Մատչելիության հղումներ

ДДТ-ն ելույթ կունենա Երեւանում կամերային ծրագրով


Հունիսի 16-ին Երեւանում ելույթ կունենա ռուսական հայտնի ДДТ ռոք խումբը իր կամերային Сольник համերգային ծրագրով:

Այստեղ են խմբի նոր` երիտասարդ կազմով:

«Որոշել ենք ավելի ժամանակակից ռոք նվագել, հենց այդ պատճառով խմբի հին անդամները իրենց տեղը զիջել են նորերին», - ասաց ДДТ-ի մեներգիչ եւ երգերի մեծ մասի հեղինակ Յուրի Շեւչուկը:

Сольник համերգային ծրագրի երգերը իրար հետ կապված են Շեւչուկի հեղինակած բանաստեղծություններով, որոնք հնչում են ընդմիջումներում:

«Լավ է, երբ համերգը ոչ թե մենախոսություն է, այլ վերածվում է երկխոսության, երբ հանդիսատեսի հետ զրուցում ես կյանքի մասին` սրամիտ, երբեմն` տխուր, երբեմն` ուրախ, բայց միշտ հեգնանքով», - ասաց Յուրի Շեւչուկը:

Հեգնանքով պատասխանեց նաեւ այն հարցին, թե հե՞շտ է արդյոք ապրել եւ գործունեություն ծավալել մի երկրում, որի վարած քաղաքականության հետ այդքան էլ համաձայն չէ։

«Ես ուրախ եմ ապրում: Վերջերս գերմանացի լրագրողներին ասացի, որ իրենց երկրում ձանձրանալ կարելի է, իսկ մեզ մոտ`Ռուսաստանում, հնարավոր չէ: Պետք է մտածես, թե ինչպես գոյատեւս, որ քեզ կուլ չտան բյուրոկրատիան եւ ամենատարբեր խնդիրները: Մեզ մոտ, որպեսզի ապրես, պետք է կատարյալ լավատես լինես», - ասաց երաժիշտը։

Դեռ 2008 թվականի Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո Շեւչուկը ելույթ ունեցավ նախագահական ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնվող Марш несогласных անվամբ բողոքի ակցիայի ժամանակ:

2010թ.-ին էլ այն ժամանկ դեռ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք ապրում են «կոռումպացված եւ ավտորիտար երկրում, որտեղ սահմանափակվում է խոսքի եւ մամուլի ազատությունը», հույս հայտնելով, որ իրենց երեխաները կապրեն ավելի ազատ եւ ժողովրդավար երկրում:

Գնահատելով, թե ինչ է փոխվել այդ խոսակցությունից ի վեր, Շեւչուկը նշեց. - «Հիմա պայքարը Ռուսաստանում բավական սրվել է: Պետության, ժողովրդի դերի մասին հին եւ նոր պատկերացումների պայքար է: Կարծում եմ Հայաստանում էլ է նույն իրավիճակը: Ցանկացած իշխանություն ազատ մարդկանց կարիքը չունի, մարդկանց, ովքեր իրենց կարծիքն ունեն, քանի որ միշտ ավելի հեշտ է ղեկավարել մի էլեկտորատի, որը ենթարկվում է քարոզչությանը եւ հնազանդ է: Այդ պատճառով ցանկացած ժողովուրդ իր քաղաքացիական իրավունքները պարզապես կորզել է իշխանությունից: Դա միշտ պայքարի արդյունքում է հաջողվել: Հիմա էլ այդ պայքարն է ընթանում թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում»:

Բացի սոցիալական խնդիրների արտացոլումից ДДТ-ի երգերում մեծ տեղ է գրավում նաեւ ազատության թեման, եւ խմբի մենակատարի խոսքով կարեւոր չէ, թե վարորդ ես, փականագործ, թե երաժիշտ, քո երկրի քաղաքացին ես եւ իրավունք եւ պարտականություն ունես սեփական կարծիքն ունենալու եւ արտահայտվելու այն մասին, թե դեպի ուր են տանում քո երկիրը դրա ղեկավարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG