Մատչելիության հղումներ

Դիլիջանի միջազգային դպրոցը կբացվի 2014-ի սեպտեմբերին


Գործարար Ռուբեն Վարդանյանը ելույթ է ունենում Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարության մեկնարկի ժամանակ, արխիվ
Գործարար Ռուբեն Վարդանյանը ելույթ է ունենում Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարության մեկնարկի ժամանակ, արխիվ
Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարությունը սկսվել է 2012-ին, աշխատանքները նախատեսում են ավարտել 2014-ի հունիսին: Դպրոցի աշակերտներ կընդունի 2014-ի սեպտեմբերին:

Ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանի բարեգործական հիմնադրամի կողմից դպրոցի շինարարության համար ներդրվել է 150 միլիոն դոլար: Դիլիջանի գլխավոր ճարտարապետ Նվեր Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ դպրոցի տեղը լավ ընտրված է ու դրա տարածքում նախկինում զբոսաշրջիկներին սպասարկող կառույց է եղել:

Այս նախագիծը որոշ այլ դպրոցների ստեղծման ծրագրերի նման 2010 թվականին արժանացել էր «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության քննադատությանը։ Ավելի ուշ գործարար Ռուբեն Վարդանյանը բացատրեց «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին, որ հասարակությունը իրենց սխալ է հասկացել:

«Մենք ընդամենը մասնավոր միջազգային դպրոց ենք կառուցում, որտեղ պետք է սովորեն ոչ միայն հայ երեխաները, այլ նաեւ արտասահմանցիներ, եւ ինչպես ընդունված է ամենուր` կրթությունը այդ դպրոցում անգլերեն լեզվով է լինելու, հակառակ դեպքում` արտասահմանցու չես բերի Դիլիջան», - ասել էր գործարարը:

«Դիլիջանի միջազգային դպրոց» հիմնադրամի զարգացման բաժնի տնօրեն Զարմինե Զեյթունցյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ դպրոցը ոչ թե օտարալեզու է, այլ միջազգային դպրոց է:

«Կրթական տերմինալոգիայով օտարալեզու համարվում են այն դպրոցները, երբ 4-5 տարեկանից, երբ նոր է տեղի ունենում երեխայի լեզվամտածողության զարգացումը, երեխային ուսուցանում են մեկ այլ լեզվով, ինչը կոչվում է օտարալեզու կրթություն: Իսկ 13, 14 տարեկանում, երբ երեխայի հիմնական լեզվամտածողությունը արդեն ձեւավորված է եւ նա սովորում է միջազգային մթնոլորտում, դա համարվում է միջազգային կրթություն», - ասաց Զեյթունցյանը:

Այժմ շինարարությանը զուգահեռ մշակվում են դպրոցի ուսումնական ծրագրերը: Հոգաբարձուների խորհուրդը դպրոցի տնօրեն է նշանակել բրիտանացի Քոլին Ջենքինսին, ով ավելի վաղ աշխատել է որպես այլ քոլեջի տնօրեն:

Նախատեսվում է, որ այստեղ սովորող երեխաների միայն 10-15 տոկոսը հայաստանցիներ կլինեն: Դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կկազմի մոտ 30 հազար դոլար, բայց աշակերտների 70 տոկոսը, ըստ պատասխանատուների, դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:

Դպրոցը նախատեսված է շուրջ 650 13-19 տարեկան երեխաների համար: Այստեղ կրթությունը իրականցվելու է անգլերեն եւ երկու միջազգային կրթական ծրագրերով. ավագ դպրոցում կգործի միջազգային բակալավրիատի ծրագիր, իսկ միջին դպրոցում IGCSE միջնակարգ կրթության միջազգային ընդհանուր վկայագրի ծրագիրը:

Զարմինե Զեյթունցյանը նաեւ հայտնեց, որ սպասվում է, որ շուտով դպրոցը կանդամակցի «Աշխարհի միավորված քոլեջներ ցանցին» (UWC), որին այժմ անդամակցում է 12 դպրոց, եւ որի մասին Հայաստանում` իր այցի ընթացքում խոսեց արքայազն Չարլզը` կարեւորելով դպրոցի կառուցումը ու նշելով, որ շուրջ 14 տարի եղել է «Աշխարհի միավորված քոլեջներ» ցանցի նախագահը:

«Միանալով այդ ցանցին` մենք հնարավորություն ենք ունենում այստեղ հրավիրել մոտ 60 ազգությունների երեխաների, եւ հակառակը, մենք հնարավորություն ենք տալու Հայաստանի շնորհալի երեխաներին գնալ եւ ուսանել ցանցի մյուս դպրոցներում», - ասում է «Դիլիջանի միջազգային դպրոց» հիմնադրամի զարգացման բաժնի տնօրենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG