Մատչելիության հղումներ

ԱԱԽ քարտուղարը «փայլուն» է որակում հայ-ռուսական հարաբերությունները


Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան

Լրագրողների հետ հանդիպմանը Արթուր Բաղդասարյանն ամփոփեց ՀԱՊԿ բիշքեկյան ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքները:

«Դեմարշի մասին խոսք լինել չի կարող», - հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կարող էր արդյոք նախագահ Սերժ Սարգսյանի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ոչ պաշտոնական գագաթաժողովին չմասնակցելու որոշումը դիտարկվել որպես բոյկոտ` ի նշան գազի գնի թանկացման:

«Մասնակցության-չմասնակցության մասին վաղօրոք ծանուցվում է: Եվ բոլորը գիտեին, որ Հայաստանում մայիսի 28-ը պետական տոն է, եւ մեր երկրի նախագահը մասնակցում է այդ պետական տոնին», - նշեց Բաղդասարյանը` հիշեցնելով, որ բիշքեկյան հանդիպումը ոչ պաշտանական էր:

ՀԱՊԿ պաշտոնական գագաթնաժողովը, որին նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է, Արթուր Բաղդասարյանի փոխանցմամբ, տեղի է ունենալու այս տարվա վերջին: Իսկ Բիշքեկում կայացած ոչ պաշտոնական նիստին, հիշեցնենք, Բաղդասարյանից զատ, Հայաստանը ներկայացնում էին նաեւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը գնահատում է փայլուն բոլոր մակարդակներում` հերքելով, թե որեւէ լարվածություն կա:

«Գազի գնի բարձրացումը չի հակասում ռազմավարական գործընկերությանը», - վստահեցրեց Բաղդասարյանը. - «Բայց ես կարծում եմ, որ հայ-ռուսական ռազմավարական գործակցությունը գազի սակագնի հետ կապված, դեռեւս փոխադարձ աջակցության մեխանիզմներ կգտնվեն»:

Արթուր Բաղդասարյանը չմեկնաբանեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե ստատուս քվոն անընդունելի է բոլորի համար: Նա ասաց, որ Լեռնային Ղարաբաղի մասին Բիշքեկում ընդունված հայտարարությունում ամեն ինչ ասված է:

Ատագաղթի ծավալները Արթուր Բաղդասարյանին մտահոգում են, բայց միգրացիոն շարժեր, նրա խոսքով, բոլոր երկրներում կան: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագրին, ապա, ըստ Արթուր Բաղդասարյանի, ծրագիրը բոլոր երկրներում է իրականացվում.

«Եթե չիներ այդ ծրագիրը, մարդիկ չէի՞ն գնա Ռուսաստան… Խոսքը քաղաքակիրթ միգրացիայի մասին է: Մեր քաղաքացին պետք է ավելի լավ ապրի տնտեսապես, սոցիալապես իր երկրում, որ չուզենա գնալ», - ասաց նա:

Նախօրեին, հիշեցնենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր անդրադարձել Հայաստանից մարդկանց արտագաղթի ծավալներին` պնդելով թե յոթ տարի անց Ադրբեջանի բնակչության թվաքանակը տասնապատիկ ավելին կլինի, քան Հայաստանինը: Այս առնչությամբ Հայաստանի ԱԱԽ-ի քարտուղարն ասաց` թե Ալիեւի խոսքերը ներքին օգտագործման եւ արտաքին քարոզչության համար են:

Անդրադառնալով իր ղեկավարած «Օրինաց երկիր» կուսակցության երկրորդ անընդմեջ պարտությանը Երեւանի ավագանու ընտրություններում` Արթուր Բաղդասարյանն ասաց. - «Ընտրությունները չեն կեղծվել: Մենք բավարար ռեսուրսների չենք տիրապետել` ֆինանսական ռեսուրսների, վարչական ռեսուրսների` ներդնելու համար այդ պայքարում: Մենք հավաքել ենք այնքան, ինչքան որ հավաքել ենք: Ուղղակի քաղաքային ընտրություններում թաղային հեղինակությունների գործոնը շատ մեծ է: «Օրինաց երկրում» թաղային հեղինակություններ չկան»:
XS
SM
MD
LG