Մատչելիության հղումներ

Դանիայի հետ խաղում Հայաստանի հաղթանակը քիչ հավանական է


Դանիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմում փոփոխություններ կլինեն: Երեկ երեկոյան կայացած մամլո ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել է, որ ի տարբերություն Մալթայի հետ հանդիպման, Դանիայի հետ կխաղան այլ կազմով: Նրա խոսքով` չնայած Դանիայի հավաքականը ուժեղ մրցակից է, բայց այս հանդիպման ընթացքում ճնշումը եւ պատասխանատվությունը ավելի շատ կլինի տանտերերի վրա, քանի որ այս խաղը ավելի կարեւոր է Դանիայի համար:

Մինասյանը նաեւ խոսել է Հայաստան-Մալթա հանդիպման մասին` ասելով, որ Մալթայի հավաքականի հետ խաղի արդյունքը արդեն անցյալում է, եւ այդ խաղից պարզապես պետք է վերլուծություններ անել: Մարզիչը շեշտել է, որ հավաքականի ֆուտբոլիստները պատրաստ են Դանիայի հետ հանդիպմանը:

Բուքմեյքերները այս հանդիպման ֆավորիտ են համարում Դանիայի հավաքականին:

Մարզական մեկնաբան Արմեն Մելիքբեկյանի կարծիքով` Դանիայի հավաքականը սեփական հարկի տակ միշտ էլ ավելի լավ է հանդես գալիս: Մեկնաբանն ասում է` Հայաստանի հավաքականին լուրջ փորձություն է սպասվում, Մալթայից պարտություն կրելուց հետո մեր ֆուտբոլիստները այս խաղին պետք է նաեւ հոգեբանորեն պատրաստ լինեն:

Արմեն Մելիքբեկյանի կարծիքով` հավաքականում լուրջ փոփոխություններ են պետք, տարբերակներից մեկը կարող է լինել նաեւ մարզչի պաշտոնանկությունը, քանի որ խնդիրը ոչ միայն դաշտում է, այլեւ դրանից դուրս:

Մարզական մեկնաբանը կարծում է, որ այսօրվա խաղում ոչ թե մարտավարություն կկիրառվի, այլ Դանիան Հայաստանին կստիպի խաղալ ավելի շատ պաշտպանողական ֆուտբոլ:

«Եթե հրաշք տեղի ունենա եւ մեր հավաքականը հաղթի այս խաղում, ապա ինչ-որ տեղ հնարավոր կլինի ասել, որ Մալթայի հետ խաղը պատահականություն էր: Իսկ ընդհանրապես արդեն պարզ է, որ Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությունում չի հայտնվի: Մենք պետք է կենտրոնանանք առաջիկայում կայանալիք Եվրոպայի առաջնության խաղերի վրա», - ասում է մեկնաբանը:

Դանիայում այս հանդիպման շուրջ հետաքրքրությունը մեծ չէ: Տեղական մամուլը քննադատում է Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենին անհետաքրքիր խաղ ցուցադրելու եւ անհաջող խաղաշրջան անցկացնելու համար: Դանիա-Հայաստան խաղի մասին խոսելիս մամուլը գրում է, որ սպասվում է հերթական անհետաքրքիր եւ գրասենյակային խաղը:

Մինչ այժմ Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում տեղի ունենալիք հանդիպման տոմսերի միայն 30 տոկոսն են սպառվել:

Դանիայի հավաքականի համար այս խաղը կարեւոր է: Հայաստանի հավաքականին հաղթելուց հետո Դանիան կարող է խմբում երկրորդ տեղը զբաղեցնել, ինչն էլ ավելի կմեծացնի աշխարհի խաղերում հայտնվելու շանսերը:

Դանիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կկայանա այսօր Երեւանի ժամանակով 22:15-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG