Մատչելիության հղումներ

«Հարսնաքար»-ի դեպքից մեկ տարի անց


Վահե Ավետյանի հուղարկավորությունը
Վահե Ավետյանի հուղարկավորությունը
Մեկ տարի առաջ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցածի վերաբերյալ գնահատականների առանցքում շարունակում է մնալ պնդումը, որ ռազմական բժիշկ, 33-ամյա մայոր Վահե Ավետյանը դարձավ երկրում որոշ մարդկանց համար ստեղծված ամենաթողության եւ անպատժելիության մթնոլորտի զոհը:

Երկու անչափահաս երեխաների հայր, երիտասարդ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում 2012-ի հունիսի 17-ի ծեծից 12 օր անց մահացավ զինվորական հոսպիտալում:

Դեպքին հաջորդեցին բողոքի բազմամարդ ու տեւական ակցիաներ:

Երկու ամիս առաջ Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանն այս գործը քննող դատարանին հանձնեց Վիեննայի համալսարանի պրոֆեսորների եզրակացությունը, ըստ որի՝ Վահե Ավետյանի ուղեղը մահացել է վնասվածք ստանալու պահին: Իսկ այս գործով վեց ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ոչ թե սպանության, այլ առողջությանը դիտավորությամբ կյանքի համար վտանգավոր ծանր վնաս պատճառելու եւ անզգուշությամբ նրա մահն առաջացնելու, այս գործով եւս 4 տուժողներին ծեծելու համար:


Նախաքննության հետեւանքները

Նախաքննությունը նախ իրականացրեց Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը, սակայն, օրեր անց, Գլխավոր դատախազի որոշմամբ, գործը փոխանցվեց Ոստիկանությանը: Ոստիկանապետ Վովա Գասպարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, թե նախաքննությունը բոլոր հարցերին կպատասխանի:

Նախաքննությունը, սակայն, բոլոր հարցերին չպատասխանեց: «Հարսնաքար»-ի գործին հետեւողներն այս պնդումը հիմնավորված են համարում՝ եզրահանգումներ անելով մի շարք հակասություններից:

Շատերի գնահատմամբ` անգամ մեղմ մեղադրանքները չընդունող ամբաստանյալների պաշտպաններն են դժգոհում նախաքննությունից՝ պնդելով, որ նախաքննական մարմինը չի անհատականացրել ամբաստանյալներից յուրաքանչյուրի գործողությունները:


Ռուբեն Հայրապետյանը՝ ուշադրության կենտրոնում

Դեպքից երկու ամիս անց Ոստիկանությունը հայտարարեց քրեական գործի նախաքննությունը 6 ամբաստանյալների մասով ավարտելու եւ գործից մաս անջատելու վերաբերյալ: Տուժող կողմի փաստաբանները ներկայացնում էին միջնորդություններ՝ պահանջելով, մասնավորապես կատարել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքի ամբողջական զննություն: Նախաքննությունն ավարտվեց, բայց դեռ կային կասկածներ՝ տեսագրության լինել-չլինելու կապակցությամբ: Փաստերը ստուգելու միջնորդությունները նույնպես չբավարարվեցին: Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվեց որպես վկա:

Դատավարության ընթացքում` ապրիլի 19-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել Ռուբեն Հայրապետյանին: Դատավորն այդպես էլ որոշում չկայացրեց: Բայց Ռուբեն Հայրապետյանը ներկայացավ, իր խոսքով՝ ինքնակամ: Հազվագյուտ դեպք է, երբ որեւէ անձ առանց դատարանի որոշման ներկայանում է հարցաքննության:

Տուժող կողմը ներկայացնող փաստաբան Տիգրան Եգորյանը հակասություններ տեսավ Հայրապետյանի նախաքննության եւ դատաքննության ընթացքում տված ցուցմունքներում:


Իրավական պատասխանատվություն

Հակասում են անցած ամիսներին տուժողների եւ ամբաստանյալների ցուցմունքները: Ռազմական բժիշկ Արտակ Բայադյանը վկայում էր, որ ծեծողները ոչ միայն այն վեց անձինք էին, որոնք ներկայումս ամբաստանյալի աթոռին են. - «Երեւի մոտ մի 15-20 հոգի»:

Դեպքի մի շարք հանգամանքներ դեռ բացահայտված չեն: Ոստիկանությունը քրեական գործի նախաքննությունը 6 ամբաստանյալների մասով ավարտելու մասին հայտարարելով՝ նշել էր նաեւ գործից մաս անջատելու հանգամանքը: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության կարեւոր գործերի վարչության բաժնի պետ Արսեն Այվազյանն անցյալ տարի էր հայտարարում. - «Թե ծեծողների թիվը եղել է 10-15 հոգի, այս հարցի մասով նշեմ, որ քրեական գործում դա որպես վարկած քաշված է, նախաքննությունը դեռ շարունակվում է»:

Մինչեւ օրս, սակայն, հանրությանը նոր տվյալներ հայտնի չեն:


Հանրային պահանջներ

Իսկ փոխվե՞լ է հանրության վերաբերմունքը: «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական շարժման ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանն «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Հանրության մեջ բռնության հանդեպ եւ ֆինանսական հնարավորություն ունեցող մարդկանց հանդեպ անպատժելիության մթնոլորտի փոփոխություն է տեղի ունեցել: Հանրությունը ամեն դեպքում պահանջում է, որպեսզի այդ մարդիկ դատվեն օրենքի ողջ ուժով: Ցավոք, իշխանությունը չի փոխվել, մնացել է նույն բռնության մշակույթի կրողը»:

Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով` «Հարսնաքար»-ի գործով դատավարության հանդեպ վերջին ամիսներին խորացել է անվստահությունը:

«Կա խնդիր հանրային տրիբունալի: Որովհետեւ միայն այդ ձեւով` ոչ միայն անհնազանդության, այլ ցույց տալով, թե որն է իրական դատավարությունը, արդարադատությունը: Ես կարծում եմ, որ դա է ճիշտը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ալավերդյանը:
XS
SM
MD
LG