Մատչելիության հղումներ

Դատարանը չփոխեց Վարդան Սեդրակյանի խափանման միջոցը


Երեք ժամ տեւած քննարկումից հետո դատավոր Գագիկ Պողոսյանը որոշեց մերժել Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի փաստաբանի ներկայացրած միջնորդությունը` իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը խնդրեց դատարանին ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց կիրառել, գրավի դիմաց ազատ արձակել Վարդան Սեդրակյանին: Ըստ Սիրունյանի` հիմնավորումներ չկան, որ Սեդրակյանը թաքնվի կամ խոչընդոտի գործին: Սեդրակյանն էլ իր հերթին ասաց, որ եթե գործի հետ առհասարակ կապ ունենար, կթաքնվեր այն ժամանակ, երբ հեռուստատեսությամբ տեսավ, որ ձերբակալել են Խաչիկ Պողոսյանին եւ Սամվել Հարությունյանին: Ամբաստանյալն ասաց` մերժման դեպքում իր փաստաբանին կխնդրի դիմել Եվրոպական դատարան:

Տուժող Պարույր Հայրիկյանը Սեդրակյանի խափանման միջոցը փոխելուն դեմ չարտահայտվեց, սակայն դա չազդեց դատարանի որոշման վրա:

Փաստաբան Սիրունյանի միջնորդությունը պայմանավորված էր նաեւ այն հանգամանքով, որ ամբաստանյալներ Խաչիկ Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը դատաքննության ժամանակ հայտարարել էին, թե Սեդրակյանը նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի հետ կապ չունի: Հարությունյանը ասել էր, թե Սեդրակյանի անունը տվել է` նրանից գումար շորթելու նպատակով:

Այսօր Հարությունյանը դատարանում ցուցմունք տալիս նշեց, որ Սեդրակյանը մոտ հինգ հազար դոլար էր իրեն պարտք եւ չէր տալիս. - «Կամաց-կամաց մեջս հավաքվում էր, էլի», - ասաց նա:

Ինչո՞ւ հենց Հայրիկյանին. այս հարցին ամբաստանյալը պատասխանեց, որ նա ճանաչված մարդ է, աղմուկն ավելի շատ կլիներ: Հարությունյանը պնդեց, որ ցանկացել են միայն վախեցնել Հայրիկյանին, նրան սպանելու նպատակ չեն ունեցել: Այնուհետեւ նա հրաժարվեց պատասխանել հարցերին:

Դատախազ Արամ Ամիրզադյանը, էական տարբերություն տեսնելով նախաքննության եւ դատաքննության ժամանակ Հարությունյանի տված ցուցմունքների միջեւ, ընթերցեց նախաքննական ցուցմունքները: Ցուցմունքներից մեկում նորից հիշատակվում էր Հայաստանի նախագահ եղբորն ու փեսային վախեցնելու հանգամանքը: Նման նախաքննական ցուցմունք էր տվել նաեւ Խաչիկ Պողոսյանը:
XS
SM
MD
LG