Մատչելիության հղումներ

Բացահայտվել է ամերիկյան գաղտնալսումների մասին բարձրաձայնողը


29-ամյա ամերիկացի Էդվարդ Սնոուդենը, ով պնդում է, որ նախկինում որպես տեխնիկական խորհրդատու եւ սիսադմին է աշխատել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ծառայությունում (NSA) եւ Կենտրոնական հետախուզությունների վարչությունում (ԿՀՎ), բրիտանական հեղինակավոր Guardian օրաթերթում հրապարակված տեսանյութում հայտարարել է, որ հենց ինքն է մամուլին տեղեկություններ տրամադրել ամերիկյան ծառայությունների կողմից իրականացվող գաղտնալսումների եւ անձնական բնույթի գաղտնի տվյալների հավաքման ծրագրերի վերաբերյալ։

Սնոուդենը, ով այժմ Հոնգ Կոնգում է, հայտարարել է, որ այդպես է վարվել, քանի որ վստահ է, որ իր երկիրը ստեղծում է հանրային վերահսկողության չենթարկվող եւ գաղտնի լրտեսական մի համակարգ, որը կարող է օգտագործվել ցանկացած ամերիկացու դեմ։

Անցած շաբաթ Washington Post եւ Guardian պարբերականները, Սնոուդենից ստացված տեղեկատվության հիման վրա հոդվածներ էին հրապարակել, որոնք պատմում էին ամերիկյան գաղտնի ծառայությունների կողմից Verizon բջջային օպերատորից, ինչպես նաեւ մի շարք խոշորագույն ինտերնետային ընկերություններից, օրինակ՝ Google եւ Facebook ընկերություններից ստացվող տվյալների վերահսկողության մասին։

Կիրակի օրը Guardian-ը հրապարակեց Սնոուդենի անունը՝ վերջինիս խնդրանքով։

ԿՀՎ-ն հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը։

Ամերիկացի պաշտոնյաները Սնոուդենի բացահայտումները որակել են «վտանգավոր» եւ «անպատասխանատու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG