Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորների համար անհասկանալի է կառավարության կեցվածքը


Վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմում է Ազգային ժողովին, արխիվ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմում է Ազգային ժողովին, արխիվ
Իրավապահ համակարգն ու դատախազությունը անելիք ունեն Վերահսկիչ պալատի բացահայտումների գործերով, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց իշխող Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը` պարզ համարելով, որ խնդիրը պետք է տեղափոխվի իրավական հարթություն:

Ազգային ժողովի աղմկահարույց քննարկումներից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հայտարարեց, որ ինքը խիստ շահագրգռված է Վերահսկիչ պալատի բացահայտումների գործերը իրավապահ մարմիններին ուղարկելու հարցում, եւ որ հանձնարարել է կառավարության անդամներին պատրաստել նյութերն ու ներկայացնել դատախազություն:

«Գործը իրավապահներինն է, եւ իսկապես, եթե կա որեւէ մի ոլորտ, որեւէ նախարար, որեւէ վարչության պետ, գերատեսչության ղեկավար, որը կատարել է չարաշահումներ, այո, նրանք պետք է պատժվեն, անպայման պետք է պատժվեն, որովհետեւ որեւէ «չաղ ու բախտավոր» նախարար կամ վարչության պետ, կամ գերատեսչության ղեկավար իրավունք չունի այդ ճանապարհով հարստանալու կամ իրեն արտոնյալ կարգավիճակում զգալու: Այդ մտածելակերպը վաղուց մեր միջից պետք է հանենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հովհաննես Սահակյանը:

Հարցին, թե այսինքն պաշտոնյաներն ինքնագլո՞ւխ են գործել, Սահակյանը պատասխանեց, որ շատ դեպքերում «միջին օղակի չինովնիկներն շատ ավելի մեծ չարաշահումներ են անում, իրենց վրա վերցնելով լիազորություններ, քան ղեկավարները կարող են տեղյակ լինել»:

«Ես չեմ ասում, որ «վերեւը» կամ գերատեսչության ղեկավարը, կամ այս կամ այն վարչության պետը սուրբ են, եւ միայն միջին օղակներն են, բայց եկեք մարդկային գործոնը չբացառենք», - ասաց նա:

ՀՀԿ խմբակցության քարտուղարի համար դեռեւս հստակ չէ, թե որքանով են Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հայտարարությունները ԱԺ-ի ամբիոնից համահունչ նրա արձանագրած փաստերին:

«Ես կարծում եմ, որ եթե կան նմանատիպ չարաշահումներ, որոնց մասին խոսեց Իշխան Զաքարյանը, ապա պետք է տվյալ ոլորտի պատասխանատուներն ամբողջական պատասխանատվություն կրեն: Իսկ եթե թիվ մեկ ամբիոնից նա հայտարարություններ է անում ընդամենը հնչեղություն ապահովելու համար, առանց բովանդակության, կարծում եմ` հետեւանքները պետք է լինեն եւ քաղաքական, եւ քրեական, եւ վարչական», - ասաց Սահակյանը:

Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը մի քանի ամսից ավարտվում է. Հովհաննես Սահակյանը չցանկացավ ենթադրություններ անել, թե արդյոք հնարավոր է կառավարության ներկայացրած նյութերն ուսումնասիրելու արդյունքում իրավապահ մարմինները հիմնավորված չհամարեն Զաքարյանի հրապարակած չարաշահումների փաստերը, եւ նա չվերանշանակվի այս պաշտոնում:

Դատախազությունը տեղեկացնում է, որ Վերահսկիչ պալատը 2012-ի այս զեկույցի առնչությամբ դեռ ընդամենը մեկ հաղորդում է ներկայացրել` միայն դատաիրավական բարեփոխումների ոլորտում տեղ գտած չարաշահումների մասով:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր դիմել է Իշխան Զաքարյանին` առաջարկելով քրեաիրավական բնույթի կասկածներ հարուցող համապատասխան դրվագները ուղարկել գլխավոր դատախազություն: Ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մտահոգիչ համարեց պալատի «ընտրովի մոտեցումը»:

«Երբ ուսումնասիրում ես այդ փաստաթուղթը, հստակ հասկանում ես, որ միանշանակ տեղի են ունեցել բազմաթիվ հանցագործություններ, որոնք պետք է նույնպես հենց նույն Վերահսկիչ պալատի կողմից ներկայացվեին: Այս ընտրովի մոտեցումը նույնպես մտահոգություն է մեզ պատճառում, որովհետեւ եթե դու մենակ մեկի վերաբերյալ ես այդպիսի փաստարկ ներկայացնում, ապա հարց է ծագում` ինչո՞ւ մնացածին անտեսեցիք», - ասաց Փոստանջյանը:

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարություններին, Փոստանջյանը կասկած հայտնեց, որ սա «բեմադրություն» է, քանի որ զեկույցը եւ կառավարությանը, եւ նախագահին, եւ խորհրդարանին հասանելի է եղել դեռ 2.5 ամիս առաջ, տեղադրված է եղել կայքում, բայց մինչ խորհրդարանական սուր քննարկումները, ոչ ոք դրա մասին չի խոսել:

«Հարց է առաջանում` ինչո՞ւ Հայաստանի Հանրապետության վարչապետը հենց տեղեկացման պահից ընթացք չի տվել, նախագահը ընթացք չի տվել , գլխավոր դատախազն ընթացք չի տվել», - ասաց պատգամավորը:

Ընդդիմադիր ՀԱԿ պատգամավոր, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը նաեւ դատախազությանը մեղադրեց պասիվության մեջ, հայտարարելով, որ իրավապահները պետք է վաղուց արձագանքած լինեին Վերահսկիչի հրապարակած փաստերին, անկախ նրանից իրենց հաղորդում կներկայացվեր, թե ոչ:

«Չէ՞ որ այդ հաշվետվությունը, եւ մինչեւ տարեկան հաշվետվությունը նաեւ ոլորտային ուսումնասիրությունների հաշվետվությունները, ամփոփագրերը, բոլորը տեղադրված են Վերահսկիչ պալատի ինտերնետ էջում: Դրանք հանցագործության հարուցման առիթներ են: Եթե խոսքը 2012 թվականին առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների մասին է, ապա մենք առնվազն հիմա պետք է ունենայինք այդ դեպքերով հարուցված քրեական գործերի վիճակագրություն, որպես մեղադրյալ ներգրավված անձանց վիճակագրություն, 2011 թվականի նման հաշվետվության վերաբերյալ արդեն պետք է ունենայինք դատական ակտերի վիճակագրություն: Սակայն 2013 թվականի վեցերորդ ամիսն ավարտվում է, հիմա նոր մենք որոշում ենք այդ նյութերն ուղարկել դատախազություն»,- ասաց Ջհանգիրյանը` հավելելով. - «Ինչո՞ւ մինչեւ հիմա մեր իրավապահ մարմինները այս փաստերին ընթացք չեն տալիս. կարող է լինել երկու բացատրություն` կամ Վերահսկիչ պալատը ուռճացված թվեր, փաստեր է նկարագրում, կամ էլ գլխավոր դատախազությունը ստուգում, ստուգում է, կոծկում է»:
XS
SM
MD
LG