Մատչելիության հղումներ

Մայիսի 29-ի մամուլ


«Գագիկ Ծառուկյանը հերթական «հաճելի» անակնկալը մատուցեց բոլոր նրանց, որոնք փորձում են արդեն ամիսներ շարունակ համառորեն հասարակության ուղեղները լվանալ առ այն, որ Ծառուկյանն ու նրա գլխավորած ԲՀԿ-ն ընդդիմադիր են», - գրում է «Ժամանակ» թերթն ու շարունակում. - «Մի ամբողջ խումբ մարդիկ ամիսներ շարունակ փորձեցին Ծառուկյանին համոզել, որ ինքը Սերժ Սարգսյանի եւ իշխանությունների դեմ պայքարող ընդդիմադիր է: Ծառուկյանը լռեց այնքան ժամանակ, մինչեւ անցան ընտրությունները, որոնք, ի դեպ, բացարձակ հաղթանակներ «ապահովեցին» ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի համար, եւ երբ այլեւս ընտրությունները հետեւում էին, հայտարարեց, որ ինքն ընդդիմադիր չէ եւ չի լինի: Սակայն սրանից հետո էլ այդ մարդկանց խումբը սկսեց հասարակությանը համոզել, որ իրենք Ծառուկյանից ավելի լավ գիտեն, թե նա ինչ քաղաքական կարգավիճակում է, իսկ Ծառուկյանի մերձավոր շրջապատի բավական տհաճ իրավիճակում հայտնված «ընդդիմադիրներն» էլ սկսեցին բացատրել, թե ինչ է նկատի ունեցել Ծառուկյանը՝ նոր մշակույթի ծիրում, իսկ իրականում նա ընդդիմադիր է, ամենաիսկական ընդդիմադիր: Եվ ահա, այս ամենից հետո ԲՀԿ առաջնորդը որոշեց երեւի այլեւս ոչ թե խոսքով, այլ գործով ցույց տալ ինչն ինչոց է եւ Մայիսի 28-ին կանգնեց ամենաիսկական իշխանավորների շարքում` երեւի մտածելով, որ խոսքով որեւէ բան հայտարարելն անզոր է, եւ կրկին համառ մարդիկ շարունակելու են նրան «թարգմանելը»»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ինչպես եւ սպասվում էր, գազի թանկացումից հետո Հայաստանում հակառուսական տրամադրությունները կտրուկ ուժեղացան: Դա միանգամայն արդարացի էր, որովհետեւ ռուսները, մեղմ ասած, լավ չվարվեցին մեզ հետ: Բայց Հայաստանի իշխանությունները որոշեցին նույնիսկ այդ իրավիճակն օգտագործել քարոզչական նպատակներով եւ ակնհայտորեն ուղղորդված քարոզարշավ սկսեցին, որի հիմնական գաղափարը սա էր. - «Սերժ Սարգսյանը, որպես Հայաստանի անկախության նվիրյալ, փորձում է մեր երկիրը դուրս բերել ռուսական կայսրության ճիրաններից, եւ գազի թանկացումն այն գինն է, որը մենք պիտի ազգովի վճարենք հանուն անկախության»: Համաձայնեք` շատ հուզիչ է»: «Հայաստանի այս վիճակի համար ո'չ Ռուսաստանն է մեղավոր, ո'չ Արեւմուտքը. երկու բեւեռներն էլ առաջնորդվում են բացառապես սեփական շահերով: Այս վիճակի համար պատասխանատու են բացառապես Հայաստանի իշխանությունները: Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանին թվում է, թե վերջին 13 տարիների ձախողման համար հրաշալի «ատմազկա» է գտել` կթռնի Արեւմուտքի գիրքը ու կհայտարարի, թե ամեն ինչի պատճառը հենց դա է: Մանավանդ որ Արեւմուտքն այդ դեպքում հաճույքով աչք չփակի ե'ւ Հայաստանի թալանի, ե'ւ փաստացի բռնապետական համակարգի վրա: Իսկ ինքը հանդես կգա անկախության առաջամարտիկի լուսապսակով: Ոչինչ, որ դրա համար Հայաստանը պիտի վճարի: Ընդ որում` չափազանց թանկ, եւ խոսքն ամենեւին էլ գազի մասին չէ», - ամփոփում է թերթը:

«Հայոց Աշխարհ» թերթը զրուցել է ԼՂ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ: Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի մասին` Աթանեսյանը, մասնավորապես, նկատում է. - «Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի վերջին հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է ընդունել հիմնարար սկզբունքները որպես բանակցությունների հիմք։ Պաշտոնական Բաքվի համար դա, պատկերավոր ասած, պարզ երկնքում ամպրոպ էր, որովհետեւ մինչ այդ Բաքուն գոնե քարոզչական մակարդակով շահարկում էր, թե Ադրբեջանն ընդունում է Մադրիդյան սկզբունքները, Հայաստանը՝ մերժում։ Հիմա ադրբեջանական կողմը փորձում է քարոզչական ֆոն ստեղծել, թե դա այնքան էլ այդպես չէ՝ Հայաստանը միայն խոսքով է ընդունում այդ սկզբունքները, գործնականում՝ ոչ։ Զուգահեռաբար Ադրբեջանը գործի է դրել քարոզչական բոլոր հնարավորությունները, որպեսզի հերթական անգամ խեղաթյուրված ներկայացվեն այդ սկզբունքները։ Այսինքն՝ դարձյալ առաջին պլան է մղում «տարածքների դեօկուպացիայի խնդիրը», որից հետո, իրենց ասելով, կարելի է խոսել մյուս սկզբունքների մասին։ Մինչդեռ միջնորդները բազմիցս հայտարարել են, որ կարգավորման հիմնարար սկզբունքները պետք է դիտվեն մեկ ամբողջության մեջ՝ որեւէ սկզբունք գերակա չէ մյուսի հանդեպ։ Այսինքն՝ համաձայնությունը պետք է լինի համալիր, հայկական կողմի համար ընդունելի ձեւակերպմամբ՝ փաթեթային, իսկ արդեն համաձայնությունների իրականացումը՝ փուլային. սա է միջազգային հանրության, համանախագահող երկրների տեսակետը»։

«Առավոտ»-ի հետ զրույցում Սլովակիայի միջազգային քաղաքականության ասոցիացիայի հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Դուլեբան, անդրադառնալով Եվրամիություն կամ Եվրասիական միություն ընտրության հարցի սրման միտումներին, նշում է. - «Դա ձեր երկրի կառավարության ընտրությունն է: Բանակցությունները, որ դուք ավարտում եք ԵՄ-ի հետ, ՀՀ-ի ռազմավարական ընտրությունն է, դա նշանակում է` մաս կազմել ԵՄ միասնական շուկային: Այդ դեպքում երրորդ կողմի հետ ազատ առեւտուրը, օրինակ` Եվրասիական միության դեպքում, անհրաժեշտ կլինի, որպեսզի այդ գործընթացը կոորդինացվի ԵՄ-ի հետ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG