Մատչելիության հղումներ

Երեւանի ավագանու արտահերթ նիստն անցավ լարված մթնոլորտում


Գրեթե բոլոր հարցերի քննարկումների ժամանակ ելույթ ունենալու համար գրանցվում էին «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչները։

Այսօր տեղի ունեցած Երեւանի ավագանու արտահերթ նիստը, հիմնականում ընդդիմադիր «Բարեւ Երեւան» խմբակցության ներկայացուցիչների ելույթների պատճառով, անցավ լարված եւ աննախադեպ բազմակարծության մթնոլորտում՝ տեւելով մի քանի ժամ։

Քննարկվող 13 հարցերից առաջինը վերաբերում էր Երեւանի քաղաքապետարանի, վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների եւ աշխատակիցների աշխատավարձերի չափի հաստատմանը։

Իրեն իշխանության այլընտրանք հռչական «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը խմբակցության անունից կոչ արեց հետաձգել հարցի քննարկումը եւ հարցի ուսումնասիրության համար որոշակի ժամանակ տրամադրել։ «Բարեւ Երեւան» դաշինքից Արմեն Մարտիրոսյանը նույնպես կոչ արեց հետաձգել քննարկումը, իսկ Ստյոպա Սաֆարյանն էլ կասկածելի որակեց հարցը հապճեպ քվեարկության ներկայացնելը: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի չափը ուռճացված է, զարմանք հայտնելով թե ինչպես կարող է քաղաքապետարանի վարչության պետը ԱԺ պատգամավորից ավելի շատ աշխատավարձ ստանալ:

«Միգուցե լավ գործ ենք անում այդ մարդկանց ընտանիքները պահում ենք, բայց մեր առաքելությունը դա չէ, մեր առաքելությունն է Երեւան քաղաքի խնդիրները լուծելը, եւ այս աստղաբաշխական գումարները, ինչպես նաեւ հաստիքացուցակները նվազեցնելը։ Հետեւաբար ես կարծում եմ, որ այս հաստիքացուցակը չպետք է հաստատվի», – ասաց Սաֆարյանը։

Հանրապետական խմբակցությունից այս հարցի շուրջ ելույթներ չունեցան, արդյունքում ավագանու գրանցված 64 անդամներից 42-ը կողմ քվեարկեցին, 16-ը ձեռնպահ, դեմ՝ 6-ը: Առաջին հարցը հաստատվեց:

Օրակարգի երկրորդ հացը վերաբերում էր քաղաքապետարանի եւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կանոնադրությունը, որը նույնպես ընդունվեց:

Հաջորդ 4 հարցերը վերաբերում էին քաղաքապետի տեղակալների նշանակմանը:

Քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու համար առաջարկվեց գործող փոխքաղաքապետ Կամո Արեյանի թեկնածությունը:

«Բարեւ Երեւանից» Ստյոպա Սաֆարյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին հարցրեց, թե ինչպե՞ս է որպես քաղաքապետի առաջին տեղակալ առաջարկում մի մարդու, ում կառավարման ժամանակ Վերահսկիչ պալատը քաղաքապետարանում բազմաթիվ խախտումներ է արձանագրել:

«Այդ ոլորտները պարոն Արեյանը չի համակարգել», – պատասխանեց քաղաքապետը։

Ինչպես Արեյանի, այնպես էլ քաղաքապետի մյուս երեք տեղակալների նշանակման հարցում «Բարեւ Երեւան» դաշինքը դեմ քվեարկեց, այլընտրանքային «Բարգավաճ Հայաստանը», իշխող Հանրապետական խմբակցության հետ միաձայն, հաստատեց քաղաքապետի տեղակալներին՝ քաղաքապետի գործող տեղակալ Վահե Նիկոյանին, քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանին եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանին:

Քննարկմանը ներկայացված մյուս 7 հարցերը վերաբերում էին քաղաքապետարանի գույքի ընդլայնմանը, օտարմանը, եւ հուշատախտակների տեղադրմանը:

Գրեթե բոլոր հարցերի քննարկումների ժամանակ ելույթ ունենալու համար գրանցվում էին «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչները, ինչին բացասաբար էին արձագանքում Հանրապետական խմբակցության անդամները: Անահիտ Բախշյանը ամբիոնին մոտենալու պահին ինչ-որ ձայն էր լսել եւ իր տեղը վերադառնալիս մոտեցավ Հանրապետական խմբակցության ավագանու անդամներից մեկին: Նիստի ընդմիջմանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բախշյանն ասաց, որ նկատողություն է արել իր հանրապետական գործընկերոջը:

Վիճակը լարված էր ոչ միայն դահլիճում, այլեւ դրանից դուրս։ Ստյոպա Սաֆարյանին էր մոտեցել քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը, ով ասում էր, թե վիրավորվել է Սաֆարյանի՝ իրենց աշխատավարձերին վերաբերող ելույթից:

Հանրապետական խմբակցության ավագանու մի քանի անդամներ էլ վիճում էին «Բարեւ Երեւան» դաշինքից Դավիթ Սանասարյանի հետ։ Սանասարյանը պատմեց, որ հանրապետականները իրեն հարցրել էին, թե ինչու են իրենց նյարդերի հաշվին ելույթ ունենում, ինչ էլ վեճի պատճառ էր դարձել։

«Ես հասկանում եմ այս վրդովմունքը։ 15 հարցը կես ժամում քննարկելու էին, քվեարկեին գնային, իսկ հիմա ստիպված են եւս երկու ժամ մնալ», – մեկնաբանեց Անահիտ Բախշյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG