Մատչելիության հղումներ

Անձրեւը խափանեց «Բարեւ Երեւան»-ի հավաքը Ազատության հրապարակում


Անձրեւը խափանեց «Բարեւ Երեւան»-ի հավաքը Ազատության հրապարակում
please wait

No media source currently available

0:00 0:02:34 0:00

Առավոտից տեղացող անձրեւը խափանեց «Բարեւ Երեւան» դաշինքի ծրագիրը` Տարոն Մարգարյանի երդմնակալությանը զուգահեռ Ազատության հրապարակում բարձրաձայնել Երեւանի խնդիրների, քաղաքապետարանի թույլ տված ապօրինությունների մասին:

Ավագանու ընդդիմադիր խմբակցությունը հրապարակ էր հրավիրել տարբեր տարիներին քաղաքային իշխանություններից տուժած մարդկանց` իրացման գոտու բնակիչներին, անտուն փախստականներին: Միջոցառումը տեղափոխվեց «Ժառանգություն» կուսակցության գրասենյակ:

Նույն րոպեներին քաղաքապետարանում ընթացող երդմնակալությանը չմասնակցելը բոյկոտ է` հայտարարեցին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Անահիտ Բախշյանն ու Ստյոպա Սաֆարյանը:

«Հերթական անգամ մեր վերաբերմունքի դրսեւորման արտահայտությունն է ի նշան կեղծված ընտրությունների», - մասնավորապես ասաց Անահիտ Բախշյանը:

«Մենք չենք կարող ճանաչել այն ընտրությունների օրինականությունը, որոնց ընթացքը մթագնել են արդյունքների վրա ազդելու ունակ լուրջ խախտումները, բայց քանի որ մենք մեր ընտրողներից ստացել ենք մեր 6 մանդատները, մենք անելու ենք այն ամենը, ինչը մեզ թույլ է տալիս անել 6 մանդատը: Կարծում եմ, որ դա քիչ չի լինի Երեւան քաղաքում փոփոխություններ բերելու առումով»,- հավելեց Ստյոպա Սաֆարայանը:

Նորընտիր խմբակցության քարտուղար Դավիթ Սանասարյանն էլ շեշտեց, որ նույնիսկ իրենց՝ մանդատները վերցնելը չի նշանակում, որ «Բարեւ Երեւան» դաշինքը ճանաչում է Տարոն Մարգարյանի լեգիտիմությունը:

«Մեր` այնտեղ չմասնակցելը ոչ թե նրա համար էր, որ լեգիտիմացնեինք կամ չլեգիտիմացնեինք քաղաքապետին եւ իր թիմին, այլ սա բողոքի դրսեւորում էր: Նմանատիպ միջոցառումներ բազմաթիվ անցնում են», - նշեց Սանասարյանը, - «Ես կարծում եմ ոչ միայն մեզ, այլեւ մեր քաղաքացիներին հետաքրքիր չէ, թե այնտեղ շամպայն են խմելու, թե գինի»:

Ինքը՝ քաղաքապետը, սակայն, նորմալ է վերաբերվում բոյկոտին։ Երդվելուց հետո Տարոն Մարգարյանը գնահատեց «Բարեւ Երեւան»-ի որոշումը։

«Դա իրենց իրավունքն է։ Եթե իրենք առաջին նիստին գալիս են, երկրորդին չեն գալիս՝ սպասենք երրորդ, չորրորդ նիստին», - նշեց քաղաքապետը։

«Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու 6 անդամներն այսօր հայտարարեցին, որ յուրաքանչյուրը պատասխանատվություն է ստանձնել մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկ-երկուսի համար։ Իսկ քաղաքապետարանում, ինչպես Դավիթ Սանասարյանն էր ասում, ջարդելու են միաձայն, առանց քննարկումների քվեարկելու մթնոլորտը։ Առաջին գործը, որին լծվելու է «Բարեւ Երեւան»-ը` ուսումնասիրել պետական գնումների օրինականությունը: Դրանով նաեւ փորձելու են բացահայտել քաղաքապետի կուտակած հարստության առեղծվածը:

«Եթե կա մի խնդիր, որի քվեարկության հետ կապված տեսնում ենք` եթե Բարգավաճը մեզ հետ միանա մենք լուրջ բան ենք դառնում, ապա կմոտենանք եւ շատ բարեկամաբար իրենց կհիշեցնենք, որ դուք նախընտրական քարոզչության ժամանակ Հռոմի պապից էլ ավելի կաթոլիկ ընդդիմադիր էիք», - ասում է Անահիտ Բախշյանը:

Մինչ այդ՝ դաշինքը միայնակ է։ Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց՝ Ազգային ժողովից դառը փորձ ունեն փոքրամասնություն լինելու, բայց չեն կաշկանդվելու։ Երեւանի ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչը հետեւություններ է արել առաջին նիստից. «Բարգավաճ Հայաստանը» միաձայն կողմ քվեարկեց օրակարգի բոլոր հարցերին՝ բուռն ծափահարություններով ողջունելով Տարոն Մարգարյանի պաշտոնամուտը։

«Դա սերտության, մերձության դրսեւորում է, եւ պատահական չէր, որ ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում Հանրապետական կուսակցությունը իրեն բնորոշ ցինիզմով մշտապես շեշտում էր, որ՝ մի խառնվեք, մենք իրար հետ լավ ենք աշխատել Բարգավաճի ավագանու անդամների հետ», - ասում է Սաֆարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG