Մատչելիության հղումներ

Հունիսի 4-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը, անդրադառնալով Գորիսում տեղի ունեցած ողբերգական միջադեպին, գրում է. - «Երբ վերջերս Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի ընտանիքների միջեւ տեղի էր ունեցել կլանային վենդետայի հերթական արարը, ոստիկանապետը մեկնել էր Գյումրի, հորդորել էր երկու ընտանիքների ներկայացուցիչներին վերջ տալ պատերազմին եւ հանձնել անօրինական զենքերը: Եթե դատենք ռեպորտաժներից, զենքի որոշակի քանակ, այնուամենայնիվ, հանձնվեց: Կարծում եմ` անհրաժեշտություն է հասունացել նման միջոցառումների շարք իրականացնել նաեւ Սյունիքում, որտեղ մարզպետը վաղուց արդեն դարձել է Ռամզան Կադիրովի նման մի կերպար, որը ինչ-որ հարցերում լոյալ է «կենտրոնին», մասնավորապես` ընտրությունների ժամանակ իշխանություններին բերում է «կոմունիստական» 95 տոկոսը, սակայն դրա դիմաց հնարավորություն ունի իր մարզում հաստատելու սեփական բարքերը եւ ոչ մի օրենքի առաջ պատասխան չտալու: Մարզպետը նշանակովի պաշտոնյա է` նա ընտրված պատգամավոր չէ, որ իրավունք ունենա ցանկացած պահի վայր դնել իր մանդատը: Նա չի կարող երբ խելքը փչի հայտարարել, որ ժամանակավորապես չի ցանկանում կատարել իր պարտականությունները: Նա պետք է կամ հրաժարականի դիմում գրի, կամ առանց դիմումի ազատվի իր վերադասի կողմից: Պետական պարտականությունները մարզպետին ի վերուստ տրված շնորհ չեն` դա ծառայություն է, որը նա կատարում է հարկատուների գումարներով»:

Թեման շարունակում է «Հրապարակ»-ը` ընդհանրացնելով. - «Երբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու նրանց շրջապատը գործում էին «բեսպրեդելի» ռեժիմում, մտածո՞ւմ էին արդյոք, որ երկրում «գաղջ» մթնոլորտ են ձեւավորում, թե՞ գաղջ մթնոլորտ ձեւավորողները լրագրողներն են, ովքեր համարձակվում են գրել սրանց «քաջագործությունների» մասին: Հարց է ծագում՝ եթե մամուլը չանդրադառնար «Հարսնաքարի», Գյումրիի, Գորիսի դեպքերին, երկրում մթնոլորտը լուսավոր ու անբի՞ծ կլիներ: Երբ երկրի նախագահը Հանրապետականի կրծքանշանի տակ թաքնված հանցագործներին նախատելու փոխարեն քննադատում է լրագրողներին, նրանց մեղադրում հուսահատության մթնոլորտ ստեղծելու, ամեն ինչ սեւ գույներով ներկայացնելու եւ ըստ այդմ արտագաղթին ու անկմանը նպաստելու մեջ, ի՞նչ պետք է անենք մենք՝ լրագրողներս, որ լիսկաները չկրակեն, նեմեցները չհայհոյեն, վարդանիկները չստրկացնեն»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Փաստորեն 10 տարուց ավելի է, ինչ Սյունիքի մարզում գործում է զինված բանդա, որում ներգրավված են մարզպետի ազգականներն ու թիկնապահները եւ որը, ամենայն հավանականությամբ, գլխավորում է հենց Սուրեն Խաչատրյանը: 10 տարվա ընթացքում այդ բանդայի հանցագործությունների մասին հայկական լրատվամիջոցներում մոտ 800 հրապարակում է եղել, ընդ որում` դրանցում ներկայացվել են հաղորդումներ տարբեր հանցագործությունների մասին (սպանություն, բռնաբարություն կամ բռնաբարության փորձ, կողոպուտ, ահաբեկում, թալան եւ այլն), տարբեր քրեական գործեր են հարուցվել, կառավարական հանձնաժողով է ստեղծվել եւ «տեղում պարզել իրավիճակը» եւ այսպես շարունակ: Այսինքն` Սերժ Սարգսյանը շատ լավ իմացել է, որ իր հարազատ մարզը 10 տարի շարունակ գտնվել է զինված բանդային ճիրաններում եւ, իմանալով հանդերձ, հենց բանդայի պարագլխին է մարզպետ նշանակել ու ժամանակ առ ժամանակ էլ տարբեր մեդալներ տվել»:

«Ժամանակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Լիսկայի շուրջ հերթական աղմուկն արդեն խնդիր է Սերժ Սարգսյանի համար, եւ մեծ է հավանականությունը, որ նա կլուծի այդ խնդիրը: Բայց այդ լուծումը կլինի ընդամենը միկրոլուծում, որը բացի Սերժ Սարգսյանից, որեւէ մեկի համար հազիվ թե լինի օգտակար: Միգուցե սյունեցիները մի քիչ մխիթարվեն, որ ազատվեցին հրեշավոր մարզպետից, բայց այստեղ իրավիճակը պահանջում է լուծել իշխանական համակարգի «զինանոցի» ամբողջական խնդիրը, որպեսզի վաղն էլ, ասենք, Տավուշում կամ Կոտայքում որեւէ մեկը չկրակի: Այսինքն, Սերժ Սարգսյանից կանխարգելիչ լուծումներ են պահանջվում, որ բացի իրենից, ընդհանրապես ամբողջ Հայաստանն օգտվի՝ թեկուզ մի քիչ: Կանխարգելիչ լուծումներն են Հայաստանի շահը, հասարակության շահը, նաեւ Սերժ Սարգսյանի շահը, որովհետեւ պոստֆակտում լուծումների առումով այսօր արդեն հասարակության մոտ գերիշխում է այն կարծիքը, որ այդ լուծումներն ընդամենը քարոզչություն են եւ իրականում ոչ մի կապ չունեն պատասխանատվության համընդհանուր մեխանիզմի եւ օրինականության ու արդարադատության հետ»:

«Ողբերգություն Գորիսում, որ մի օր տեղի էր ունենալու» վերնագրի ներքո «Հայոց Աշխարհ»-ն ամփոփում է. - «Կարելի է, իհարկե, եւ «բդեշխների» ու նմանօրինակ «իշխանիկների» ինչ-ինչ պաշտոնների նշանակել։ Բայց այդ դեպքում հասարակությունն ու պետությունը պարբերաբար ցնցվելու են Գորիսում հունիսի 1-ին կատարվածի նման հանցագործություններից»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG