Մատչելիության հղումներ

«Ապահով Հայաստանում գազը թանկացնում եք, որ ի՞նչ անեք». ակցիա ՀԾԿՀ-ի դիմաց


«Ապահով Հայաստանում գազը թանկացնում եք, որ ի՞նչ անեք». ակցիա ՀԾԿՀ-ի դիմաց
please wait

No media source currently available

0:00 0:02:21 0:00
«Գազը թանկացավ, հարկեր չենք մուծի», «Ապահով Հայաստանում գազը թանկացնում եք, որ ի՞նչ անեք», «Գազի խողովակները կգլորենք ձորը». այսպիսի բովանդակությամբ պաստառներով էին չորեքշաբթի օրը ցուցարարները հավաքվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) շենքի մոտ, որտեղ հրավիրված էր գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ աշխատանքային քննարկումը: Հանձնաժողովի մուտքը պատ կազմած հսկում էին ոստիկանները:

Հավաքված քաղաքացիները եւ քաղաքացիական ակտիվիստները վրդովված էին. նրանք ժողովրդին կոչ էին անում ըմբոստանալ եւ թանկացման դեպքում չվճարել սպառած գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց:

«Լրիվ թքած ունեն ժողովրդի վրա, այս ի՞նչ է կատարվում »,- բացականչում էին հավաքվածները:

«Եթե երկրի թալանը տեղի չունենա, այդ գումարները հնարավոր է ուղղել եւ գազին. եւ մնացած հարցերին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ցույցի մասնակից Արգիշտի Կիվիրյանը. - «Գազի թանկացումը պայմանավորված է մի քանի հանգամանքով. նախ` Հայաստանի իշխանությունները չեն կարողանում ճիշտ քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ, չեն կարողանում գտնել այլընտրանքային էներգակիրներ, եւ բացի այդ, շարունակելով թալանը, պարզ է, որ տակը չի մնում ռեսուրս այլ բանի ուղղելու համար, պետք է իրենք չթալանեն առկա ռեսուրսները, գործընթացը պետք է լինի թափանցիկ, եւ հասարակությունը պետք է տեղյակ լինի, թե այդ ոնց է գոյանում գազի այս գինը»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը անցած շաբաթավերջին Ազգային ժողովի լսումների ժամանակ հայտարարեց, որ մինչեւ հուլիսի 10-ը գազը կթանկանա 24 դրամով` մեկ խորանարդ մետրի դիմաց ներկայիս 132 փոխարեն սահմանվելով 156 դրամ, իսկ էլեկտրաէներգիան` 8 դրամով: Ակտիվիստները պնդում էին, որ Նազարյանը նման հայտարարությունների իրավունք չուներ, քանի դեռ հանձնաժողովը սահմանված 90-օրյա ժամկետում խնդիրը լայն շերտերի հետ չի քննարկել եւ քննարկումների արդյունքում չի ֆիքսել կոնկրետ գներ:

«Դա հանցագործություն է, երբ դեռ վարույթում է գործը ու պաշտոնյաները որեւէ թիվ են քննարկում կամ հայտարարում», - ասաց Անի Կաղինյանը:

«Պահանջում ենք, որպեսզի ներկայացնեն ռուսական կողմի պայմանագիրը, որի համաձայն գազի գինը բարձրացել է. 20 օր է պահանջում ենք, չկա այդ փաստաթուղթը, ո՞ւր է այդ պայմանագիրը: Բա հոսանքն ինչո՞ւ են թանկացնում: Ունենք ատոմակայան, որը գազի հետ կապ չունի, բա ո՞ւր է գնում ատոմակայանի էներգիան: Ինչո՞ւ պիտի էներգիան գազի հետ թանկանա. սա մնում է հարցերի հարցը», - հարցնում էր «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության ներկայացուցիչ Սիլվա Ադամյանը:

Ի դեպ, տոկոսային հարաբերակցությամբ էլեկտրաէներգիան ավելի շատ է թանկանում, քան գազը: Էլեկտրաէներգիայի գինը բարձրանում է 27 տոկոսով, գազինը` 17:

Սիլվա Ադամյանը նաեւ « Երեւանգազ»-ի նախկին աշխատակից է. - «Ես պայմանագրեր եմ կնքել մարդկանց հետ: Կարող եմ փաստել, որ չունեն մարդիկ գումար: Ձմռանը սառում են, չգիտեն ինչ անեն, վառում են մի 100 հազարի ու այդ գումարը հա էդպես մնում է... Ուղղակի մի բանի վրա եմ զարմանում, մենք այս նախաձեռնությամբ այսքան ելույթներ ենք ունենում, բա այս հասարակությունը չի մտածում այս ձմեռ ի՞նչ պիտի անի: Ես իմ աչքով տեսել եմ, թե գազի աշխատակիցները ինչպիսի կռիվների, տուրուդմփոցների միջոցով են էդ գումարները գանձում, հենց տեսնում են գազի աշխատող է` դռները շրխկացնում են երեսին, բա հիմա ի՞նչ է լինելու: Ժողովո'ւրդ, պատերի տակ մի խոսեք, խնդիր ունեք, կառավարության հետ այդ խնդիրը լուծեք, ինչ եք պատերի տակ նստում, գազի աշխատողն ինչ անի, որ պետությունն այս դիրքորոշումն է որդեգրել», - ասաց Ադամյանը:

«Ես եթե գազ վառեմ, չեմ կարող վճարել, ուրեմն պետք է տունը փակեմ այս երկրից գնամ : Բայց շիրիմ ունեմ, գերեզման ունեմ ինչպես թողնեմ»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց բանակում մահացած մի զինվորի մայր, ով մասնակցում էր ակցիային:

Քաղաքական գործիչներից հանձնաժողով էր եկել ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Իսկ Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին նկատեցինք ցուցարարներից հեռու կանգնած: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ ելք է տեսնում ստեղծված իրավիճակից, պատգամավորը պատասխանեց. - «Հրաժարական. եթե մի քիչ նամուս ունենան, ապա չի կարելի սեփական ժողովրդի վրա այսքան բեռ դնել: Փաստորեն, եթե մոտ 20 տոկոսով թանկանում է գազը եւ 30 տոկոսով հոսանքը, բեռը մեծ առումով ավելանում է 50 տոկոսով: Դա ուղիղ տրամաբանությամբ նշանակում է` բոլոր մնացած ծառայությունների ապրանքները մոտավորապես այդքանով ավելանում են, իսկ դա նշանակում է, քո երկիրը միանգամից, մի հարվածով, մի պայմանագրով 50 տոկոսով աղքատանում է: Ոչ մի լավ բան չեմ տեսնում»:

Մինչ «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության ակտիվիստներին հաջողվեց գնալ քննարկմանը մասնակցելու, դրսում կանգնած քաղաքացիների մի մասը պարբերաբար վիճաբանության մեջ էր մտնում ոստիկանների հետ, որոնք իրենց թույլ չէին տալիս ներս մտնել` պատճառաբանելով դահլիճի փոքր լինելը:
XS
SM
MD
LG