Մատչելիության հղումներ

Քաղաքապետն ասում է` Պատկերասրահի շենքը ձեւափոխումների չի ենթարկվի


Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր երդմնակալության արարողությունից հետո, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, հավաստիացրեց, թե գլխավոր հրապարակի վերակառուցումն ամենեւին չի նշանակում, որ այնտեղ գտնվող Ազգային պատկերասրահի շենքը փոփոխությունների է ենթարկվելու:

«Մենք դա թույլ չեն տա», - վստահեցրեց քաղաքապետը:

Մարգարյանի հավաստիացումները, սակայն, հակասում են Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի վերջերս արած հայտարարությանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Սարգսյանը չէր բացառել շենքերի` այդ թվում եւ Ազգային պատկերասրահի շենքի ձեւափոխումների հնարավորությունը:

«Չեմ բացառում, որ կարող են առաջարկներ լինել հատկապես Պատկերասրահի շենքի առնչությամբ, որովհետեւ այդ շենքը իր դիրքով եւ իր ճարտարապետությամբ մասնագետների ճնշող մասի կարծիքով` իր տեղում չէ, եւ ժամանակին սխալ է տեղի ունեցել», - ասել էր Սարգսյանը:

Քաղաքապետը մինչդեռ շարունակում է հակասել Երեւանի ճարտարապետին` հայտարարելով, թե Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթում Պատկերասրահի շենքի հարցը չի քննարկվում:

«Այս մրցույթին դա չի վերաբերում», - վստահաբար պնդեց նա:

Երեւանի քաղաքապետն, անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերակառուցմանը, նաեւ ասաց, որ եթե մտահոգություն լիներ այդ հարցում, ինքը թույլ չէր տա մրցույթ անցկացնել:

«Մյուս հրապարակներում էլ ենք բաց մրցույթ հայտարարել զուտ մասնագիտական կարծիք ունենալու համար մեր մասնագետների համար: Եթե Հանրապետության հրապարակում զգանք վտանգ կա, անձամբ ես դա կդադարեցնեմ: Երբ ուզում ենք բաց մրցույթ ունենալ, մասնագիտական կարծիք է անհրաժեշտ, դա չի նշանակում վերակառուցում: Երկու տարի առաջ եւս եղել է մրցույթ, երկու տարվա մեջ բան չի փոխվել», - ասաց Տարոն Մարգարյանը:

«Մենք ուզում ենք տեսնել, թե մասնագետները ինչ առաջարկներ են ներկայացնում մեր հրապարակների վերաբերյալ: Քանի դեռ արդյունքները չեն ավարտվել, կարող է` ոչ մի կարծիք էլ չի լինում, ինչո՞ւ չեք համբերում, վստահեցնում եմ, որ մտահոգություն չի լինի», - ասաց քաղաքապետը:

Շատերը կտրուկ դեմ են հրապարակի վերակառուցմանը

Հանրությունը, ինչպես նաեւ որոշ քաղաքական ուժեր դեմ են գլխավոր հրապարակի վերակառուցմանը: Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը ասում է` հրապարակի բարեկարգումը առաջնահերթ խնդիր չէ մայրաքաղաքի համար:

«Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս իշխանությունը ոչ կապ ունի ժողովրդի ոչ նրա խնդիրների հետ: Ուղղակի նրան այլ ոլորտի հարցեր են հետաքրքրում. մեկի համար պատմության մեջ մնալու մոլուցքն է կարեւոր, մյուսի համար հասարակության աչքում լավը երեւալու ձգտումները, ինչը տեսանելի է եղել անցած տարիների ընթացքում», - կարծում է Սաֆարյանը:

Երեւանի քաղաքապետարանը, բաց մրցույթի հայտարարությունը հրապարակելիս, նշել էր` նախագիծ ներկայացնողները պետք է հաշվի առնեն, որ «հրապարակն իրականում վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի, հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձեւավորվել հրապարակի շուրջը` էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության եւ դոմինանտության կարեւոր պայմանները, հրապարակը ձեւավորող որոշ մասնաշենքեր գործառնական նշանակությամբ վերափոխվել են, եւ հրապարակը, լինելով համապետական եւ համաքաղաքային միջոցառումների իրականացման կարեւորագույն հարթակ, Լենինի արձանի եւ դրա տրիբունայի ապամոնտաժման արդյունքում ունի որոշակի դժվարություններ զանազան հանդիսությունների կազմակերպման խնդրում»:

Հրապարակի վերակառուցման վերաբերյալ իր բողոքի ձայնն է շարունակում բարձրացնել նաեւ ճարտարապետական համայնքը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի ճարտարապետների միության անդամ, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն անթույլատրելի է համարում գլխավոր հրապարակին ձեռք տալն ընդհանրապես: Ճարտարապետը նկատում է, որ քաղաքային իշխանությունները կարող են ընդամենը կարգավորել այդ հատվածի երթեւեկությունը` դրանով հրապարակը ազատելով ծանրաբեռնվածությունից: Պատճառները վերացնելու փոխարեն հետեւանքներն են փորձում վերացնել, կարծում է ճարտարապետը:

«Ժամանակին նման մի խնդիր կար նաեւ, երբ վերակառուցվում էր Հերացու փողոցում, որտեղ տրանսպորտային խնդիրներ կային Գետառի հետ կապված, ասում էին, որ սելավը կգա, կլցվի Երեւան: Պարզապես հարկավոր էր չթողնել, որ սելավը գա, Երեւան մտնի: Հիմա նույնն է. ոչ թե հարկավոր է տրանսպորտային հոսքերը բերել, մտցնել հրապարակ եւ հետո այնտեղ այդ խնդիրները լուծել, այլ հարկավոր է բացառել տրանսպորտի մուտքը հրապարակ», - կարծում է Մուշեղյանը:

Ճարտարապետը օրինակ է բերում աշխարհի շատ քաղաքներ, որոնց գլխավոր հրապարակներում կարելի է միայն ոտքով շրջել: Անդրադառնալով հրապարակի տեսքը աղճատող ակտիվ սիլուետների խնդրին` Մուշեղյանն ասում է, որ այս պարագայումն հարկավոր էր այլ մրցույթ հայտարարել:

«Ասում են` որոշ կառույցներ ներխուժել են իրենց սիլուետներով դեպի հրապարակ, եւ հարկավոր է այդ խնդիրը վերացնել: Եթե այդ մրցույթը լիներ այն մասին, թե ինչպես անենք, որ այդ սիլուետները վերացնենք` քանդման իմաստով, ես կհամաձայնվեի: Եթե այդ սիլուետները եղել են այն ժամանակ, երբ գոյություն ուներ հրապարակը, այսինքն վնասել են հրապարակը, ինչո՞ւ են նրանք գոյացել, որ հիմա էլ վերցնենք, հրապարակում էլ սիլուետներ ավելացնենք», - հարցնում է ճարտարապետը:
XS
SM
MD
LG