Մատչելիության հղումներ

Հունիսի 6-ի մամուլ


«Ժամանակ»-ը գրում է. - «Այսպիսով, Սյունիքի մարզպետարանը տեսաերիզի բովանդակությունն ամբողջությամբ ներկայացնում է այն դեպքում, երբ ընթանում է նախաքննություն: Սա նշանակում է, որ մարզպետարան կոչվածը պարզապես թքած ունի նախաքննության կանոնների վրա, օրենքի վրա, ընդ որում` հանդիսանալով պետական մարմին: Սա ավելի շատ վկայում է, որ Սուրիկ Խաչատրյան մարզպետը մարզպետարանը վերածել է պարզապես անձնական օգտագործման բոստանի: Եվ այս ամենից բացի, նաեւ փաստորեն ակնհայտորեն արհամարհվում է զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը, որի ասուլիսից հետո, ըստ էության, հրապարակվում է տեսաերիզի բովանդակությունը, ըստ որում` իհարկե պարզ չէ, թե ինչքանով է այն ամբողջական»:

Նույն հայտարարության, ինչպես նաեւ Զինդատախազի` երեկ ներկայացրած գնահատականների վերաբերյալ «Հրապարակ»-ը գրում է. - «Նախ, չհասկացվեց, թե ինչու չեն հենց այսօր հրապարակում այդ տեսագրությունը: Ապա՝ չհասկացվեց, թե ինչու է նման աննախադեպ ասուլիսով հանդես գալիս զինդատախազը՝ իր ունեցած կամ չունեցած հեղինակությունն ի սպաս դնելով Լիսկայի փրկության գործին: Ի վերջո, մարդ է զոհվել, եւ մարդասպանության մեջ կասկածվողին, մարդասպանության մեջ կասկածվողի հորն արդարացնելն այնքան էլ պատվաբեր գործ չէ: Ինչո՞ւ է երիտասարդ զինդատախազը մտնում այս բեռի տակ: Վերեւից իջեցված հրահանգո՞վ: Իսկ հարց է ծագում՝ «վերեւների» ինչի՞ն է պետք հերթական անգամ Լիսկային փրկելը»:

«Առավոտ»-ի խմբագիրը Սյունիքի մարզպետարանի հայտարարությանը հետեւյալ տեխնիկական բացատրությունն է տալիս. - «Այստեղ կարող է լինել երեք վարկած. դեպքից անմիջապես հետո մարզպետարանի աշխատակիցները հատուկ Կապանից եկել էին Գորիս, դիտել էին տեսագրությունը, որից հետո այն առգրավվել է որպես իրեղեն ապացույց: Կամ՝ նախաքննության մարմինը հրավիրել է մարզպետարանի աշխատակիցներին Երեւան եւ ցույց է տվել առգրավված տեսագրությունը եւ թույլատրել այն նկարագրել պաշտոնական հաղորդագրության մեջ: Կամ ամենահավանականը՝ մարզպետը, որը, իբր, ժամանակավորապես դադարեցրել է իր պարտականությունների կատարումը, թելադրել է իր վարկածը սեփական աշխատակիցներին, որն այնուհետեւ ստացել է հայտարարության տեսք» Ահա այդպես գործի գլխավոր դերակատարներից մեկը, ազատության մեջ մնալով, ազդում է նախաքննության վրա»:

Արձագանքելով Ազգային անվտանգության խորհրդի երեկվա նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, մասնավորապես, ելույթի այն հատվածին, որում նախագահը նշում է, թե Հայաստանը 2012 թվականին աշխարհի 188 երկրների մեջ ամենամեծ տնտեսական աճ ապահոված 21-րդ երկիրն է` «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Փաստորեն մեր Ազգային վիճակագրական ծառայության նկարած թվերին Սերժ Սարգսյանը լուրջ է վերաբերվում: Նա իրոք հավատում է, որ 2 տարվա ընթացքում Հայաստանում կաթի արտադրությունը կրկնապատկվել է: Նա հավատում է, որ եթե շինարարության ծավալները 500 միլիարդ դրամից նվազում են 450 միլիարդի, ապա աճը 0.2 տոկոս է: Բայց սա այդքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ Ադրբեջանում վիճակը շատ վատ է: «Փորձագետներն ադրբեջանական անխուսափելի ֆիասկոյին արդեն 2-3 տարուց են սպասում… Նավթի եւ գազի արդյունահանման քրոնիկ անկման պայմաններում հարեւան պետության իշխանությունները շարունակում են կուտակած միջոցներն այնպես ծախսել, ինչպես չէին կարող ծրագրել անգամ նրանց հակառակորդները», - ասում է Սերժ Սարգսյանը: Ովքեր են այդ փորձագետները, նա չի ասում: Չի ասում նաեւ, թե Ադրբեջանի ֆիասկոն ինչպես է խթանելու մեր տնտեսությունը: Երեւի մեր օլիգարխները տնտեսության ամենաեկամտաբեր ոլորտները վերահսկում են այն պատճառով, որ Ադրբեջանում նավթ կա: Կամ մեր երկրում մարդիկ աղքատ են, որովհետեւ Ադրբեջանում բռնատիրություն է: Կապը այնքան էլ չի երեւում, բայց դե փորձագետներ են էլի, հաշվարկել են ու Սերժ Սարգսյանին համոզել, որ հենց այդպես է»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ: Հարց. - «Սակագների սպասվող փոփոխությունները (էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում 8 դրամով եւ գազի սակագնի ավելացում 24 դրամով) վերջնակա՞ն են, թե՞ դեռ կարող են փոփոխության ենթարկվել»։ Պատասխան. - «Այն թվերը, որ հայտարարել ենք, արտահայտում են հանձնաժողովի աշխատակազմի վերջնական մոտեցումը։ Հանձնաժողովը կլսի հարցը, ամսի 7-ին հանրային լսումներ կիրականացնի եւ կկայացնի իր վերջնական որոշումը»։ Հարց. - «Հանրային քննարկումներն ի՞նչ են տալու, ի՞նչ են փոխելու հանձնաժողովի դիրքորոշման մեջ, եթե, ինչպես նշում եք, ձեր մոտեցումները վերջնական են»։ Նազարյանի պատասխանը. - «Մենք ցանկացած քննարկման ժամանակ բոլոր կողմերի կարծիքը փորձում ենք լսել եւ հաշվի առնել։ Եթե կլինեն հիմնավորված գործնական առաջարկություններ, ապա առնվազն սակագների հաջորդ փոփոխության ժամանակ այդ առաջարկություններն անպայման հաշվի կառնվեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG