Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը ժամանում է Հարավային Կովկաս


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարա, արխիվ
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարա, արխիվ

Ուկրաինայի արտգործնախարարը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում կքննարկի հակամարտությունների խնդիրը։

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան քառօրյա այցով ժամանում է Հարավային Կովկաս, փոխանցում է «Ուկրինֆորմ» լրատվական գործակալությունը:

Ուկրաինայի արտգործնախարարության մամլո ծառայության բաժնի ղեկավար Եվհեն Պերեբինիսի խոսքերով` Կոժարան հունիսի 17-18-ը կլինի Ադրբեջանում, 18-19-ը` Վրաստանում եւ 19- 20-ը` Հայաստանում։

Այցի ընթացքում Լեոնիդ Կոժարան հանդիպելու է երեք երկրների ղեկավարներին եւ քաղաքական կուսակցությունների լիդերներին ու քննարկելու է Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի ակտիվությանը առնչվող հարցեր։ Անդրադարձ կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ ժնեւյան քննարկումներին, որոնց օրակարգում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շուրջ ռուս - վրացական լարվածությունն է։

Բացի այդ, Կոժարան քննարկելու է նաեւ Երեւանում եւ Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակի գործունեությանը առնչվող հարցեր։

Անցած ուրբաթ օրը` հունիսի 14-ին Լեոնիդ Կոժարան Կիեւում ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Պոպովին, ամերիկացի Իեն Քելլիին եւ ֆրանսիացի Ժակ Ֆորին, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին։

Համանախագահները Կոժարային զեկուցել են Հիմնարար սկզբունքների շուրջ ընթացող բանակցությունների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ վերջին հանդիպումների մասին։

Կոժարան ասել է, որ ինքը մեծ կարեւորություն է տալիս իր տարածաշրջանային այցին եւ հույս ունի այնտեղ բովանդակալից բանակցություններ անցկացնել։

Նա նաեւ հավաստիացրել է, որ Ուկրաինան պատրաստ է հնարավորինս աջակցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղած ջանքերին։

Լեոնիդ Կոժարայի փոխանցմամբ, Ուկրաինան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը համարում է ԵԱՀԿ-ում նախագահության առաջնահերթություններից մեկը։

Մինչեւ հունիսի վերջ նախատեսվում է Նալբանդյանի եւ Մամեդյարովի հանդիպումը, որի օրակարգում կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական բանակցությունների կազմակերպման հնարավորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG