Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը դեմ կքվեարկի բյուջեի կատարողականին


Նախորդ տարվա 7.2 տոկոսանոց տնտեսական աճն ու մարդկանց արտագաղթը որքանո՞վ են համահունչ, Ազգային ժողովում 2012 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պաշտոնյաներից փորձեց պարզել Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

«Տեղի է ունեցել տնտեսական ահավոր անկում, գործարարության ահավոր անկում։ Մարդիկ ուղղակի թողնում փախչում են Հայաստանից։ Իսկ այն, որ դուք կեղծում եք թվերը, դա արդեն մնում է այս կառավարության խղճին», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը։

Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն այսպես արձագանքեց. - «Դրանք մեր ունեցած ճիշտ ցուցանիշներն են»։

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն էլ հատուկ նկատեց, որ նույն բանը ներկայիս ՀԱԿ-ի իշխանության տարիներին էր տեղի ունենում. - «Ծանոթ է՝ 95-6-7 թվականներին մենք ունեցել ենք բավական պատկառելի տնտեսական աճ, եւ միեւնույն ժամանակ՝ արտագաղթի եթե ոչ նույն չափով թվաքանակ մարդկանց»։

Կառավարության նախորդ տարվա աշխատանքը, արձանագրած ցուցանիշները խորհրդարանին ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանն էր ներկայացնում։ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ արածն ու չարածը Ազգային ժողովի ամբիոնից վարչապետը պետք է ներկայացներ, եւ ոչ թե ֆինանսների նախարարը, որը նախորդ կառավարության կազմում անգամ ընդգրկված էլ չէր։

«Նա դա անում է, որովհետեւ կռահում է՝ բոլորս գիտենք, որ կան հարցեր, որոնց պատասխանելը նրա համար առանձնապես հեշտ չէ», - նկատեց ընդդիմադիր գործիչը եւ այնուամենայնիվ հնչեցրեց օֆշորային հայտնի սկանդալի մասին վարչապետին ուղղված իր հարցը, քանի որ կարծում է, որ բոլորն իրավունք ունեն իմանալու. երկրի տնտեսությունը ջղայնացած տեմպերով զարգացնելուց ազատ ժամանակ ինչ են անում մեր պաշտոնյաները։

Հիշեցնենք՝ «Հետք» պարբերականի սկանդալային հրապարակման համաձայն վարչապետի անունը շոշափվում է օֆշորային գործարքներում ներգրավվածություն ունենալու համատեքստում։

Ֆինանսների նախարարն ասաց, որ օֆշորի հետ կապված այդ պատմությունը հերյուրանք է ու սուտ եւ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով վարչապետը դիմել է դատախազություն։

«Պրոբլեմը դրանում է, որ փոխանակ դատախազությունը դիմեր Տիգրան Սարգսյանին, Տիգրան Սարգսյանն է դիմել դատախազությանը, որպեսզի դուք այսօր հնարավորություն ունենաք ամբիոնից ասել՝ գիտեք ինչ, դիմել է դատախազությանը, դատախազությունը զբաղվում է եւ կտա բոլոր հարցերի պատասխանները», - նկատեց Փաշինյանը։

Կառավարությունը, ինչպես իր նախորդ ծրագրում, առաջիկա հինգ տարիներին եւս խոստանում է հարյուր հազար աշխատատեղ ստեղծել, սակայն դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հարցադրմանը՝ 2012-ին քանի աշխատատեղ է ստեղծվել, կառավարությունը հստակ պատասխան չուներ։ Ֆինանսների նախարարը պատգամավորին գործազրկության կրճատման վերաբերյալ վիճակագրական վարչության հրապարակած տվյալները մատուցեց։ Մինասյանը հաշվարկեց ու պարզեց, որ որ նախորդ տարի գործազուրկների թիվը 15 հազարով է նվազել, բայց դեռ հարց է՝ աշխատանքի տեղավորման գործակալություններում գրանցվածները աշխատատե՞ղ ենք գտել, թե՞ արտագաղթել են երկրից։

Ի դեպ՝ կառավարությանը ընդդիմադիրներին պատասխանելու ճիշտ ձեւեր էր այսօր որոշել հուշել ՀՀԿ խմբակցությունում ընդգրկված նախկին ընդդիմադիր Արտաշես Գեղամյանը։

«Եթե դուք մանրամասնորեն անդրադառնայիք, դիցուք, այն հարցին, թե 2012 թվականին այս ծանր պայմաններում, մասնավորապես աղետի գոտում քանի քառակուսի մետր բնակմակերես է հանձնվել, այս ծանր պայմաններում 17 հազար հեկտար հավելյալ հողեր մշակելը ինչի շնորհիվ է տեղի ունեցել, այս պայմաններում քանի միլիարդ դրամի սուբսիդավորել են գյուղացիների կողմից վերցված վարկերը եւ այդ բոլորը իրենց հանրագումարում քաղաքական ինչ խնդիրներ են լուծել, այդ թվում նաեւ արտագաղթի կրճատման ուղղված, ոչ թե հաշվապահական փաստաթղթի թվեր ասեիք, որը բացարձակապես ոչ մի տպավորություն չի գործում լսարանի վրա, ապա արձագանքները կլինեին շատ ավելի խոհեմ», - ասաց Գեղամյանը։

Անկախ ներկայացման ձեւից ընդդիմադիր բոլոր խմբակցությունները՝ Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն, դեմ են քվեարկելու նախորդ տարվա բյուջեի կատարողականին։ Նույն տրամադրվածությունն ունեն նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, սակայն Ազգային ժողովի մեծամասնության՝ Հանրապետականի ձայները բավարարում են, որ 2012-ի բյուջետային հաշվետվությունը հաստատվի խորհրդարանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG