյանն է աջուձախ խուճապահար վազվզում Եվրասիական միության եւ եվրաինտեգրման միջեւ: Ու հասկանալի է, որ խաղեր տալու ռեսուրսները սպառված են, եւ Հայաստանը մոտ ապագայում բառիս բուն իմաստով հայտնվելու է անկախության կորստի փաստի առաջ եւ այլն: Իսկ ամենավտանգավորն այն է, որ հասարակությունն այս ամենի վրա ազդելու որեւէ լծակ չունի: Ավելին` հասարակությունը մեծ հաշվով տեղյակ էլ չէ, թե ինչ է կատարվում»:

Թեման շարունակում է «Ժամանակ»-ը. - «Հայաստանում չկա մի ոլորտ, որը չի գտնվում ճգնաժամի խորը փուլում եւ չի վկայում պետության սնանկության մասին: Այս առումով, մի քանի օր շարունակ Հայաստանում խնդիրներ են առաջացել գյուղմթերքի, մասնավորապես ծիրանի մթերման հետ կապված: Գյուղացիները բողոքում են մթերողներից, որ նրանք դիտավորյալ գին են գցում: Մթերման գործընթացը ստացել է խայտառակ բնույթ: Այս երեւույթը լավագույնս է բնորոշում սեփական քաղաքացիների շահերը պաշտպանելու հարցում պետության կարողունակությունը: Այսինքն` մենք ունենք գյուղատնտեսության կատարյալ խեղված մի պատկեր, եւ սա այն դեպքում, երբ խորհրդարանական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը բոլոր պաշտոնյաներին կոչ արեց դեմքով շրջվել դեպի գյուղացին: Ըստ ամենայնի կոչը լսելով այնքան արագ ու թափով են շրջվել, որ 180 աստիճանի փոխարեն, 360 աստիճան պտույտ են կատարել եւ կրկին գյուղացուն մնացել մեջքով: Թեեւ հայ միջին վիճակագրական պաշտոնյանի դեպքում՝ անկախ զբաղեցրած պաշտոնի բարձրությունից, շատ դժվար է տարբերակել դեմքն ու մեջքը, որովհետեւ այդ պաշտոնյայի, այսպես ասած, աշխատանքը ոչ մեկի համար տեսանելի չէ»:

«Տիգրան Սարգսյանի «օֆշորային արկածները» դեռ առաջին ծաղիկներն են, որ տեսանելի են դարձրել հայաստանյան հասարակությանը: Առջեւում սպասվում են դաժան ծաղկեփնջփեր», - կանխատեսում է ilur.am-ը` մանրամասնելով. - «Իրադարձությունների նման զարգացման պարագայում Սերժ Սարգսյանի խնդիրն ավելի է բարդանում. նրա եւ վարչախմբի առջեւ բացվում է ներիշխանական բախումների, հարուստ զինանոցով կոմպրոմատային պատերազմների մի երկար ու փշոտ ճանապարհ՝ անկանխատեսելի վերջաբանով: Ովքեր այս ճանապարհից դուրս կգան ողջ (իմանալով ներկայիս ռեժիմի բնույթը՝ սա ամենեւին էլ չափազանցություն չէ), իսկ ովքեր՝ քիչ տուժած՝ բուրգի անդամներից ոչ ոք չի կարող իմանալ: Եվ այդ ճանապարհին չի լինելու իրավագիտակցության, բարոյականության, պետական մտածողության որեւէ դրսեւորում: Ավազակապետական բուրգի քաոտիկ վիճակը, ինչպես նաեւ ներսում գործող վարքականոնները ստիպում են վարչախմբի անդամներին չխորտակվելու համար անխնա խորտակել կողքիններին: Առանց աչք թարթելու՝ ուրանալով խնամիությունն ու քավորսանիկությունը, ինչպես նաեւ նախկինում գործած համատեղ հանցանքների հետեւանքով առաջացած փոխադարձ կապվածությունը: Եվ այս ամենը՝ Եվրամիություն-Եվրազես երկընտրանքի, Ադրբեջանի՝ արագ տեմպերով զինվելու, գազի, հոսանքի ու ամեն ինչի թանկացման, ինչպես նաեւ խորացող արտագաղթի ֆոնին»:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Ես չգիտեմ դուք ինչպես, բայց ինձ զարմացնում է երկրի նախագահի՝ հարսանիքի քավոր կանգնելու փաստը, անգամ եթե ամուսնացողը տաղանդավոր շախմատիստ է: Ինձ զարմացնում է նաեւ դատախազության չգիտեմքանիամյակին նվիրված շքեղ տոնակատարությունը, որտեղ փեսացուի նման սպիտակ հագած դատախազը դատախազության հուշամեդալ է հանձնում երկրի վարչապետին: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ են ուզում ցուցադրել օդանավակայանում կազմակերպած շքերթով: Մանավանդ եթե հաշվի առնենք, որ մի քանի օր է՝ դաժան քննադատության են ենթարկում Բաքվի նմանատիպ ցուցադրությունը: Երբ այս բոլոր քննարկումներն ու տոնախմբությունները դնում ես մի հարթության վրա, տպավորություն է ստեղծվում, թե մենք Հայաստանում չենք ապրում, այլ եվրոպական բարեկեցիկ երկրում, որտեղ ուտել-խմելուց-հարսանիք անելուց ու ոչ շատ պրոբլեմային հարցեր քննարկելուց բացի այլ անելիք չկա»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG