Մատչելիության հղումներ

Երեւանի նորընտիր ավագանին անցկացրեց առաջին նիստը


Երեւանի նորընտիր ավագանու նիստը, 8-ը հունիսի, 2013թ.
Երեւանի նորընտիր ավագանու նիստը, 8-ը հունիսի, 2013թ.

«Բարեւ Երեւան»-ը բոյկոտեց հանձնաժողովների ղեկավարության ընտրությունները:

Երեւանի նորընտիր ավագանու շաբաթ օրը հրավիրված առաջին նիստին ավագանու 65 անդամներից ներկա էին 64-ը:

Օրենքի համաձայն, մինչեւ քաղաքապետի ընտրությունը նիստը վարեց ավագանու` նիստին ներկա ամենատարեց անդամը, այս դեպքում` իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության անդամ, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը:

Նա նիստը հայտարարեց բացված, հնչեց Երեւանի օրհներգը, ապա Գեւորգյանը թվարկեց նորընտիր ավագանու անդամների անունները:

Հիմք ընդունելով, որ ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցությունը ստացել է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, եւ ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, ՀՀԿ-ի ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնող Տարոն Մարգարյանը համարվեց Երեւանի ընտրված քաղաքապետ: Նրա երդմնակալության արարողությունը նախանշված է հունիսի 11-ին:

«Նախորդ չորս տարիներն իսկապես արդյունավետ էին ավագանու ինստիտուտի կայացման եւ համագործակցված աշխատանքի առումով, ինչն արդեն լավ հիմք է առաջիկա տարիներին բեղմնավոր գործունեության համար», - իր ելույթում ասաց Մարգարյանը` շարունակելով. - «Ողջունում եմ «Բարեւ Երեւան» դաշինքի մուտքը ավագանի եւ բոլորիս մաղթում եմ արդյունավետ կառուցողական գործունեություն` ի նպաստ Երեւանի ու երեւանցիների»:

«Եկել ենք տարբեր ծրագրերով, բայց իրականում` շատ ընդհանուր նպատակներով», - հայտարարեց քաղաքապետը եւ վստահեցրեց, որ պետք է աշխատեն նոր եռանդով:

«Վստահեցնում եմ, որ երեւանցու հույսերը անպայման արդարացնելու ենք: Առաջիկա տարիներին մեր կարեւորագույն նպատակներից մեկը քաղաքային իշխանություն - երեւանցի հետադարձ կապի, ինչպես նաեւ քաղաքային իշխանության նկատմամբ երեւանցիների վստահության առավել ամրապնդումն է», - ասաց քաղաքապետը: - «Համոզված եմ, որ փոխվստահության մթնոլորտը, կառավարման նոր մշակույթը եւ քաղաքապետարանի աշխատանքներն ավելի տեսանելի կդարձնեն ավելի լավ, ավելի հարմարավետ ու բարեկարգ քաղաք ունենալու մեր նպատակների ու ծրագրերի արդյունքը»:

Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բնակչության հետ կապը դրվի գործնական հիմքերի վրա, նշեց Տարոն Մարգարյանը:


Բանավեճ օրակարգի հաստատման հարցով


Ավագանու առաջին նիստի օրակարգում հինգ հարց էր ընդգրկված, այդ թվում` քաղաքապետի երդմնակալության կազմակերպման, հանձնաժողովների կազմավորման եւ դրանց ղեկավարների ընտրության, ինչպես նաեւ ավագանու հաջորդ նիստի ժամկետի սահմանման հարցերը:

Ավագանու` իշխող Հանրապետական կուսակցության 42-հոգանոց խմբակցությունը կղեկավարի Սերգեյ Մկրտչյանը, 17 հոգուց բաղկացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ) խմբակցության ղեկավարն է մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը, իսկ ավագանում առաջին անգամ 6 մանդատով ներկայացված «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավարն է «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Ի դեպ, օրակարգը ներկայացված էր նախագծի տեսքով, ինչը չդրվեց հաստատման: Այդ մասին բարձրաձայնեց «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավարը:

Ի պատասխան նրա հարցի` քաղաքապետը պարզաբանեց. - «Քանի որ առաջին նիստն է, օրակարգը առաջին նիստով ներկայացված է: Այ, հաջորդ օրակարգերում անպայման օրակարգի հետ կապված կարող եք հարցեր ուղղել: Մեր կանոնակարգով նման է սահմանված, կանոնակարգը բոլորդ ծանոթ եք, եւ այդ կանոնակարգով մենք առաջնորդվում եւ շարժվում ենք»:

«Այնտեղ առաջին օրակարգի համար այս նորմը գրված չի, որ առաջին օրակարգը սահմանվում է եւ տրվում է», - հակադարձեց Անահիտ Բախշյանը:


«Բարեւ Երեւան»-ը բոյկոտեց


Ավագանին ընտրեց չորս մշտական հանձնաժողովների ղեկավարներին ու տեղակալներին:

Համաձայն օրենքի` ամենաշատ մանդատներ ունեցող ՀՀԿ խմբակցությունը կղեկավարի երեք հանձնաժողով, խմբակցությունից կլինեն նաեւ այդ հանձնաժողովների ղեկավարների տեղակալները, մեկ հանձնաժողովի ղեկավարն ու տեղակալը կլինեն ԲՀԿ խմբակցությունից:

Հանձնաժողովների ղեկավարների ընտրության ժամանակ «Բարեւ Երեւան» խմբակցությունը բոյկոտեց քվեարկությունը: Պարզաբանմամբ հանդես եկավ ավագանու անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` հայտարարելով. - «Կեղծված ընտրությունների արդյունքով, կեղծված օրենքով այսպիսի ձեւավորված ավագանին չի համապատասխանում հասարակական տրամադրություններին, ուստիեւ մենք այս քվեարկությանը չենք մասնակցում»:

Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը իր ելույթում ասաց հետեւյալը. - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար շատ կարեւոր է կառուցողական համագործակցությունը: Երեւանի խնդիրները այնքան շատ են, որ առանձին վերցրած ոչ մի խմբակցություն, ոչ մի կուսակցություն ի զորու չի լինելու այդ խնդիրները հիմնովին լուծել: Սակայն այլ բան է մեզ տրված լիազորությունները եւ այլ բան է այն քաղաքական կամքը եւ պատասխանատվությունը, որ մենք պետք է դրսեւորենք մեր այս տված խոստումները եւ մեր ծրագրերը իրականացնելու համար»:

ԲՀԿ-ն ունի բավարար անհրաժեշտ քաղաքական կամք` իրականացնելու ավագանու ընտրություններում ներկայացրած իր ծրագիրը, հայտարարեց Թամարա Պողոսյանը:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` արդյոք Երեւանի ավագանում ե՞ւս «Բարգավաճ Հայաստան»-ը հանդես է գալու որպես այլընտրանք, կուսակցության խմբակցության ղեկավարը պատասխանեց. - «Մենք շարունակում ենք մեր կառուցողական մոտեցումը այլընտրանքային մեր սկզբունքների դաշտում»:

Ի դեպ, ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը քննարկում է քաղաքապետի երդմնակալությանը մասնակցել-չմասնակցելու հարցը, որոշումը խոստացան հրապարակել երկուշաբթի օրը:

Ավագանու հերթական նիստը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 10-ին:

Մարգարյանը պատրաստ է լսել քննադատությունները


Նիստից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին:

Անդրադառնալով Փակ շուկայի խնդրին` Մարգարյանը հետեւյալ բացահայտումը արեց. - «Սեփականատիրոջ ցանկությամբ` նաեւ ցանկանում էր, որ բազմաբնակարան շենք կառուցի, արգելվեց այդ կառույցը, եւ ընդհանրապես չի քննարկվել նման նախագիծ, եւ փորձեցինք այդ աշխատանքները մեր կողմից` քաղաքապետարանի կողմից լիազորված իրականացնել, եւ երեկվանից սկսվեց ապամոնտաժման աշխատանքները»:

«Միանշանակ` ովքեր օրենքը խախտեցին, ովքեր փորձեցին մեր Երեւան քաղաքի
Տարոն Մարգարյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Երեւան, 8-ը հունիսի, 2013թ.
Տարոն Մարգարյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Երեւան, 8-ը հունիսի, 2013թ.
ճարտարապետությունը եւ դիմագիծը փչացնել, անպայման օրենքի շրջանակներում պատժի կենթարկվեն», - հայտարարեց քաղաքապետը:

«Պատրաստ ենք լսելու քննադատությունները, քանի որ պատասխանատու պաշտոն ենք զբաղեցնում», - ասաց Մարգարյանը` շարունակելով. - «Բայց քննադատությունները իրականում պետք է նաեւ մեր կողմից ուսումնասիրվի, որը իրատեսական է` պետք է շտկվեն եւ լուծումները գտնեն»:

Հարցին` ընդդիմության ներկայությունը զգացվելո՞ւ է իրենց աշխատանքներում ամեն օր, քաղաքապետը արձագանքեց. - «Ես հետեւյալն եմ տեսնում, որ երբ բնակիչների կողմից, երեւանցիների կողմից ավագանու անդամները ընտրվում են, ավելի զգաստանալու ենք մեր քաղաքացիների առջեւ: Եվ այո, կան Երեւանում դեռ բազում չլուծված խնդիրներ, եւ մենք լուծելու ենք, փորձելու ենք լուծել այդ խնդիրները»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` հուլիսի 7-ից էլեկտրաէներգիայի թանկացմամբ պայմանավորված քննարկվո՞ւմ է արդյոք հասարակական տրանսպորտի ուղեվարձի ավելացման հարցը, Տարոն Մարգարյանը պատասխանեց. - «Դեռ մասնագետները այդ ուղղությամբ աշխատում են, մասնագետների աշխատանքից հետո, տնտեսագետների հաշվարկից հետո նոր մենք հայտարարությամբ հանդես կգանք: Դեռ չի քննարկվում թանկացման առումով, բայց հաշվարկներ են կատարվում, անպայման պետք է հաշվարկները կատարենք, որ հասկանանք` արդյոք թանկանալո՞ւ է, թե՞ չի թանկանալու: Բայց դեռ քննարկում չի եղել»:

Հանրապետության հրապարակում հնարավոր կառուցապատման վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին քաղաքապետը արձագանքեց. - «Մենք ոչ միայն Հանրապետության հրապարակի մասով ենք բաց մրցույթ հայտարարել, երկուշաբթի մենք կհայտարարենք արդեն քաղաքապետարանի դիմացի հրապարակի, Ֆրանսիական հրապարակի, Բրազիլական հրապարակի եւ ծայրամասի մի շարք հրապարակների բաց մրցույթ: Մեր կարծիքն է` մասնագիտական կարծիք է անհրաժեշտ մեր ճարտարապետների կողմից, ովքեր ցանկություն կհայտնեն մասնակցել այդ բաց մրցույթին, եւ պետք չէ միշտ վատը նայել այդ ամենին»:

Մրցույթը կայանալուց հետո չի նշանակում, որ հաջորդ օրն այդ տարածքներում ինչ-որ քայլեր են իրականացվելու, անպայման հաշվի է առնվելու նաեւ երեւանցիների կարծիքը, վստահեցնում է Տարոն Մարգարյանը. - «Լինելու են արկղեր, այդ արկղերի միջոցով բոլոր քաղաքացիներին հնարավորություն է տրվելու դիմում գրել, առաջարկություն ներկայացնել` իրենց առաջարկները Երեւանի համար»:

Մարգարյանը քաղաքապետարանի հայտարարած բաց մրցույթներում վտանգ չի տեսնում: «Եթե վտանգ լիներ, առաջինը կկանխեի», - ասում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG