Մատչելիության հղումներ

Դոկտ. Չարնին մերկացնում է պրոֆ. Գունտերի Ցեղասպանության ժխտման կեղծարարությունը


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Քանի որ մոտենում է Հարյուրամյակը, թուրք պաշտոնյաներն ու նրանց համախոհներն ավելի նուրբ մոտեցումներ են փնտրում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Գիտակցելով, որ բացահայտ ժխտման իրենց նախկին գործելակերպն այլեւս արժանահավատ չէ, նրանք նախաձեռնել են ավելի կատարելագործված քարոզարշավ, որի նպատակն է բարձրացնել նուրբ հարցեր Հայոց ցեղասպանության մասին՝ կասկածներ սերմանելով անտեղյակ մարդկանց շրջանակներում:

Ես հազվադեպ եմ իմ սյունակում անդրադառնում գրախոսությունների, սակայն այս անգամ չէի կարող անտեսել Երուսաղեմի Հոլոքոսթի եւ ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն, դոկտ. Իսրայել Չարնիի հմուտ մերկացումը պրոֆ. Մայքլ Գունտերի գրքի՝ «Հայոց պատմությունը եւ ցեղասպանության հարցը», որը ներկայացնում է ցեղասպանության ժխտման նորագույն կեղծարարական մոտեցումը:

Ահա որոշ հատվածներ դոկտ. Չարնիի հեգնական գրախոսությունից Գունտերի գրքի մասին.

«Սա ԼԱՎԱԳՈՒՅՆ գիրքն է, որ ես երբեւէ կարդացել եմ, այսինքն սա լավագույնն է աշխարհի բոլոր սարսափելի գրքերի մեջ՝ նվիրված բացարձակ իրողություն հանդիսացող հայտնի ցեղասպանությունների անհեթեթ եւ նողկալի ժխտումներին: Հետեւաբար, սա մի ՍԱՐՍԱՓԵԼԻ աշխատություն է... Սա իմ տեսած լավագույն ԺԽՏՈՂԱԿԱՆ աշխատությունն է, քանի որ այն գրված է հարցերի հանդարտ ու հիմնավոր լուսաբանմամբ, եւ նույնիսկ ավելին, իբր թե հարցերի վերաբերյալ տարբեր կարծիքների ու գաղափարների կարծեցյալ արդար ներկայացմամբ, այլ ոչ թե միակարծիք-ճշմարտության պարտավորեցնող հայտարարություններով:

«Թենեսիի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Գունտերը գիրքն սկսում է Թուրքիայում իր դասավանդման երկարատեւ ժամանակաշրջանի մասին հստակ ինքնախոստովանությամբ-բացահայտմամբ, եւ նույնիսկ, ինչպես ինքն է ասում. - «Ես վաղուց էի ուզում թուրքական տեսակետի անաչառ վերլուծություն ներկայացնել», եւ հստակ փոխանցում է, որ նա մեծապես կողմնակից է Հայոց ցեղասպանության թուրքական ժխտմանը...

«Այնուամենայնիվ, Գունտերը մի ազնիվ ժխտող է, որ շարունակ ոսկորներ է նետում մեզ հանգստացնելու համար եւ դրանով իսկ կարծես ապացուցում եւ փաստում է իր հայտարարած անաչառությունը: Այսպես, այդ նույն թունոտ «Նախաբանում» նա իր գլխավոր ժխտողական հայտարարությանն արագորեն ավելացնում է կոկորդիլոսի արցունքներ. - «Իհարկե, սա ոչ մի կերպ չի արդարացնում թուրքերի կատարած սարսափելի վայրագությունները»:

«Թերեւս ամենաշռայլ գովասանքը, որ կարող եմ անել Գունտերին, այն է, որ ի տարբերություն այլ հանրածանոթ ժխտողների, նա մեջբերում է մեծ թվով մասնագետների եւ գրողների, որոնք առայժմ հրատարակել են հրաշալի լուրջ գրականություն Հայոց ցեղասպանության հաստատման վերաբերյալ, իսկ հայերի կողքին ես կավելացնեի նաեւ այլ ժողովուրդների, մասնավորապես ասորիների, հույների եւ եզդիների ցեղասպանությունները, ինչպես նաեւ Օսմանյան կառավարության սկզբնական քայլերը Պաղեստինում հրեաների հնարավոր ցեղասպանության ուղղությամբ: Ժխտողները սովորաբար Հայոց ցեղասպանությունը հաստատող գրողներից շատ հեռու են մնում, ինչպես ժանտախտից...

«Ինչպե՞ս է մեր խիզախ «անաչառ» գիտնականն ավարտում իր գիրքը: Իհարկե, նա ցանկանում է օգտակար լինել ժխտման դեմ պայքարում, որը սնում է «մշտական վախ եւ վրեժ»: Ուստի նա առաջարկում է ռազմավարություններ՝ սկսած «ցեղասպանության պնդումներով» այդքան մտահոգ «ավելի հարուստ հայկական Սփյուռքի» եւ «Հայաստանի ժողովրդի» պառակտումից եւ «Հայաստանի անմիջական տնտեսական իրողությունից»: Իհարկե, նա ուզում է մեծահոգի երեւալ եւ կոչ է անում Թուրքիային օգնել Հայաստանին նրա տնտեսական խնդիրներում, եւ այսպես հավերժական իրապաշտական քաղաքականությունում` «Թուրքիան կարող է սկսել բաժանել հայկական երկու կողմերը»: Սակայն ամեն ինչ կորած չէ կեղծարարության մեջ: Բարեհոգի Գունտերը ներառում է նաեւ առաջարկություն Թուրքիային՝ բացել Հայաստանի հետ երկար տարիներ փակված սահմանը»:

Չարնին ավարտում է իր սուր գրախոսությունը` խորհուրդ տալով, որ Գունտերի գիրքը «ուսումնասիրեն ժխտողականության բոլոր ուսանողները, դրա` արդար հնչելու, արդար գործելու, տարամետ եւ հակասական տեսակետներ ներառող գիտություն վկայակոչելու, հետեւողականորեն մեղմ խոսելու եւ, իհարկե, արդարության ու խաղաղության կոչ անելու նուրբ հնարքների համար, այդ ամենը թեւաթափ անող, կեղծ, հակապատմական եւ կյանքի հակաարժեքների աշխատանք կազմակերպելու ընթացքում, ինչը պետք է սարսափեցնի յուրաքանչյուր մարդու, ով շահագրգռված է մտավորական եւ գիտական աշխատանքների պարկեշտությամբ եւ մարդկային կյանքի լիիրավ արժեւորումով»:

Չարնին Գունտերի նենգ ժխտողականությանը մի վերջին հարված է հասցնում նրան կեղծ գովասանք անելով. - «Ժամանակին ժխտողներն այնքան կոպիտ եւ բացահայտ խեղկատակներ էին, որ պնդում էին, թե Օսմանյան թուրքական կառավարությունը պաշտպանել եւ խնամել է խեղճ հայ աքսորյալներին՝ Հայաստանից նրանց բռնի տեղահանման ժամանակ... Այժմ ունենք ճանաչված ակադեմիկոսների մի ամբողջ շարք, որոնք գրում են գիտության մեր ժամանակակից լեզվով եւ իրենց տեսակետները հայտնում հանուն բաց քննարկման ու արդարության: Կարելի է շնորհավորել Գունտերին, որ նա այդ խմբում հասել է գագաթնակետին...»:


Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG