Մատչելիության հղումներ

Աբրահամյանը ընդունեց Մինյոնին


Լուսանկարը` Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության
Լուսանկարը` Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության
Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Այդ մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` այսօր ընդունելով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին:

Աբրահամյանը նշել է, որ Մինյոնի առաջին այցը Հայաստան տեղի է ունենում երկրի համար շատ կարեւոր իրադարձության՝ Եվրախորհրդի նախարարների կոմիտեում նախագահության ընթացքում:

«Եվրոպայի խորհրդում Հայաստանի առաջին նախագահությունը նշանակալի իրադարձություն է մեր երկրի համար: Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար` իր ներդրումն ու մասնակցությունն ունենալ անդամ երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության, համամարդկային արժեքների տարածմանն ուղղված Եվրոպայի խորհրդի օրակարգի ձեւավորման գործում», - ասել է Ազգային ժողովի նախագահը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին` Աբրահամյանը շեշտել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակել խաղաղ ճանապարհով խնդրի լուծմանն ուղղված իր ջանքերը: Նա մեկ անգամ եւս ընդգծել է, որ հայկական կողմը հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափում խաղաղ բանակցային ճանապարհով` հիմնված հայտնի երեք սկզբունքների` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման վրա: «Ադրբեջանը, սակայն, իր ռազմատենչ կեցվածքով գործընթացը տանում է փակուղի, եւ նրա այս դիրքորոշման պատճառով է, որ առաջընթաց չի գրանցվում», - ասել է Ազգային ժողովի նախագահը:

Ժան-Կլոդ Մինյոնը կարեւորել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները: Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ԵԽԽՎ-ի նախագահը նշել է, որ ԵԽ-ի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնած Հայաստանի համար կարեւոր եւ պատմական հնարավորություն է ստեղծվել առաջ մղելու ԵԽ-ի քաղաքական օրակարգը:

Ղարաբաղյան հիմնախնդրի կապակցությամբ Մինյոնը նշել է, որ այն պետք է լուծվի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում եւ Մադրիդյան սկզբունքների հիման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG