Մատչելիության հղումներ

Ջոն Քերրի. «Հավատում եմ, որ կա առաջ շարժվելու ուղի»


Հունիսի 3-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Ջոն Քերրին Վաշինգթոնում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։

Հանդիպման ընթացքում երկու նախարարները, ի շարս այլ թեմաների, քննարկել են Լեռնային Ղարաբաղի համակամարտության կարգավորման հարցը։ Հանդիպումից հետո պետքարտուղարն ու նախարարը կարճ ուղերձներով դիմել են լրագրողներին։

Ջոն Քերրին ասել է, որ անցած ամիսների ընթացում ինքը մի քանի անգամ շփվել է նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Քերրին դրվատանքով նշել է, որ Մամեդյարովը Վաշինգթոնում հանդիպել է Ամերիկայի հրեական կոմիտեին, եւ նրանք հոտնկայս ծափահարություններով են արձագանքել նախարարի հավաստիացմանն առ այն, որ Ադրբեջանը վճռական է հակասեմիթիզմի դեմ պայքարում։

Ապա Քերրին ասել է, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգների կարեւոր գործընկերն է Աֆղանստանում եւ մեծ նշանակություն ունի էներգակիրների փոխադրման հարցում։

Ջոն Քերրին ասել է, որ Իլհամ Ալիեւի հետ զրույցներում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

«Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել Ադրբեջանին եւ Հայաստանին` առաջ շարժվելու ուղի գտնել։ Մենք դրանով ամենայն լրջությամբ ենք հետաքրքրված։ Այն, ինչ բնավ չենք ուզում` վերադարձն է պատերազմին եւ հակամարտությանը», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը։ - «Ես հավատում եմ, որ կա առաջ շարժվելու ուղի, եւ մենք հանգիստ ու համբերատար կշարունակենք ջանքեր գործադրել ու համոզել կողմերին ձեռնարկել փոխադարձ վստահության ամրապնդման միջոցներ, որոնք թույլ կտան շարունակել գործընթացը կամ գտնել այն ճանապարհը, որը կտանի դեպի կարգավորում, հաշվի առնելով վստահության վերաբերյալ մեր մտահոգությունները», - ասել է պետական քարտուղարը։

Քերրիի փոխանցմամբ, կողմերը ժամանակին շատ մոտ էին համաձայնության, սակայն վերջին պահին ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք այն անհնարին են դարձրել։

Պատասխան խոսքում Էլմար Մամեդյարովն ասել է, որ ադրբեջանական կողմը տակավին հավատում է Միացյալ Նահանգների աջակցությամբ այս մարտահրավերները հաղթահարելու, առաջ շարժվելու եւ առավել բարդ խնդիրը` հարեւան Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորելու հնարավորությանը։

«Մեզ ծայրաստիճան անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն հաստատել Հայաստանի հետ, հակամարտության բոլոր բացասական գործոնները թողնել անցյալում եւ նայել դեպի արդյունավետ համագործակցության ու բարիդրացիական հարաբերությունների պայծառ ապագա», - ասել է Մամեդյարովը։

Հարկ է նշել, որ Մամեդյարովի ելույթը շատ զուսպ էր եւ չէր պարունակում հակահայ որակումներ։

Էլմար Մամեդյարովը Ջոն Քերրիին առաջարկել է պաշտոնական այց կատարել Ադրբեջան։ Հրավերն ընդունվել է։ Ժամկետների մասին տեղեկություններ դեռ չկան։

Այսօր երեկոյան Ջոն Քերրին կընդունի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG