Մատչելիության հղումներ

Հունիսի 13-ի մամուլ


«Ժամանակ»-ը գրում է. - «Տիգրան Սարգսյանը արտագաղթի համար մեղադրել է նաեւ ընդդիմությանը, հայտարարելով, որ թույլ ընդդիմությունն էլ հուսահատեցնում է քաղաքացիներին եւ խթանում արտագաղթը: Ասել, որ վարչապետի հայտարարության մեջ տրամաբանություն չկա` սխալ կլինի: Վերջին հաշվով, հասարակության հույսը միայն իշխանությունները չեն, այլ նաեւ ընդդիմությունը, որ կփոխեն իշխանություններին եւ նրանցից ավելի լավ կկառավարեն, բավարարելով քաղաքացիների պահանջները: Եվ քանի որ Հայաստանում ընդդիմությանը չի հաջողվել իշխանափոխություն իրականացնել, չնայած ամպագոռգոռ խոստումներին եւ հավաստիացումներին, ապա հասարակությունը իշխանություններից հիասթափված լինելով, նաեւ ընդդիմություններից է հիասթափվում ու հեռանում: Բայց, մյուս կողմից, շատ դժվար է ասել իհարկե, թե հատկապես որ մի արտագաղթողը ինչ պատճառով է հեռանում: Սակայն այստեղ հարցն այլ շեշտադրման կարիք ունի: Լավ, ընդդիմությունից հիասթափումն է նպաստում արտագաղթելու տրամադրությունների աճին, բայց այդ մասին խոսելու համար իշխանությունները նախ պետք է ընդդիմություններին հնարավորություն տան ազատ մրցակցային պայմաններում պայքարել ընտրողների ձայների համար, իսկ դրանք ստանալուց հետո էլ հնարավորություն ունենալ օրինական, սահմանադրական կարգով ստանձնել իշխանության լծակները: Բայց Հայաստանում ընդդիմություններին այդ հնարավորությունները տրված չեն»:

Ազգային անվտանգության նախկին նախարար, «Կոնկորդ» կենտրոնի տնօրեն Դավիթ Շահնազարյանը, «168 ժամ» թերթի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին «օֆշորային սկանդալին», նշում է. - «Նման հրապարակումները ցանկացած քիչ թե շատ քաղաքակիրթ երկրում կառավարական խորը ճգնաժամ կառաջացնեին: Իշխանությունները պարտավոր էին իրականացնել հետեւյալ երկու քայլերից մեկը` վարչապետը եւ ողջ կառավարությունը պետք է անհապաղ հրաժարական տային, եւ դրան պետք է հետեւեին արդեն իրավական գործառույթներ: Եվ երկրորդ` եթե մի պահ ենթադրենք, որ կառավարության պաշտոնական դիրքորոշումը, թե` հրապարակումը որեւէ կապ չունի իրականության հետ, եւ վարչապետը որեւէ առնչություն չունի օֆշորում գրանցված ընկերության եւ գումարային փոխանցումների հետ ճիշտ է, ապա խնդիրը պակաս լուրջ չէ, գուցեեւ ավելի: Եթե ինչ-որ անձեր կամ կազմակերպություն ՀՀ վարչապետի անունով օֆշորում նման գործառույթներ են իրականացրել` սա արդեն հարված է պետությանը եւ ազգային անվտանգության լուրջ խնդիր»: Շահնազարյանի կարծիքով` իշխանության քայլերը համարժեք չեն, մինչդեռ բավական ժամանակ է անցել, եւ եթե իրենց առաջ քաշած վարկածը համապատասխանում է իրականությանը, ապա պետք է արդեն այդ առիթով քրեական գործ հարուցված լիներ, եւ այդ գործի շրջանակներում սպառիչ պատասխաններ տրվեին, թե ի՞նչ ուժեր են ՀՀ վարչապետի անունից նման գործարքներ իրականացրել:

Շարունակելով օֆշորների թեման` «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Մի քանի օր առաջ վարչապետի գլխավորած կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հրանտ Բագրատյանի հեղինակած հակաօֆշորային օրենքի նախագծին: Ասել, որ սա պատահականություն է, պարզապես հնարավոր չէ: Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարության տարիներին կտրուկ աճեցին օֆշորային գոտիներից Հայաստանում իրականացվող օտարերկրյա ներդրումները` հիմնականում հանքարդյունաբերության ոլորտում: Այնպես որ այլեւս էական չէ` Տիգրան Սարգսյանը կապ ունի կոնկրետ այդ մի ընկերության հետ, թե` ոչ: Նաեւ նրա ջանքերով օֆշորային ընկերությունները հյութաքամ են անում Հայաստանի տնտեսությունը: Ի դեպ, վարչապետը երեկ պնդում էր, թե ցանկացած մարդու անունով առանց նրա գիտության կարելի է ընկերություն գրանցել օֆշորային գոտիներում: Դա այնքան էլ այդպես չէ, բայց սա խոսակցության այլ թեմա է»:

«Ժողովուրդ»-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ անակնկալ ձեւով անհետացավ քաղաքական դաշտից, ի վերջո որտե՞ղ է նա եւ ինչո՞վ է զբաղված: Այս հարցին Ռուբեն Հակոբյանը պատասխանում է. - «Րաֆֆի Հովհաննիսյանն արտասահմանում էր, նոր է վերադարձել, մենք այս պահին` խմբակցությունն իր հերթին, վարչությունն իր հերթին, ավագանին էլ իր, միասին ծրագրում ենք մեր հետագա անելիքները: Ու երեւի բնական է, որ ամբողջ քաղաքական դաշտը պասիվություն է ապրում: Երեք ընտրություն անցկացվեց, որոնք համապետական էին, իրավիճակն այս պահին այդպիսին է: «Եթե գաղտնիք չէ, կասեք ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը թողեց պայքարող ժողովրդին ու մեկնեց ԱՄՆ», - հարցնում է թերթը: «Գաղտնիք չէ, ու ինձ համար զարմանալի է, որ գաղտնիության շղարշի մեջ են առնում: Նախ` իր ծնողներն այնտեղ են ապրում, դա պետք է միշտ նկատի ունենալ: Հետո` հրավերներ կային, ու պետք է ելույթ ունենար: Հանդիպումներ ունենար», - պատասխանում է Հակոբյանը: Դիտարկմանը, թե Հովհաննիսյանը քաղաքական դաշտում ընկալվում է որպես ամերիկյան կողմնորոշում ունեցող գործիչ, Հակոբյանը պատասխանում է. - «Պետք է ասեմ, որ դրանք անհեթեթություններ են»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG