Մատչելիության հղումներ

17/4 ՏԸՀ նախագահի փաստաբանը` որպես մարդ ներողություն խնդրեց հայցվորներից


Նախագահի ընտրություններ, 18-ը փետրվարի, 2013
Նախագահի ընտրություններ, 18-ը փետրվարի, 2013
Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը չորեքշաբթի ավարտեց Արարարտի մարզպետարանի նախկին պաշտոնյանի դեմ լրագրող Ծովինար Նազարյանի եւ 75-ամյա ընտրող Անիկ Դավթյանի ներկայացրած հայցերի քննությունը:

Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը դատական նիստին ներկա չէր: Նազարյանի եւ Դավթյանի հայցերի վերաբերյալ դատարանը վճիռներ կհրապարակի հունիսի 25-ին:

Հայցվորները Հայաստանի նախագահի վերջին ընտրությունների ժամանակ Արտաշատում տեղակայված 17/4 ընտրատեղամասի տեղամասային հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Վիրաբյանից պահանջում են իրենց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար հրապարակային ներողություն խնդրել, այդ գործողությունը տեսաձայնագրել եւ տեղադրել YouTube կայքում: Ծովինար Նազարյանը եւ Անիկ Դավթյանն առանձին հայցերով դատարանին խնդրել են նաեւ Տիգրան Վիրաբյանին պարտավորեցնել վիրավորանքների համար յուրաքանչյուրին մեկ միլիոն դրամ փոխհատուցել:

YouTube-ում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երկրից բացակայող իր որդիների անունների դիմաց քվեարկել-չքվեարկելու հանգամանքը ստուգող 75-ամյա Անիկ Դավթյանին տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Վիրաբյանը անվանել էր «դերասան մեյմուն, տականք»: Մեկ այլ տեսանյութում էլ երեւում է, թե ինչպես է Վիրաբյանը լրագրող Ծովինար Նազարյանի մասին ասում` «առավոտից իրիկուն դրած ինձի է նկարում, կտամ, կսպանեմ դրան, հանեք տարեք ստեղից»:

Այս տեսանյութերը դատարանը չհետազոտեց: Որպես պատասխանող` Տիգրան Վիրաբյանի ներկայացուցիչ, փաստաբան Սամվել Սիմոնյանն ասաց՝ իմաստ չունի դատարանում հետազոտել այդ տեսասկավառակները` «դա տհաճ երեւույթ է»: Փաստաբանը նաեւ ասաց, որ որպես մարդ` ներողություն է խնդրում հայցվոր կողմից, բայց միեւնույն ժամանակ առարկություններ ներկայացրեց հայցերի դեմ` խնդրելով մերժել դրանք:

Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել պատասխանող Տիգրան Վիրաբյանը

Պատասխանող Տիգրան Վիրաբյանը հետընտրական շրջանում ազատվել է աշխատանքից: Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Վարդանյանն ասում է, որ նա աշխատանքից ազատվել է մայիսի 24-ին` իր դիմումի համաձայն:

Մարզպետ Էդիկ Բարսեղյանը ընտրություններից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ շատ լուրջ խոսակցություն է ունեցել Վիրաբյանի հետ: Վիրաբյանն այն ժամանակ աշխատանքից ազատվելու մտադրություն չէր հայտնել: Իսկ ազատվելուց հետո ասաց, որ ինքն է դիմում գրել:

Իսկ ընտրատեղամասում նրա գործողություններից զարհուրած 75- ամյա թոշակառու Անիկ Դավթյանը պնդում է, որ բոլորովին այլ լուրեր են տարածվել.- «Հանել են, ասում են»:

«Չեմ կարծում, որ իշխանությունները մատնացույց կանեն ընտրությունների հետ կապված պատճառներ, այլ ավելի շուտ նրան կվերագրեն այլ խախտումներ, որոնք, չեմ կասկածում, որ կարող է եւ հիմնավոր լինեն, ասենք, վառելիքի յուրացում: Ինչո՞ւ… որովհետեւ իշխանությունները չեն ուզենա, որ երեւան գան ընտրական խախտումներ, այլապես այդ ընտրությունների լեգիտիմությունը կդրվի կասկածի տակ, եւ հետո` նրանք չեն ուզում այդ ձեռագրից հրաժարվել», - կարծում է մյուս հայցվորը` Ծովինար Նազարյանը:

Ուշագրավ է, որ Վիրաբյանն աշխատանքից ազատվելու ժամանակահատվածը համընկնում է մարզպետարանում իրականացվող ստուգումներին: Ֆինանսների նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ նախարարությունը Արարատի մարզպետարանում ստուգումներ է իրականացնում` հողօգտագործողներին 2012-2013 թվականներին գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի ընթացքը ստուգելու նպատակով:
XS
SM
MD
LG