Մատչելիության հղումներ

Մայիսի 28-ը` մեծ դաս հանուն անկախության պայքարող սերունդների համար


Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանի համոզմամբ` մայիսի 28-ը մեծ դաս էր Հայաստանի անկախության համար պայքարող սերունդների համար, «երբ 1918 թվականին բավականին ծանր պայմաններում հնարավոր եղավ վերականգնել հայոց պետականությունը»:

Հայրիկյանը, ով Խորհրդային Միության օրոք շուրջ 17 տարի անցկացրել է բանտերում` պայքարելով Հայաստանի անկախության համար, այսօր առավոտյան Երեւանի Հանրապետության հրապարակում հանդիպել էր լրագրողների հետ:

«Մեր սերունդը անկախության համար պայքարելիս հիշում էր մայիսի 28-ի դասերը, սակայն մի հավելումով` ցավոք, 1918 թվականին եւ դրանից առաջ Հայաստանում չկար որեւէ քաղաքական ուժ, որ պատրաստ լիներ անկախությանը: Մեր սերնդին հաջողվեց, այդ սխալը հաշվի առնելով, պատրաստել մի սերունդ, մանավանդ 1987 թվականից բացահայտ պայքարելով, որը ոչ միայն հոգեբանորեն պատրաստ էր անկախության գաղափարին, այլ ձգտում էր դրան: Մայիսի 28-ի դասերից արդեն մեր ժողովուրդը օգտվել է, եւ դրա արդյունքը կարել է համարել սեպտեմբերի 21-ը», - ասաց Հայրիկյանը:

Հայաստանը այսօր նշում է Հանրապետության տոնը: 95 տարի առաջ այս օրը հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը` այդպիսով շուրջ հինգ ու կես դար ընդմիջումից հետո վերականգվեց հայկական պետականությունը:

Հայոց անկախ պետականության վերականգնումը տեղի ունեցավ հայ ժողովրդի համար բախտորոշ ժամանակահատվածում` Մեծ եղեռնից հետո եւ Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերի ֆոնին, երբ, ըստ էության, որոշվում էր հայ ազգի լինել-չլինելու հարցը:

«Մայիսի 28-ը մեր ազգային խորհրդանիշներից է, իսկ խորհրդանիշը ազգի համար կարեւորագույն երեւույթներից է: Խորհրդանիշը ամփոփում է անցածդ ճանապարհը, նաեւ նախանշում ապագադ եւ դաստիարակչական մեծ նշանակություն ունի սերունդների համար», - ասաց ԱԻՄ առաջնորդը:

Պարույր Հայրիկյանը, ով, հիշեցնենք, փետրվարյան նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուներից մեկն էր, ինչպես հայտնի է, տեւական ժամանակ է Հայաստանում չէր: Հունվարի 31-ի ուշ երեկոյան իր դեմ իրականացված մահափորձից հետո նա բուժվում էր Նիդեռլանդներում եւ Բելգիայում:

ԱԻՄ առաջնորդի դեմ մահափորձը պատվիրելու համար Հայաստանի Ազգային անվտանգության ծառայություոնը մեղադրանք է ներկայացրել նախագահական ընտրություններին մասնակցած մեկ այլ թեկնածուի` էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանին: Վերջինս կալանավորված է եւ հերքում է մեղադրանքը:

Այսօր փորձեցինք հետաքրքրվել Պարույր Հայրիկյանից, թե ինչ կարող է ասել հետաքննության կապակցությամբ: Վերջինս խուսափեց խոսել այդ մասին. - «Չեմ խորանում, դրա մասին հետո կխոսենք, չեմ ուզում հպանցիկ բաներ ասել», - ասաց նա` հավելելով, որ դեռ շատ երկար բուժման կարիք ունի:
XS
SM
MD
LG