Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյան. Հանրապետականները պահպանողականներ են


«Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը կարծում է՝ իշխող Հանրապետականում գոյություն ունեն պահպանողականների եւ բարեփոխումների ձգտողների հակամարտող թեւեր։

Մարտիրոսյանը նրանց ահել-ջահելի չբաժանեց. - «Երիտասարդները կարծեք թե մի փոքր ավելի զերծ են նախկինում տեղի ունեցած թալանից, տարբեր տեսակի գործողություններից, որոնք պետական ինստիտուտներ են ձեւախեղել։ Ընդամենը, այսպես ասեմ, իրենք իրենց քաղաքական ուժի պաշտպանի դերում են հանդես եկել։ Պաշտպանել են, բայց պաշտպանելու բան չկար այնտեղ պաշտպանելու համար։ Այ այդ պաշտպանելու համար իրենք քավարանով պիտի անցնեն, բայց ընդդիմության քավարանով պետք է անցնել, պետք է մաքրվեն։ Երկրորդ՝ նաեւ խնդիր կա, որ այդ մարդիկ կարողանան որոշում կայացնող լինեն»։

Ընդդիմադիր Մարտիրոսյանը կարծում է՝ բարեփոխումների ձգտողները կուսակցության որոշումներին հրապարակային հակադրվել չեն կարող. - «Կաշկանդված չլինելով՝ կողմ կլինեին փոփոխությունների, բայց հրապարակային, բնականաբար, իրենք չեն կարող դա ասել, որովհետեւ հաջորդ պահին այնպիսի հոսանք կգա իրենց վրայով կանցնի հենց իրենց իշխանական ուժում, որ իրենց դա ճիշտ չի թվա»։

Բայց իշխանության ներսում փոփոխություններով երկրում դրական փոփոխությունների չես հասնի, համոզված է Մարտիրոսյանը. - «Բոլորը բոլորի դեմ կոմպրոմատ ունեն։ Այդպիսի համակարգում ինչ-որ մի քանի չակերտավոր բարեփոխիչ, կամ իրական բարեփոխիչ, ոչինչ չեն կարող անել։ Այդ համակարգը միայն հնարավոր է ինչ-որ համաժողովրդական ալիքով փոխել։ Այդ համաժողովրդական ալիքն է, որ այդ բարեփոխիչներին կարող է ուժեղացնել։ Ճնշումը դրսից գոյություն չունի, հակառակը, ներսի այդ կոնսերվատոր, այն հին թալանին մասնակցած, քրեաօլիգարխիկ թեւն է ուժեղանում»։

Տեսակետների բախումներ Հանրապետականում լինում են, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չթաքցրեց Հանրապետական, Ազգային ժողովի գիտության, կրթության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, բայց դրանք հակամարտող թեւեր կտրականապես չցանկացավ կոչել. - «Կան մարդիկ, ովքեր որ մտածում են որոշակիորեն այս կամ այն հարցի շուրջ նույն կերպ, բայց սա չի նշանակում, որ բոլոր հարցերի շուրջ նրանք ունեն միեւնույն կարծիքը»։

Կոռուպցիայի վերացման հարցում, Դավթյանն ասաց, ինքն ամենահեղափոխական քայլերի կողմնակից է. - «Հասել է այդ ժամանակը։ Այ հենց այդ ժամանակը հասնում է, այդ ժամանակ պիտի կատարես ամենաշրջադարձային ու ամենահեղափոխական քայլերը։ Կարծում եմ, որ ոչ մի կոռուպցիոներ ուղղակի անպատիժ չպիտի մնա։ Ցանկացած բացահայտում, որը կատարվում է ու ցանկացած նմանատիպ հարցադրումներ, որոնք մամուլում չորրորդ իշխանության միջոցով ջրի երես են դուրս գալիս, պիտի մենք մինչեւ վերջ պարզենք այն աստիճանի, որ հնարավորինս քիչ կասկածներ մնան»։

ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովում իշխող ուժի խմբակցությունը ղեկավարող Գալուստ Սահակյանը իրենց այսպես է բնորոշում. - «Հանրապետականները պահպանողականներ են եւ մենք հեղափոխական տեղաշարժեր ընդամենը չենք ընդունում»։

Ցանկացած կուսակցության մեջ էլ տեսակետների բազմազանություն պետք է լինի։ Հանրապետականն էլ է ժողովրդավարական կուսակցություն, պնդում է Գալուստ Սահակյանը, ազատ խոսում են բոլորը, բայց ենթարկվում են վերջնական որոշմանը, որը, ըստ Գալուստ Սահակյանի, միշտ Սերժ Սարգսյանինն է։

Հանրապետականի փոխնախագահն էլ, իր կուսակից Արտակ Դավթյանի նման, երկրորդ կարծիք չի հանդուրժում՝ հանցագործը պետք է պատժվի։ Բայց, օրինակ, Վերահսկիչ պալատի մեծ աղմուկ հանած հաշվետվության դեպքում, Գալուստ Սահակյանի խոսքով, մյուս կողմերին էլ պետք է հնարավորություն տրվի կարծիք հայտնել։ Մյուս կողմերն այս դեպքում Վերահսկիչ պալատի պնդմամբ, միլիոնավոր դրամների չարաշահումներ կատարածներն են. - «Ես ավելի շատ կողմնակից եմ բաց քննարկումների, որովհետեւ դա հիմնական պրոֆիլակտիկան է։ Ոչ թե կարեւորելով, որ պիտի պատիժներ լինեն, ես ավելի շատ կողմնակից եմ, որ այնպիսի պատիժներ լինեն, որպեսզի հետագայում մարդիկ ավելի լուրջ դիտարկեն իրենց գործունեությունը։ Հասարակությունն ինքը ամենամեծ վերահսկողն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG