Մատչելիության հղումներ

Լուիզիանայի նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը


Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Լուիզիանա նահանգի սենատը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ հորդորել ԱՄՆ-ին «աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախությանը»:

Բանաձեւում, որը ներկայացրել է սենատոր Էդվին Մյուրեյը, նշվում է, որ նահանգային օրենսդիր մարմինը «խրախուսում եւ աջակցում է որպես ազատ ու անկախ պետություն զարգանալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերը»:

Բանաձեւով նահանգի օրենսդիրները կոչ են անում Միացյալ Նահանգների նախագահին ու Կոնգրեսին «աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախությանը, կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին, որոնք ուղղված են այդ ռազմավարական կարեւորություն ունեցող տարածաշրջանի անվտանգության հարցերի արդարացի ու տեւական լուծմանը»:

Հարցն առաջ մղելու ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրել Լուիզիանայում Ամերիկայի հայկական խորհրդի նախագահ Վազգեն Ղալթաղչյանը:

Լուիզիանան վերջին երկու տարիներին ԱՄՆ-ի չորրորդ նահանգն է Ռոդ Այլենդից, Մասաչուսեթսից ու Մեյնից հետո, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG